Մեր լեռներում թաքնված է մի հազվագյուտ կոթող, որի անունը Գեղարդավանք է: Հավանաբար դու այնտեղ արդեն եղել ես: Այս սրբավայրի մասին բազմաթիվ զրույցներ են հյուսվել, որոնք դարերի խորքից հասել են մեզ:
Ասում են` ազնվատոհմ մի քույր ու եղբայր երազում էին Աստծուն նվիրաբերել աշխարհում իր նմանը չունեցող հրաշք մի տաճար: Երկար որոնումները նրանց բերում են Գեղարդաձոր: Կիրճի գեղեցկությունը հմայում է նրանց. ժայռերին ու քարերին խփվելով` իր ճանապարհն էր հարթում լեռնային արագահոս գետը, իսկ վիթխարի ապառաժները կարծես մխրճվում էին երկնքի կուրծքը:
Այստեղ ծունկի գալով` եղբայրն Աստծուն խնդրում է որևէ նշանով ցույց տալ տաճարի տեղը: Հաջորդ առավոտ արթնանալով` նա տեսնում է, որ իր մուրճը դրված է մի հսկա ապառաժի վրա:
Ու սկսվում է երկարատև և ծանր աշխատանքը. քույր ու եղբայր փորում են ապառաժը և հենց քարի սրտի մեջ կառուցում մի հոյակերտ տաճար: Այն կոչվեց Այրիվանք, քանի որ փորված-կառուցված էր այրերի` քարանձավների մեջ:
Մի այլ ավանդություն էլ պաատմում է հետևյալը. մոնղոլ զավթիչ Լենկթեմուրը` ոտնատակ տալով աշխարհի կեսը, գալիս հասնում է Հայոց աշխարհ` Գեղարդի ձորը, որտեղ հայ քանդակագործ-ճարտարապետ Գալձագը մեկ կտոր ժայռի մեջ քանդակել էր երկու եկեղեցի:
– Հրա՜շք շինություն է` ժայռափոր տաճար,- ասում են զինվորները Լենկթեմուրին:
– Մեր ինչի՞ն է պետք. ո՛չ կարող ենք ավերել, ո՛չ էլ շալակել տանել,- ասում է նա:
– Այստեղ է պահվում Հայոց աշխարհի յոթ ձիաբեռ ադամանդը:
Այս լսելով` Լենկթեմուրի աչքերը փայլատակում են, և նա որոշում է անձամբ հափշտակել այդ հարստությունը: Մոտենում է տաճարին ու ներս մտնում: Մութ տաճարում մի լուսափունջ էր փայլփլում. այո՛, միայն ադամանդը կարող էր այդպես փայլել: Լենկթեմուրը, հազիվ զսպելով ուրախությունը, ձեռքը մեկնում է դեպի լուսափունջը: Բայց, ա՜յ հրաշք, լույսը հանկարծ անհետանում է: Լենկթեմուրը վերադառնում է դեպի մուտքը, իսկ լուսափունջը նորից սկսում է փայլատակել: Եվ երբ ձեռքը մեկնում է, որ վերցնի, այն դարձյալ անհետանում է: Մի քանի անգամ փորձելուց հետո հիասթափված Լենկթեմուրն ասում է.
– Ադամանդափայլ այս տաճարը մարդ միայն պիտի տեսնի ու անցնի:
Դրանից հետո օտարները Այրիվանք-Գեղարդն անվանեցին Տես ու անցիր:
Իսկ լուսափնջի գաղտնիքը ես քեզ համար կբացեմ. ճարտարապետը շարժական մի քար էր սարքել, որի շնորհիվ կեսօրին մի ճեղք էր բացվում: Արևի ճաճանչները, ներս ընկնելով, մթի մեջ այնպիսի՛ լուսափունջ էին կազմում, կարծես ադամանդ էր շողում:
Հետագայում, ավա՜ղ, երկրաշարժից այդ քարը տեղաշարժվեց ու կորցրեց ադամանդափայլ լուսափունջ ստեղծելու իր հատկությունը:
Գեղարդավանքը մեկ անգամ տեսնելով` այն երբեք չես մոռանա ու չես շփոթի ուրիշ վանքերի հետ. այն անկրկնելի է իր խաչքարակիր պատերով, ոսկերչական նրբությամբ փորագրված իր խաչով, դամբարանով ու ժամատնով:
Վանքում շրջելուց հետո, կլվացվես եկեղեցու ներսում, ժայռի տակից բխող բուժիչ աղբյուրի ջրով: