Դարեր առաջ լիճն այս չկար,
Իսկ դաշտից վեր կար մի բլուր,
Բլուրի տակ՝ մի սառն աղբյուր,
Աղբյուրից դեն՝ գյուղն էր մոտիկ,
Կժերն առած՝ հարսն ու աղջիկ
Արահետով ծաղկածիծաղ
Աղբյուր էին գալիս ուրախ։
Այդ աղբյուրի ակունքին կար
Մի կափարիչ՝ մեծ սալաքար։
Աղջիկներից մեկը մի օր
Շատ է լինում մտամոլոր,
Կափարիչը թողնում է բաց.
Ամբողջ գիշեր՝ մինչ լուսաբաց,
Ջուրն է հոսում քիչ-քիչ, քիչ-քիչ,
Գոյանում է հսկա մի լիճ.
Ով չգիտի, թող իմանա՝
Դա հենց լիճն է մեր Սևանա։
Սուրեն Մուրադյան
Գիտե՞ս՝ ծաղկածիծաղ նշանակում է ծաղիկներով զարդարված։
Երբ ճանապարհը մոտենում է Սևանա լճին, թվում է, թե հենց ա՛յս հերթական բլրի գագաթից կերևա լիճը, բայց ամեն անգամ նա հայտնվում է անսպասելի ու… շլացնում է իր գեղեցկությամբ։
Սևանը շրջապատված է բարձր լեռներով և թվում է՝ կապույտ երկնքի մի կտոր իջել, տեղավորվել է լեռների մեջ։ Սևանի գույնն անկրկնելի է. այն մշտապես փոխվում է՝ կախված լճի տրամադրությունից։ Եթե օրն արևոտ է, ու քամի չկա, լիճը փիրուզագույն է կամ արտացոլում է երկնքի բաց կապույտը։ Եթե եղանակն ամպոտ է, Սևանն էլ մռայլ է՝ թավ մոխրագույն և ալեկոծված։
Լճի լազուր ջրերում լողում են ճերմակ առագաստանավերը, ամպերը դանդաղ իջնում են դիմացի սարերից, հեռվում՝ թերակղզու վրա, հպարտորեն վեր են խոյանում երկու գողտրիկ եկեղեցիներ՝ Սուրբ Առաքելոցը և Սուրբ Աստվածածինը։ դրանք կառուցվել են 9-րդ դարում։
Ի դեպ, Սևանի կղզին, որը ժամանակին չորս կողմից շրջապատված է եղել ջրով, այսօր թերակղզի է. այն մի նեղ ճանապարհով միանում է ափին։ Նեղլիկ աստիճանները զբոսաշրջիկներին և ուխտավորներին տանում են դեպի վեր՝ դեպի եկեղեցիներ:
Եթե մի գիշեր անցկացնենս Սևանի ափին, ապա կտեսնես, թե ինչ գեղեցիկ է, երբ լուսինն արտացոլվում է Սևանի մութ ջրերում ու հանդարտ օրորվում ալիքների վրա։