Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հեռավորության վրա, մի հնավայր կա՝ Քարահունջը:
Գիտնականները կարծում են, որ Քարահունջը հազարամյակների պատմություն ունի: Ստույգ չէ, թե այս վայրը հնում ի՛նչ նշանակություն է ունեցել, բայց հիմնավոր գիտական վարկածներից մեկն այն է, որ հնավայրն աստղադիտարան է եղել՝ համահունչ այն ժամանակվա մարդու մտքի ողջ թռիչքին։
Երբ հայտնվում ես Քարահունջում, անսովոր զգացողություններ ես ապրում: Զգում ես, որ այդտեղ առանձնահատուկ շունչ կա…
204 մեծ քար` մոտ 3 մետր բարձրության, կանգնած են բաց տարածքում, ասես դեպի երկինք են նայում, ասես աչքեր ունեն (նրանցից շատերի մեջ անցքեր կան փորված):
Ինչպես նշեցինք, ասում են` Քարահունջը հնագույն աստղադիտարան է եղել։ Հայկական լեռնաշխարհի բնակիչներն այստեղի՛ց են հետևել Տիեզերքին, ուսումնասիրել այն։
Ի՜նչ իմանաս, գուցե տարիներ հետո մարդիկ բացահայտեն հնագույն առեղծվածները, որոնք շատ են մեր մոլորակի վրա:
Եթե իմանաս, թե ինչքա՜ն հետաքրքիր, զարմանալի չբացահայտված հրաշալիքներ կան աշխարհում: Թե հաշվե՜նք… հազարից էլ կանցնեն: Այնպես որ մեր ճամփորդությունն աշխարհի հրաշալիքներով շարունակվելու է: