Ինչու՞ է ծիածան լինում

Անձրևի տակ վազվզելիս ու ջրափոսերում չլմփացնելիս ասես ցնցուղի տակ լինես, բայց ավելի հաճելի է…

Մայրիկի ականջից հեռու:

Շուրջդ անձրևի բույրն է` թաց խոտի, հողի բույրը, մաքրության, թարմության բույրը… Զգացե՞լ ես:

Ահա անձրևը կտրվեց: Շողաց արևը: Եվ հանկարծ ինչ-որ մեկն ուրախ բացականչեց.

– Ծիածա՜նը, ծիածա՜նը…

Իրոք, երկնակամարում հայտնվել է բնության ամենագեղեցիկ հրաշքներից մեկը:

Որտեղի՞ց առաջացավ, ո՞վ պատրաստեց:

Արևի լույսը մեզ թվում է սպիտակ: Բայց իրականում այն կազմված է 7 գույնից: Երբ նրա ճառագայթներն անցնում են օդի միջով, մենք դրանք տեսնում ենք որպես սպիտակ լույս: Բայց երբ դրանք անցնում են անձրևի կաթիլների միջով, մասերի են բաժանվում, ցրվում են և արտացոլվում երկնքում` գույնզգույն կամարի տեսքով: Այսպես՝ արևի շողերի ու անձրևի կաթիլների հանդիպումից է ծնվում ծիածանը:

Բնությունն իսկական հրաշք է, համաձայն չե՞ս:

Մի գաղտնիք էլ կա. ծիածանը հայտնվում է ոչ թե անձրևից հետո, այլ անձրևի ժամանակ: Պարզապես այդ պահին անձրևը ոչ թե մեզ մոտ է լինում, այլ մեզնից քիչ հեռու: Շողում է արևը, իսկ մենք այդ պահին գտնվում ենք արևի ու անձրևի արանքում: Եվ երբ արևին մեջքով ենք կանգնում, իսկ դեմքով` դեպի անձրևը, ծիածան ենք տեսնում:

Պատահում է, որ երկնքում միանգամից երկու ծիածան է հայտնվում. մեկը` թույլ, մյուսը` ավելի վառ: Դա լինում է հազվադեպ, երբ արևի ճառագայթը կրկնակի է անդրադառնում անձրևի կաթիլների մեջ:

Կարելի է տեսնել նույնիսկ երեք, չորս, անգամ հինգ ծիածան… Այդպիսի բան կհանդիպես մեծ գետերի, ջրվեժների մոտ:

Ծիածան կարելի է տեսնել նույնիսկ գիշերով, երբ անձրևից հետո փայլում է լուսինը: Լուսնի աղոտ լույսի ներքո ծնվում է լուսնային ծիածան՝ իհարկե, ոչ այնքան պայծառ, որքան ցերեկայինը, բայց դարձյալ գեղեցիկ…

Հաճա՛խ նայիր երկնքին: Բաց մի՛ թող հրաշքներ տեսնելու հնարավորությունը…

Հավանեցի՞ր. տարածիր