Երաժշտական գործիքներ

Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծություններից

Ջութակ

Չորս լարով եմ խոսում, հնչում,

Ձայնս՝ մի քիչ թախծահնչյուն,

Մեղեդիներն իմ սրտահույզ

Ներշնչում են հավատ ու հույս.

Մրմունջների պես աղոթքի

Լուսավորում եմ ձեր հոգին։

Թավջութակ

Եղբայրն եմ ես ջութակի,

Անդամը նույն ընտանիքի,

Հատուկ ձայնով իմ թավ

Ունեմ ուրիշ անուն, համբավ։

Բայց մի բանով հաստատ նույնն ենք.

Երկուսս էլ չորս լար ունենք.

Եվ լինենք բաս, լինենք տենոր,

Գործիքներ ենք աղեղնավոր։

Թառ

Աշուղների ընկերն եմ ես՝

Պարզ ու հասարակ,

Նրանց հետ եմ միշտ շրջում ես

Գյուղեր ու քաղաք…

Ուրախացնում մարդկանց տխուր

Նվագ ու երգով

Եվ սպասված հյուր եմ բոլոր

Հարկերի ներքո։

Քամանչա

Առվի կարկաչ, շշուկ հովի,

Ալեբախում կապույտ ծովի,

Հյուսված եմ ես հավերժորեն

Անվանը մեծ Սայաթ-Նովի:

Կիթառ

Ես կիթառ եմ, ես կիթառ եմ,

Ծնված օրից սիրահար եմ,

Ջահելների սրտերում՝ երգ,

Հավաքներում ամենուրեք

Նրանց հետ եմ միշտ անբաժան՝

Ընկերոջ պես անդավաճան։

Ֆլեյտա

Ֆլեյտան եմ, փայտափող եմ,

Թավշահնչյուն երգի տող եմ,

Կարող եմ և ազատ շնչել,

Դառնալ ուժգին, սուր ու հնչեղ…

Եվ որպեսզի շատ սիրեք ինձ,

Պատրաստվում եմ արդեն, գիտե՞ք,

Նաև ազնիվ մետաղներից։

Շրթհարմոն

Ես փոքրիկ եմ՝ թիզ ու կես,

Բայց անուշ ձայն ունեմ ես,

Համբույրներով ձեր շրթի

Երգ եմ հանում իմ սրտից…

Սաքսոֆոն

Մետաղափող գործիք եմ ես,

Սաքսն է ինձ կյանք պարգևել,

Ջազում, գիտեմ, գերում եմ ձեզ՝

Ձայնով իմ թավ ու հյութեղ։

Ասեմ նաև՝ յոթ եղբայրներ

Նույն անունով ենք կոչվում,

Սակայն ձայներ ունենք տարբեր,

Տարբեր ռիթմով ենք հնչում։

Սրինգ

Փայտափող է մի հասարակ,

Բաղձալի հյուր է ամեն տեղ.

Նրան բլուլ կոչեց սիրով

Կոմիտասը մեր հանճարեղ։

Նրանով մեր երգը տարավ

Եվրոպական բեմերը մեծ,

Ձայնով իր տաք ու դյութական

Հազարների սիրտը գերեց…

Զուռնա

Ես զուռնան եմ՝ ձայնս սուր ու ճչացող,

Ուրախ, աշխույժ հանդեսների ձեզ կանչող.

Փայտափող եմ՝ ծիրանենի, տանձենի,

Բայց դե առանց կոկորդ ո՞վ ձայն կհանի…

Իմ կոկորդը, ինչով երգում եմ, շնչում,

Եղեգնից է. նրան պիպիչ են կոչում։

Դուդուկ

Դուդուկն եմ ես ծիրանափող՝

Հին դարերից ծնունդ առած,

Բարություն ու սեր ներբողող,

Աչքս բարու ճամփին հառած։

Հյուսված հայի խինդ ու վշտին՝

Տխրել եմ և ուրախացել,

Այնքան փարվել նրա շրթին,

Որ հայացել, հայ եմ դարձել…

Կլառնետ

Սրինգից եմ ես ստեղծվել,

Ես գործիք եմ մի շատ պարզ,

Կլառնետ են ինձ էլ կոչել,

Փողս՝ փայտե, եռամաս։

Կտուցաձև իմ ծվանին

Մի պիպիչ էլ ես ունեմ,

Որ իմ հոգուց ձեզ արժանի

Մեղեդիներ նվիրեմ…

Դաշնամուր

Ստեղներս՝ ճերմակ, սև,

Հնչյուններս՝ քաղցրալուր.

Դուք բոլորդ ինձ գիտեք.

Իմ անունն է դաշնամուր։

Եվ այս մե՛կն էլ հիշեցեք՝

Որպես հարգանք իմ անձին.

Բեմերում միշտ՝ փոքր ու մեծ,

Ես տեղ ունեմ առանձին։

Ակորդեոն

Ակորդեոնն եմ օդահունչ,

Լեզվակավոր, բազմատոն,

Ինձ և՛ բայան են կոչում,

Ե՛վ անվանում են հարմոն։

Մե՜ծ, տրոփող սրտի պես

Երգ ու տաղ եմ բաշխում ձեզ։

Երգեհոն

Երգեհոն եմ, երգեհոն եմ,

Բազմափող ու բազմաստեղն,

Որտեղ որ կամ, երգի տոն է,

Հնչյունների տոն է շքեղ…

Մեղեդիներն իմ բազմաձայն՝

Ծովածավա՜լ, անա՜փ, անհո՜ւն,

Ելևէջող հեքիաթների

Աշխարհներ են մարդկանց տանում։

Ծնծղա

Ձուլված պղինձ ու անագից՝

Ափսեներ ենք մենք երկու,

Եղբոր նման իրար գալիս,

Ծափ ենք տալիս զրնգուն։

Մեր զնգոցը լսվել է դեռ

Այն օրերին հեռավոր,

Երբ որ Հայկը Բելին զարկեց

Նետ-աղեղով իր հզոր…

Այո՛, շա՜տ վաղ ենք արարվել,

Եվ մի բան էլ ասեմ ձեզ.

Ոչ մի հանդես չի կատարվել,

Տոն չի՛ նշվել առանց մեզ։

Դափ, դահիրա

Ես էլ դհոլ եմ կիսված,

Ունեմ կաշվե մի երես…

Ներսից՝ բոժոժ-օղերով,

Դրամներով զարդարված։

Դափ խփողի ափի հետ

Զնգզնգում եմ ծափի հետ,

Ձեռքերի մեջ թռչկոտում,

Ասես պարում եմ օդում

Ջահելի պես թռվռուն,

Ես՝ ձեր ընկեր դահիրան…

Տավիղ

Տավի՜ղ, տավի՜ղ, դու բազմալար,

Հնչյունների հրաշք աշխարհ,

Հին դարերից հասած դու մեզ,

Քաղցր ձայնով, անուշ ու հեզ՝

Հոգեզմայլ ու հոգեծին…

Տավի՜ղ, տավի՜ղ,

Քեզ ի՜նչ ձեռքեր ստեղծեցին,

Ի՜նչ հոգի են քո մեջ դրել,

Որ հմայում, որ գերում ես

Փոքր ու մեծին՝ դարե՜ր, դարե՜ր…

Դհոլ

Ծառի բուն եմ ասես հատած,

Գլանաձև թմբուկ եմ ես,

Այծի կաշվով դեմքս պատած,

Որին պիտի փայտով թակես

Կամ մատներով նուրբ, սրտագին,

Եվ այդ դեպքում, հավատացե՛ք,

Ես նոր գույներ, հմայք կտամ

Դուդուկ-զուռնի ջերմ նվագին…

Քանոն

– Ես սիրում եմ գրիչ, կարկին,

Նաև քանոն…

– Ես՝ քանոնի ջերմ մեղեդին,-

Ասաց Անոն։

– Ի՞նչ մեղեդի,- Նարեկն ասաց,-

Քանոնն այդ ե՞րբ է նվագում,

Չեմ կարդացել ոչ մի գրքում։

Եվ սկսվեց քույր-եղբոր մեջ

Աղմուկ ու վեճ…

Մայրը լսեց ու մոտեցավ,

Ինչ են վիճում, երբ իմացավ,

Նրանց դարձավ.

– Կա, իսկապես, երկու քանոն,

Մեկը գործիք է լարավոր՝

Կսմիթային նվագարան,

Մյուսը՝ պիտույք գրենական,

Սակայն, հիշե՛ք, երկուսն էլ շատ

Կարևոր են ու պետքական։

Ուդ

Ուդ եմ, ուդ եմ,

Ես գործիք չեմ սովորական,

Հոգիներում հույս ստացող

Սուրբ ծնունդ եմ…

Սոսափներից հանդ ու արտի

Մեղեդիներ, երգեր հյուսող,

Թևող հավք եմ, թուխ արտույտ եմ.

Ես բարություն, սեր ներբողող

Երգող սիրտ ու ժողովուրդ եմ…

Հավանեցի՞ր. տարածիր