Պաղպաղակ

Չզարմանաս, բայց մեր սիրելի պաղպաղակն անցյալում արգելված էր երեխաներին։ Մայրիկները վստահ էին, որ այդքան շատ սառույցը, այն էլ շաքարով, վնասակար է երեխաների փորիկների համար: Եվ պաղպաղակ ուտում էին միայն մեծահասակները: Պատկերացնո՞ւմ ես խեղճ երեխաների հայացքն այդ պահին…

Պաղպաղակը մոտ 5000 տարվա պատմություն ունի. անհավատալի է, չէ՞: Այն հնարել են Չինաստանի կայսրերը. նրանք ուտում էին սառույցով և մրգահյութով պատրաստված մի համեղ զովացնող քաղցրավենիք, որը փաստորեն մեր սիրելի պաղպաղակի նախա-նախապապիկն է:

Դարեր առաջ պաղպաղակը պալատական ուտելիք էր։ Միայն հարուստներն ու թագավորները կարող էին իրենց նման հաճույք թույլ տալ. չէ՞ որ այն ժամանակ սառցարան չկար: Պետք էր հեռավոր լեռներից սառույցն այնքան արագ տեղ հասցնել, որ չհասցնի հալչել: Բացի այդ, պաղպաղակը պատրաստում էին ձեռքով. անհրաժեշտ մթերքները ձեռքով խառնում ու հարում էին այնքան, մինչև դառնար պաղպաղակ:

Ասեմ նաև, որ պաղպաղակը պատրաստվում էր սառույցից, թարմ մրգահյութից, մեջը կաթ և մեղր կար, բայց պատրաստման եղանակը խիստ գաղտնի էր պահվում:

Մոտ չորս հազարամյակ հետո պաղպաղակը հազիվ հասավ Եվրոպա: Եվ գիտե՞ս ինչպես. մոնղոլ խանը ճանապարհորդ Մարկո Պոլոյին պաղպաղակի բաղադրատոմս նվիրեց. դա շա՜տ արժեքավոր նվեր էր:

Եվրոպայում անմիջապես սիրեցին պաղպաղակը. հարուստների ճաշկերույթների վերջում անվանի հյուրերին մեծ հանդիսավորությամբ պաղպաղակ էր մատուցվում: Իսկ խոհարարները երդվում էին գաղտնի պահել պատրաստման եղանակը:

Մոտ 500 տարի առաջ Փարիզում վերջապես սկսեցին պաղպաղակ արտադրել բոլորի համար: Բայց պատրաստման եղանակն էլի պետական գաղտնիք էր:

Իսկ 200 տարի առաջ նույն Փարիզում բացվեց մի սրճարան, որտեղ պաղպաղակ էին մատուցում: Եվ այդ սրճարանն աշխատում է մինչ օր, պատկերացնո՞ւմ ես:

«Էսկիմո» պաղպաղակը հորինել է ֆրանսիացի մի հրուշակագործ: Քանի որ այն  վաճառվում էր կինոթատրոնում՝ էսկիմոսների մասին մի ֆիլմի ընթացքում, անունը դրեցին «էսկիմոսի կարկանդակ»: Կարկանդակ բառն աստիճանաբար մոռացվեց, և փայտիկով շոկոլադապատ պաղպաղակի անունը մնաց «Էսկիմո»:

Հնագույն պաղպաղակը մեր իմացած պաղպաղակներից շատ էր տարբերվում էր իր տեսքով, համով, պատրաստման եղանակով:

Պաղպաղակը ոչ թե սնվելու, այլ վայելելու համար է:

Հավանեցի՞ր. տարածիր