Դեռ հին ժամանակներում Հայաստանում նույնպես կառուցվել են հետաքրքիր ու գեղեցիկ կամուրջներ: Դրանցից ոչ բոլորն են պահպանվել մինչև այսօր: Մեր կամուրջները հիմնականում տուֆից ու բազալտից են եղել: Հայկական կամուրջներն արժեքավոր են ոչ թե նրանով, որ ճոխ են ու շքեղ, ինչպես աշխարհի շատ կամուրջներ, այլ նրանով, որ հին են, շա՜տ հին: Իսկ հնությունն արդեն մեծ արժեք է: Եվ պետք է պահել-պահպանել այդպիսի հարստությունը:
Քարավազի կամուրջը (Խուդափերին) Արցախի հին կամուրջներից մեկն է: Կառուցված է 13-րդ դարում, Արաքս գետի վրա:
Լոռի բերդի կամուրջը գտնվում էՍտեփանավանից ոչ հեռու՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Այն կամարակապ շատ հին կամուրջ է, որի ձախ կողմում՝ ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ կան:
Ջարվանեսի կամուրջը Արցախի մյուս գեղեցկուհի կամուրջն է: Այն Տումի վտակի վրա է կառուցված: Շատ բարակ է, բայց շատ ամուր, այնպես որ մինչև այժմ կանգուն է:
Սանահինի կամուրջը 12-րդ դարում է կառուցվել, Դեբեդ գետի վրա: Սա մեր ամենալավ պահպանված ու կարևոր կամուրջներից մեկն է:Երևանի Կարմիր կամուրջը նույնպես հին է և կիսավեր վիճակում, բացի այդ՝ տարածքը բավական աղտոտված է: Այս կամուրջն ավերվում է ոչ թե հնությունից, այլ մարդկանց անփութության պատճառով: