Կոնկորդ

Մարդը շարունակ ձգտում է ստեղծել նորն ու ավելի կատարելագործվածը: Օրինակ՝ կարո՞ղ ես պատկերացնել, որ օդանավը կարող է թռչել ձայնից արագ: Կա այդպիսի մի օդանավ, և նրա անունն է…

«Կոնկորդը», արդեն մի քանի տարի է, սուրում է երկնքում և համարվում է արագության և շքեղության խորհրդանիշ: Այնքա՜ն գեղեցիկ ու տպավորիչ է, երբ այս օդանավը երկինք է բարձրանում կամ վայրէջք կատարում:

Մոտ 40 տարի առաջ անգլիացի և ֆրանսիացի ինժեներներ 7 տարվա ընթացքում ստեղծեցին գերարագ «Կոնկորդը»: Այն թռիչքի ժամանակ հասնում-անցնում է ձայնային ալիքներին, պատկերացնո՞ւմ ես: Հենց այդ պահին երկնքում հզոր պայթյունի ձայն է գալիս, ասես ուժեղ ամպրոպ լինի:

Առաջին «Կոնկորդն» օդ բարձրացավ Ֆրանսիայում: Մինչև ուղևորներ տեղափոխելը՝ մասնագետներն այն փորձարկել են 5 հազար ժամ: Աշխարհում ոչ մի օդանավ այդքան շատ չի փորձարկվել:

«Կոնկորդը» նեղ է՝ 100-տեղանոց: Նրա սուր քիթը թռիչքի և վայէջքի ժամանակ կարողանում է թեքվել դեպի ներքև: Օդանավի երկարությունը 62 մետր է, թևերի բացվածքը՝ 25 ու կես մետր: Թռչելիս հասնում է ավելի քան 18 հազար մետր բարձրության: «Կոնկորդը» Լոնդոնից և Փարիզից թռչում է Նյու Յորք: Ռեկորդային թռիչքը Նյու Յորքից Լոնդոն տևել է ընդամենը 2 ժամ 54 րոպեի:

«Կոնկորդը»  ժամանակակից հրաշալիք է, բայց այն շահութաբեր չէ. արտադրվել է մինչև 1979 թվականը: այսօր արդեն կան այլ ինքնաթիռներ, որոնք ավելի պակաս աղմկոտ են, ավելի շատ ուղևորներ են տեղափոխում:

Հավանեցի՞ր. տարածիր