Ամերիկայի իսկական տերերը

Ամերիկյան մայրցամաքի իսկական տերերը հնդկացիներն են: Նրանք այստեղ ապրել են հնագույն ժամանակներից: Սա նրանց հայրենիքն է: Բայց երբ եվրոպացիները հայտնաբերեցին Ամերիկան, այնքան հիացան նրա հողուջրով, որ ցանկացան նվաճել այն: Եվ սկսեցին մաս-մաս գրավել ու իրենցը դարձնել Ամերիկան: Իսկ ի՞նչ եղան այս հողի իսկական տերերը՝ ազատասեր հնդկացիները: Նրանք չէին ցանկանում հեռանալ իրենց սիրելի տարածքներից, բայց եվրոպացիները ուժով, զենքով ու բռնությամբ խեղճերին քշեցին հայրենիքից և խլեցին նրանց հողերը: Այդ պայքարը կոչվեց սպիտակների և կարմրամորթների պատերազմ, քանի որ եվրոպացիների մաշկի գույնը սպիտակ էր, իսկ հնդկացիներինը՝ կարմրավուն:

Հպարտ, խիզախ ու ազնիվ են հնդկացիները: Նրանք ապրել են ցեղախմբերով: Ամեն ցեղախումբ ուներ իր անունը, իր սովորույթները և առաջնորդը: Հնդկացիները սիրում ու ենթարկվում էին իրենց առաջնորդին, որը ցեղի ամենաբարի, ամենաիմաստուն ու արդար մարդն էր համարվում:

Հնդկացիներն անչափ կապված էին բնությանը: Նրանք ապրում էին անտառներում՝, կենդանիների ու թռչունների հետ կողք կողքի: Նրանք հասկանում էին բնության լեզուն, ճանաչում էին բոլոր հետքերը, բոլոր ձայները: Հնդկացիները երբեք վնաս չէին հասցնում բնությանն ու կենդանիներին, անգամ վայրի կենդանիներին սպանում էին միայն այն դեպքում, երբ նրանք հարձակվում էին իրենց վրա:

Կարդացե՞լ ես՝ աշխարհի հրաշալիքներ Մաչու Պիկչուի, Չիչեն Իցայի մասին, որտեղ ապրել են հնդկացիները: Դու հաստատ զարմացել ես, թե նրանք դեռևս հին ժամանակներում ինչպիսի՛ շինություններ ու քաղաքներ են ունեցել: Հնդկացիներն ունեցել են իրենց օրացույցը, ուսումնասիրել են երկինքն ու որոշակի գիտելիքներ ունեցել Տիեզերքի մասին: Իսկ ինչն իրենց անհասկանալի է եղել, վերագրել են ոգիներին ու հեքիաթային պատմություններ հյուսել նրանց մասին:

Հնդկացիները՝ կին թե տղամարդ, երկար վարսեր են ունեցել, որոնք զարդարում էին արծվի կամ անգղի փետուրներով, իսկ ճակատներին ժապավեն կապում: Պարանոցից զանազան խորհրդանիշներով զարդեր էին կախում և հավատում էին, թե դրանք պահպանիչ զորություն ունեն: Նրանց զենքը նետ ու աղեղն էր, նիզակը և տոմահավկը, որ նետելով հարվածելու կացնանման զենք էր: Նրանք անաղմուկ էին շարժվում բնության մեջ՝  հատուկ ոտնամանների՝ մոկասինների շնորհիվ: Մոկասինը եզան կաշվից կարված մաշիկ էր, այն ասեղնագործում էին ու զարդարում գույնզգույն ուլունքներով: Հնդկացիների հագուստը հնում մորթուց էր պատրաստված, իսկ ավելի ուշ նրանք էլ սկսեցին հագնել տաբատ, վերնաշապիկ, երկար շրջազգեստ` գույնզգույն կտորներից, ասեղնագործած ու նախշազարդած:

Հնդկացիներից շատերն արծվաքիթ են և այդ թռչունի նման վայրի վեհություն ունեն:

Ծագող Արև կամ Օցեոլա, Սուր Աչք, Արդար Ձեռք, Ոստոստան, Անսանձ Ձի, Կարմիր Թռչուն, Նստած Ցուլ. նման հետաքրքիր անուններով էին հնդկացիները կոչում իրենց ցեղի մարդկանց: Անունները բնորոշում էին իրենց տիրոջը, բնութագրում նրան:

Հավանեցի՞ր. տարածիր