Օդապարիկներ և դիրիժաբլներ

Հազարավոր տարիներ առաջ մարդը նայում էր երկնքին, հիանում թռչունների ճախրանքով ու մտածում` ինչպես անի, որ ի՛նքն էլ զգա, թե ինչ բան է թռիչքը… Մարդը մտածում, չարչարվում, տարբեր փորձեր էր անում, սարքեր հորինում, որոնցով օդ բարձրանալ: Բայց բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում:

 Իհարկե, գազով փուչիկը քեզ ծանոթ է: Հազար անգամ տեսել ես ու մի հարյուր անգամ էլ ձեռքիցդ բաց թողել այն… Փուչիկը բարձրացել է վե՜ր, վե՜ր, դու նայել ես հետևից ու զարմացել, թե ինչքա՜ն բարձր կարող է թռչել այն…

«Դեպի վեր» մուլտֆիլմում շա՜տ մեծ քանակությամբ թռչող փուչիկները նույնիսկ ծանր տունն էին օդ բարձրացնում. դրանք իրականում կատարում էին հսկա օդապարիկի դեր: Այո՛, հսկա օդապարիկն իրոք կարող է մարդկանց և ծանր իրեր բարձրացնել: Կուզեի՞ր օդապարիկով ճամփորդել:

Մուլտֆիլմում օդապարիկի նման մի ուրիշ թռչող սարք էլ դու տեսար: Այն կոչվում է դիրիժաբլ:

Առաջին օդապարիկը: Միայն այն բանից հետո, երբ հայտնաբերեցին, որ տաք օդն ավելի թեթև է, քան սառը, և որ կան օդից էլ թեթև գազեր (դու գիտեի՞ր այդ մասին), մարդիկ հորինեցին օդապարիկը: Դա 18-րդ դարում էր: Պատրաստեցին թղթե պինդ գունդ, մեջը տաք օդ լցրին, նրան ամրացրած զամբյուղի մեջ մի աքլոր, մի ոչխար ու մի բադ դրեցին և թռցրին: Օդապարիկն օդ բարձրացավ և անվնաս վայրէջք կատարեց: Համոզվելով, որ օդ բարձրացած կենդանիները ողջ-առողջ են, մարդիկ էլ համարձակվեցին թռչել: Եվ օդապարիկներով թռիչքները դարձան ավելի ու ավելի հաճախակի: Սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկների մեջ արդեն լցնում էին ոչ թե տաքացրած օդ, այլ ջրածին, որն առավել թեթև է:

Առաջին դիրիժաբլը: Բայց օդապարիկը կարծես խաղալիքը լիներ քամու ձեռքին. թռչում էր այնտեղ, ուր քշում էր քամին: Մարդն այն կառավարել չէր կարողանում: Եվ խելացի մարդիկ մտածում էին հորինել այնպիսի՛ օդապարիկ, որը կառավարելի կլիներ: Եվս հարյուր տարի չարչարվեցին-չարչարվեցին, տարբեր բաներ փորձեցին,  և վերջապես Անրի Ժիֆար անունով ֆրանսիացի մի գյուտարար ստեղծեց առաջին դիրիժաբլը: Այն երկարավուն էր և ուներ շոգեմեքենայով պտտվող փոքր թիապտուտակ: Հետո դիրիժաբլներն ավելի կատարելագործվեցին: Արդեն կառուցում էին հսկա, ամուր` մետաղապատ դիրիժաբլներ:

Ի դեպ: 18-րդ դարում օդապարիկներն այնքան մոդայիկ էին Եվրոպայում, որ ինչին նայեիր, օդապարիկի էր նման. նույնիսկ հագուստը, գլխարկներն ու սանրվածքները: Ճիշտ է, այժմ օդային տրանսպորտի ամենատարածված տեսակը ինքնաթիռն է, բայց և՛ օդապարիկը, և՛ դիրիժաբլը դեռ օգտագործվում են. օգտագործվում են գիտական նպատակներով։ Իհարկե, չմոռանանք, որ օդապարիկը կիրառվում է նաև սպորտում և ժամանցի նպատակով: Այսօր օդային այս փոխադրամիջոցները նախկինների համեմատ շատ ավելի կատարելագործված են: Գիտնականներն այժմ առաջարկում են դիրիժաբլների նոր, ավելի կատարյալ ու հետաքրքիր ձևեր: Եվ պատկերացրու, որ դիրիժաբլն էլ ի՛ր առավելություններն ունի ինքնաթիռի համեմատությամբ: Նախ` դիրիժաբլը, եթե ուզենա, կարող է օդում կանգնած մնալ: Հետո` կարող է շաբաթներով մնալ վերևում, իսկ ինքնաթիռը` ոչ: Երրորդ` դիրիժաբլը կարող է շատ ավելի ծանր բեռ բարձրացնել, քան ինքնաթիռը:

Հավանեցի՞ր. տարածիր