Ֆուտբոլ

Ֆուտբոլի «ավագ եղբայրը» շատ հին խաղ է. համարյա 2000 տարի առաջ է ծնվել, պատկերացնո՞ւմ ես: Բայց ծնվել է ոչ թե Անգլիայում, որը համարվում է ֆուտբոլի հայրենիքը, այլ Հին Չինաստանում: Պատմությունն ասում է, որ ֆուտբոլին շատ նման մի խաղ էր տարածված այնտեղ, որը կոչվում էր ցու չյու, այսինքն՝ «հրել ոտքով»: Այն խաղում էին չինացի զինվորները, որպեսզի մարզված և ամրակազմ լինեին:

Իսկ Անգլիայում ֆուտբոլ սկսել են խաղալ չինացիներից դարեր հետո: Այն գնդակով չէին խաղում, մարզասերները չէին բղավում՝ գո՜լ, մարզադաշտ էլ չկար: Որպես գնդակ օգտագործում էին խոզի փչած աղիք, իսկ որպես դաշտ ծառայում էին Անգլիայի փողոցները: Ոչ էլ կանոններ կային, և այդ պատճառով երբեմն խաղն այնքա՛ն էր թեժանում, այնպիսի՛ հրմշտոց ու կռիվ էր սկսվում խաղացողների ու մարզասերների մեջ, որ խաղը դառնում էր վտանգավոր, երբեմն էլ՝ մահացու: Ահա թե ինչու Անգլիայի արքաներից մեկը 700 տարի առաջ արգելեց այդ խաղը. «Ով խաղա, բանտ կնետվի»:

Մոտ 250 տարի շարունակ Անգլիայի արքաները մեկը մյուսի հետևից արգելում էին ֆուտբոլը: Իհարկե, մեծ սիրահարները գաղտնի խաղում էին՝ փորձելով աղմուկ ու կռիվ չսարքել փողոցներում: Եթե, իհարկե, դա հնարավոր էր: Բայց հարցն այն է, որ շատերն այս խաղը սիրում էին հենց կռվի, աղմուկի ու ծեծկռտուքի համար: Զարմանալի մարդիկ… Վերջապես, 150 տարի առաջ ստեղծվեցին խաղի կանոններ, ու «վայրի» ֆուտբոլը դարձավ այնպիսին, ինչպիսին հիմա է: Եվ եթե առաջ խաղը հետաքրքրում էր միայն անգլիացիներին, ապա կանոններ ստանալուց հետո ֆուտբոլն արագ տարածվեց ամբողջ աշխարհում: Այդ խաղով այսօր «վարակված» են գրեթե բոլոր երկրներում: Անգլիան համարվում է խաղի հայրենիքը, քանի որ անգլիացիները չդադարեցին ֆուտբոլ խաղալ նույնիսկ արգելված տարիներին և միշտ հավատարիմ մնացին իրենց սիրելի խաղին:

Հավանեցի՞ր. տարածիր