Դիսնեյլենդ

Այսպես են անվանում աշխարհահռչակ այս զբոսայգին, որը գտնվում է Ամերիկայում՝ Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու: Այն մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի երազանքի իրականացումն է:

Մի անգամ` իր երկու դուստրերի հետ զբոսնելիս, Ուոլտ Դիսնեյի մտքով ահա թե ինչ անցավ. «Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե ստեղծվեր մի հեքիաթային վայր, որ գրավեր և՛ մեծերին, և՛ փոքրերին»: Եվ որոշեց, որ հենց ինքն էլ կկառուցի այդ աշխարհը:

«Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր եկել են այս երջանիկ վայրը»:

Ողջույնի այս խոսքերը Ուոլտ Դիսնեյինն են: Դրանք լսում է Դիսնեյլենդ մտնող ամեն այցելու: Իսկ այցելուները միլիոնավոր են:

Դիսնեյլենդը զվարճությունների շա՜տ մեծ զբոսայգի է, որտեղ կան ատրակցիոններ, թատրոններ, հետաքրքիր զբոսավայրեր, սրճարաններ… Այստեղ անցկացվում են ցերեկային և գիշերային շոուներ, դիմակահանդեսներ, հրավառություններ: Աշխարհի ո՛չ մի ծայրում, ո՛չ մի ուրիշ զբոսայգում այդքան տոն և անակնկալներ չկան, որքան այստեղ:

Դիսնեյլենդն ամբողջությամբ շրջապատված է երկաթգծով: Մարդիկ մի վայրից մյուսը տեղափոխվում են փոքրիկ գնացքներով:

Այստեղ ամեն քայլափոխի հանդիպում ես հրաշքի, հայտնվում հեքիաթի մեջ:

Կարող ես հայտնվել Ալիսայի լաբիրինթոսում, Քնած գեղեցկուհու դղյակում, Թոմ Սոյերի կղզում, Փիտեր Փենի հետ կարող ես թռչել Լոնդոնի տանիքների վրայով, հանդիպել ու շփվել բոլոր մուլտհերոսների հետ: Կարող ես տեսնել Ամերիկայի հնաոճ փողոցները… Այստեղ կարելի է հանդիպել կովբոյների, հնդկացիների, ծովահենների… Կարող ես հայտնվել արևադարձային կղզիներում, ջունգլիներում, դինոզավրերի աշխարհում, Մարսի և Լուսնի վրա…

Այդ ամենից բացի՝ Դիսնեյլենդում են գտնվում ամենախելահեղ, գրավիչ, գլխապտույտ առաջացնող կարուսելները… Շատ բան կարելի է թվարկել, բայց դա երկար ու անիմաստ կլինի:

Հավանեցի՞ր. տարածիր