Դու, իհարկե, տեսել ես կավից, փայտից, քարից կամ մետաղից կերտված մարդկանց, կենդանիներ կամ տարբեր առարկաներ: Դրանք կոչվում են քանդակներ, իսկ ստեղծող վարպետները` քանդակագործներ: Աշխարհի հայտնի քանդակագործներից է Միքելանջելոն: Գիտե՞ս, թե ինչ պատահեց, երբ նա քո տարիքին էր:
Միքելանջելոն նկարչական դպրոցում ոչ միայն սովորում, այլև աշխատում էր. հավաքում էր դասասենյակը, դասավորում թղթերը, ներկերը, վրձինները: Երբ նա ստացավ իր առաջին աշխատավարձը` երկու ոսկի, անհամբեր սպասում էր, թե երբ է դրամները հանձնելու հորը: Հայրը դեմ էր, որ որդին քանդակագործ դառնա: Նա մտածում էր, որ Միքելանջելոն այդ գործով երբեք լավ փող չի վաստակի: Այժմ որդին ապացուցելու էր հակառակը:
Հանկարծ Միքելանջելոն լսում է, որ ընկերները մրցույթ են կազմակերպում.
– Ով բոլորից լավ քանդակի թզուկին, հաղթող է ճանաչվում և հյուրասիրում է ընկերներին: Բայց դու չես մասնակցի, որովհետև նոր ես սկսում սովորել:
– Ոչի՛նչ, ես էլ եմ ուզում մասնակցել,- պնդում է Միքելանջելոն:
Մրցույթը սկսվում է: Տասը րոպեից պետք է ամփոփեին արդյունքները: Միքելանջելոն շատ էր շտապում և աշխատում էր մեծ ոգևորությամբ:
– Ժամանակը սպառվեց: Ներկայացրե՛ք աշխատանքները:
Աշակերտական սեղանի վրա կողք կողքի շարվեցին թզուկների ֆիգուրները: Միքելանջելոյի թզուկը բոլորից լավն էր:
– Աչքերիս չեմ հավատում,- ասաց տղաներից մեկը,- նորեկը հաղթել է: Շնորհավորում ենք: Դե, սեղա՛ն գցիր:
Խնջույքն ուրախ անցավ: Տուն գնալիս Միքելանջելոն ձեռքը տարավ գրպանն ու հասկացավ, որ հյուրասիրությունից հետո աշխատավարձից ոչինչ չի մնացել:
– Ի՞նչ եմ ասելու հայրիկիս,- դիմեց նա ընկերոջը:
– Կասես, որ եթե ավելի խելացի լինեիր, մյուսներից լավ չէիր քանդակի:
Միքելանջելոն ժպտաց.
– Բայց ես այլ կերպ պարզապես չեմ կարող…
Նյութը տրամադրեց արվեստաբան
Ելենա Գյուլմիսարյանը