Քո սիրելի Կառլսոնը և երկարագուլպա Պեպին ծնվել են Շվեդիայում: Իսկ հիշո՞ւմ ես Նիլս անունով այն տղային, որին կախարդ թզուկը փոքրացրել էր: Նա ճամփորդում էր իր բարեկամ սագին նստած: Նիլսն էլ է ծնվել Շվեդիայում:
Շվեդիան գտնվում է Եվրոպայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզում: Նրա ափերը ողողվում են Բալթիկ ծովի ջրերով:
Զարմանալի երկիր է Շվեդիան: Նրա ուղիղ կեսը ծածկված է անտառներով, որոնց մեծ մասը փշատերև է: Այդպիսի անտառները կոչվում են տայգա: Դե պատկերացրո՛ւ, թե ինչ մաքուր է այնտեղ օդը, ինչ գեղեցիկ է բնությունը:
Շվեդիան թագավոր ունի: Կարծում ես՝ հեքիա՞թ եմ պատմում: Ամենևին: Հիմա աշխարհում այնքան էլ շատ չեն թագավորությունները, ճի՞շտ է: Դե իմացի՛ր, որ Շվեդիան դրանցից մեկն է:
Շվեդները զուսպ ու հանգիստ մարդիկ են: Նրանք չափազանց կարգապահ են: Փողոցներում միշտ խիստ կարգուկանոն և մաքրություն է տիրում:
Շվեդիայի մայրաքաղաքն է Ստոկհոլմը:
Շվեդիան Դանիային է կապում Օրեսունդ կամուրջը: Այն գրեթե 8 կմ երկարություն ունի:
Շվեդիայի հյուսիսում կա «Սառցե հյուրանոց»: Այն ամբողջովին սառույցից է կառուցված. և՛ պատերը, և՛ նույնիսկ կահույքը: Ամեն տարի այն վերակառուցվում է: Դրա համար օգտագործվում է 30 հազար քառակուսի մետր ձյուն և 3 հազար տոննա սառույց: Այդ արտասովոր հյուրանոցը նման է Ձյունե թագուհու ապարանքին:
Հեղինակ` Ռիմա Գևորգյան, Երևանի «Տաթև» կրթահամալիրի ուսուցչուհի