Սառնամանիք է, բայց արև. հիանալի օր: Շուրջդ անաղարտ ու վայրի բնությունն է՝ խիտ անտառներով՝ ծածկված ձյան հաստ շերտով: Ուզում ես կանգնել ու հիանալ բնության անկրկնելի գեղեցկությամբ, լսել թագավորող լռությունը… Ձյունը շլացուցիչ փայլում է: Թվում է, թե այն ուրիշ ոչ մի տեղ այսքան ճերմակ ու մաքուր չէ… Մարդու շունչ է կտրվում ձմեռային հիասքանչ տեսարաններից:
Այո, Լապլանդիան իսկական հյուսիսային գեղեցկուհի է: Որտե՞ղ է այն: Լապլանդիան բնաշխարհ է Եվրոպայի հյուսիսում և ընդգրկում է Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի որոշ տարածքներ: Այստեղ ձմեռը սկսվում է հոկտեմբերից. ողջ Լապլանդիան ծածկվում է ձյան հաստ վերմակով: Հոկտեմբերից մինչև մայիս, փաստորեն կես տարի շարունակ, կարելի է ձնագնդի խաղալ, դահուկով սահել կամ ձմեռային ուրիշ մարզաձևերով զբաղվել: Առատ ձյան միջով մարդիկ տեղափոխվում են մոտորասահնակներով: Իսկ ինչպիսի՜ հաճույք է եղջերուներով կամ շներով լծված սահնակներով ճամփորդելը:
Լապլանդիայում ձմեռային գիշերներին երբեմն հնարավոր է տեսնել բևեռափայլը: Դա բնության ամենահետաքրքիր ու հիասքանչ երևույթներից մեկն է. մութ, պարզկա երկնքում հանկարծ վառվում են գույնզգույն լույսեր, որոնք մե՛րթ անհետանում են, մե՛րթ նորից հայտնվում: Երբեմն էլ օդում մնում են ժամերով կախված, ինչպես երփներանգ վարագույր… Նույնիսկ սառնամանիքը չի խանգարում, որ մարդիկ երկար կանգնեն ու հիանան այդ զարմանահրաշ երևույթով:
Լապլանդիայում ձմռանը 50 օր անընդմեջ արև չի ծագում, և թագավորում է հեքիաթային կապույտը: Իսկ ամռանը, հակառակը, արևն ամիսներով մայր չի մտնում, և թագավորում են սպիտակ գիշերները: Հետաքրքիր է, չէ՞:
Լապլանդիայում է գտնվում աշխարհի ամենահյուսիսային կենդանաբանական այգին, որտեղ կենդանիներն ապրում են իրենց բնական պայմաններում՝ ձյան ու սառույցի մեջ: Այստեղ կհանդիպենք և՛ սպիտակ արջերի, և՛ բևեռային աղվեսների, և՛ գայլերի, և՛ եղջերուների, որոնք սովորել են մարդկանց, չեն վախենում նրանցից: Եղջերուներն այստեղ ամենասիրված կենդանիներն են և Լապլանդիայի խորհրդանիշը:
Իսկ հիմա պատմեմ քեզ ամենակարևորի մասին: Հենց այստեղ՝ Լապլանդիայում է ապրում անտառի փառահեղ արքան՝ բարեհոգի, խորհրդավոր Ձմեռ պապը:
Ըստ լեգենդի՝ մի ժամանակ Լապլանդիայում ապրել է Կլաուս անունով մի աղքատ, բարի ծերուկ: Մի անգամ՝ Ծննդյան տոներից առաջ, գյուղացիներից հարկերի դիմաց դատարկել էին նրանց շտեմարանները, և բոլորը տխուր էին: Կլաուսը գիտեր, որ իրենց գյուղի տանուտերը խաղամոլ է և նրան առաջարկեց թղթախաղ խաղալ՝ պայմանով, որ պարտվելու դեպքում տանուտերը կվերադարձնի հավաքած ողջ մթերքը: Գյուղատերը պարտվեց և կատարեց իր խոստումը: Գիշերվա ընթացքում Կլաուսը հետ վերցրեց մթերքը և կախեց տների առջև գտնվող եղևնու ճյուղերից:
Մարդիկ առավոտյան տեսան նվերներով զարդարված եղևնիներն ու շատ ուրախացան: Կլաուսին անվանեցին Սանտա Կլաուս, այսինքն՝ սուրբ Կլաուս: Դրանից հետո ավանդույթ դարձավ ամեն տարի Ծննդյան տոներին զարդարել եղևնին և նվերներ բաժանել:
Աշխարհի շատ ժողովուրդներ նրան կոչում են Սանտա Կլաուս, իսկ մեզ համար նա Ձմեռ պապն է:
Ամեն տարի Նոր տարվա գիշերը և Ծննդյան տոներին իր սահնակին նստած՝ Ձմեռ պապը հազարավոր կիլոմետրեր է կտրում, որպեսզի նվերներ բաժանի երեխաներին: Մենք էլ միշտ անհամբեր սպասում ենք:
Սակայն քրիստոնեական ավանդույթը վկայում է, որ Սանտա Կլաուսի նախատիպը Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին է, ով ապրել է 4-րդ դարում՝ Փոքր Ասիայի Լիկիա գավառում: Նա անսահման գթասիրտ էր և ծածուկ նվերներ էր դնում հատկապես ընտանիքների պատուհանների տակ: