Հայոց Աբգար թագավորն ու Քրիստոսի կենդանագիր պատկերը

Հավանաբար քչերը գիտեն, որ թեև քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է հռչակվել 301 թ.՝ Տրդատ Երրորդ թագավորի օրոք, սակայն հայոց արքաներից Աբգարն էր առաջինը, ով հավատաց Քրիստոսին, մկրտվեց և դարձավ քրիստոնյա հենց առաջին դարում:

Աբգարը Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր և լսելով նրա համբավի մասին, ցանկություն է ունենում տեսնելու նրան և բժշկվելու նրա ձեռքով, քանի որ հիվանդ էր: Արքան Հիսուսի մոտ է ուղարկում իր նախարարներից Անանեին՝ մի քանի սուրհանդակի ուղեկցությամբ:

Ավանդությունը պատմում է, որ որ երբ վերջինս Քրիստոսին է հանձնում Աբգար թագավորի ընծաները և խնդրում է նրան իրենց հետ Եդեսիա գնալ, Քրիստոս, օրհնություն փոխանցելով արքային, պատասխանում է, որ չի կարող միանալ նրանց, քանի որ իր առաքելությունը Երուսաղեմում է: Սակայն փոխարենը նա խոստանում է իր աշակերտներից մեկին ուղարկել հիվանդ թագավորի մոտ՝ բժշկելու և Ավետարանը քարոզելու նպատակով:

Այս ողջ զրույցի ընթացքում Անանեին ուղեկցող սուրհանդակներից մեկը՝ Հովհաննեսը, որ հմուտ նկարիչ էր, հասցնում է պատկերել Քրիստոսին: Իսկ Հիսուս, երբ տեսնում է նկարը, օրհնում է այն:

Կենդանագիր պատկերը բերվում է Եդեսիա և հայոց Աբգար թագավորը խնամքով պահում է այն:

Հիսուսի պատկերներից միայն այս մեկն է ստեղծված նրա կենդանության օրոք` խաչելությունից երկու օր առաջ:

Սուրբ Աբգար թագավորի շնորհիվ է, որ այսօր մարդկությունն ունի Քրիստոսի կենդանագիր պատկերը: Բացառիկ համաքրիստոնեական այս մասունքն այժմ պահվում է Իտալիայում՝ Ջենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում:

Հավանեցի՞ր. տարածիր