Նախքան արաբական թվանշանների տարածումը հայերը տառերն օգտագործել են նաև թվեր նշելու համար։ Մեսրոպյան գրերը բաժանվում էին միավորների, տասնավորների, հարյուրավորների և հազարավորների։ Իսկ 9000-ից բարձր թվերը գրելու համար՝ համապատասխան տառի վրա նշվում էր գծիկ, ինչը նշանակում էր, որ այդ թիվը պետք է բազմապատկվի 10000-ով, այսինքն՝ 10000-ը գրվում էր Ա տառով, որի վրա նշվում էր գծիկ, 20000-ը՝ Բ տառով, որի վրա՝ գծիկ, և այլն։
Հայկական թվանշման համակարգն այժմ էլ գործածական է, սակայն ունի ավելի խորհրդանշական բնույթ: Մեսրոպյան գրերը որպես թվեր գործածվում են հիմնականում եկեղեցիների և ճարտարապետական արժեք ներկայացնող այլ կառույցների կամ հուշարձանների բացման տարեթվի արձանագրության համար: Պատմագրության մեջ դարաշրջանները նշելիս երբեմն կիրառվում է հայկական թվային համակարգը։ Այս դեպքում օգտագործվում են մեծատառերը, որոնք ընթերցվում են որպես դասական թվականներ․ ԺԱ դար – 11-րդ դար, ԺԵ դար – 15-րդ դար։ Գրերի այսպիսի կիրառությունը ընդունված է նաև արքաների, հայրապետների անունների գրելաձևում․ գրում ենք՝ Տրդատ Գ, իսկ արտասանում՝ Տրդատ Երրորդ, գրում են՝ Ներսես Դ, արտասանում՝ Ներսես Չորրորդ։