Հոգեբան Շերի Քեմբելը հասկացել է 10 կարևոր բան երեխաների ներդաշնակ ու լիարժեք զարգացման վերաբերյալ: Եկեք տեսնենք, թե ինչ են, ըստ նրա, երեխաներն ակնկալում հայրիկից ու մայրիկից, որպեսզի մեծանալով դառնան ինքնուրույն և անվախ մարդիկ:
ՍԵՐ: Բոլորը, մատավանդ երեխաները, սիրո կարիքն ունեն: Մենք կարող ենք մեր փոքիկին հատկացնել շատ ու շատ նյութական բարիքներ, կազմակերպել զվարճանքներ, որոնք նրանց մեջ կզարգացնեն միայն… դատարկության զգացողություն: Մինչդեռ սերը պարզ է և ոչ նյութական: Դա ամբողջական նվիրումի զգացումն է, որ պարգևում ենք մեր զավակներին: Մենք նրանց սիրում ենք, որովհետև հենց դրան են նրանք արժանի:
ՀԱՎԱՏ: Երբեմն ծնողներն այնքան են վախենում իրենց երեխաների համար, որ մոռանում են նրանց հավատալու մասին: Երբ ընտանիքում սկսում է տիրապետել ծնողի վախը փոքրիկի յուրաքանչյուր արարքի, նոր բան բացահայտելու նրա ամեն մի փորձի նկատմամբ, երեխան զգում է, որ իրեն չեն հավատում և ընկճվում է, հաճախ էլ սկսում հակառակվել ծնողներին, դառնալ ագրեսիվ: Մենք պետք է հավատանք մեր երեխաներին, թույլ տանք նրանց բախվել դժվարությունների, բացահայտել նորը և հասնել հաջողությունների:
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Երբ երեխաները գիտեն, որ ծնողները նրանց հավատում են, հենց իրենք էլ սկսում են հավատալ սեփական ուժերին, լինել ավելի ինքնավստահ: Միչդեռ երբ ծնողները սկսում են կասկածներ դրսևորել, ցուցաբերել անվստահություն երեխաների կարողությունների նկատմամբ, նրանք և իրենց զավակը հայտնվում են հակառակ ճամբարներում: Մենք պետք է համակերպվենք այն փաստի հետ, որ մեր երեխան ինքնուրույն անհատ է: Կարևոր է՝ թույլ տալ նրան չդավաճանել իր անհատականությանը՝ վստահ լինելով, որ մենք նրան լավ ենք մեծացրել՝ այնպես, որ նա կարող է սխալներ թույլ տալ, բայց վերստին ոտքի կանգնել, անել եզրահանգումներ ու շարժվել առաջ: Մինչդեռ եթե մենք քննադատենք երեխաների ամեն մի որոշում, կարող ենք սպանել նրանց ինքնակատարելագործվելու ձգտումը:
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Հաճախ ծնողները չափազանց շատ են ճնշում իրենց երեխաներին՝ համապատասխանեցնելու նրանց այն իդեալական կերպարին, որը «փայփայում» են իրենց մտքում: Այնինչ երեխաների հանդեպ պետք է համբերություն ցուցաբերել: Նրանց պետք է ձեռք մեկնել, որպեսզի ամեն բանի հասնեն զարգացման բնական ընթացքով, ոչ թե հապճեպ:
Յուրաքանչյուր երեխայի զարգացումն առանձին, եզակի ընթացք է: Եվ եթե մեր զավակը հետ է մնում որևէ ոլորտում, իսկ մենք մի բան էլ ճնշում ենք նրան, ապա դրանով միայն ավելի ենք բարդացնում իրավիճակը: Ճնշումը երեխայի հանդեպ կոտրում է նրա հոգին, սպանում նպատակասլացությունը: Մի՞թե մենք ցանկանում ենք դաստիարակել զավակներ, որոնք զգում են, որ իրենց «սիրում» են ըստ իրավիճակի՝ միայն այն ժամանակ, երբ նրանք հաջողում են որևէ գործում: Չէ՞ որ նրանք վարժեցված կենդանիներ չեն:
ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔ: Շոյումը հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է: Ջերմագին հպումը ուժեղացնում է կապվածությունը, պարգևում սիրո զգացողություն, արագորեն մեղմում է սթրեսը: Մեր երեխաներն իրականում բախվում են նույն խնդիրներին, ինչ բոլոր մյուս մարդիկ: Երբ մենք նկատում ենք, որ նրանք դժվարություններ ունեն, ապա անօգուտ է արտահայտել մեր անհանգստությունն այդ կապակցությամբ: Ավելի լավ է նրանց գուրգուրանք պարգևել և աջակցություն առաջարկել, վստահեցնել, որ ամեն վատ բան անցողիկ է: Բարկանալու փոխարեն զրուցե՛ք ձեր փոքրիկների հետ, սիրե՛ք նրանց, գրկե՛ք, փաղաքշե՛ք:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ: Ծնողների կարևոր անելիքներից մեկն էլ արդյունավետ «հետադարձ կապի» ապահովումն է զավակների հետ: Երբ մենք քննադատում և մեղադրում ենք երեխաներին, բղավում կամ արհամարհանք ցուցաբերում, նրանց պարզապես զրկում ենք հասունանալու հնարավորությունից: Երեխաները դառնում են ներամփոփ, չարանում են, հիասթափվում իրենք իրենցից: Մանուկներին մեր խորհուրդներն են պետք, որպեսզի հասկանան, որ փորձությունները կյանքի կարևոր մասն են, որոնք մեզ բերում են փորձառություն և ստիպում ավելի վճռականորեն մղվել դեպի բարի նպատակներ:
ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ: Ամեն երեխա ծնվում է՝ դառնաալու եզակի, անկրկնելի անհատ: Նա լույս աշխարհ չի գալիս, որպեսզի լինի մեր կրկնօրինակը, կամ որպեսզի դառնա ավելի լավը, քան իր եղբայրը, քույրը, քան իր դասընկերները կամ էլ մայրիկի ընկերուհու որդին: Մեր երեխային պետք է համեմատել հենց իր հետ՝ արձանագրելու նրա զարգացումն ու ձեռքբերումները: Բոլոր մյուս դեպքերում ավելի լավ է «գործի դնել» ապրումակցումը, կարեկցանքը և ոչ երբեք համեմատությունը:
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ: Մեր խնդիրն է սովորեցնել երեխային տարբերել ճիշտը սխալից: Մենք իրավունք չունենք որոշելու, թե ով պիտի դառա նա: Որպես ծնող՝ մենք չպիտի կանգնենք երեխայի շնչին, խանգարենք նրան իրագործելու իր նպատակները, եթե դրանք բարի են և օգտակար: Մենք պետք է սովորեցնենք նրան որոշումներ կայացնել, ոչ թե դա կատարենք իր փոխարեն: Որպեսզի դառնանք լավ առաջնորդներ մեր երեխաների համար, մենք ինքներս պիտի հաջողության և հարգանքի հասած լինենք հասարակության մեջ, միայն այդ դեպքում չենք փորձի մեր սեփական չիրագործած երազանքները կյանքի կոչել երեխաների օգնությամբ: Նրանք չպետք է կոմպենսացնեն այն, ինչ պակասում է մե՛ր կյանքում:
ՀԱՐԳԱՆՔ: Եթե դուք չեք հարգում ձեր երեխաներին, նրանք էլ ձեզ չեն հարգի: Երեխաները վարվում են այնպես, ինչպես վարվում եք դուք, այլ ոչ այնպես, ինչպես ասում եք դուք: Նրանք չեն հարգի ձեզ զուտ նրա համար, որ իրենցից մեծ եք. նրանք ձեզնից օրինակ կվերցնեն: Հոգևոր առումով չհասունացած ծնողներն են իրենց թույլ տալիս ծաղրել սեփական երեխաներին, տանը վեճեր սարքել, ընկնել հիստերիայի մեջ, որպես պատժի միջոց՝ արհամարհել երեխաներին: Ուստի՝ երեխայի մեջ մյուսների հանդեպ հարգանք ձևավորելու ճանապարհը սեփական օրինակով ցուցադրելն է, թե որքան վեհ բան է հարգելն ու հարգված լինելը:
ԺԱՄԱՆԱԿ: Երեխաներն ունեն մեր սիրո, ուշադրության և ժամանակի կարիքը: Ոչ ոք չի կարող փոխարինել ծնողներին՝ ո՛չ դայակը, ո՛չ հեռուստացույցը, ո՛չ պլանշետը: Ամեն օր ճանապարհ գտեք ժամանակ հատկացնելու ձեր երեխային: Փոքրիկին զգալ տվեք, որ դուք միշտ ժամանակ կգտնեք նրա համար, երբ ինքը դրա կարիքն ունենա:
Աղբյուրը՝ այստեղ