Միջնադարյան այս բերդաքաղաքը գտնվում է ներկայիս Լոռու մարզում` ՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Այն կառուցել է Դավիթ Անհողինը՝ 11-րդ դարի սկզբին: Քաղաքը զբաղեցրել է 33 հեկտար տարածք և եղել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը՝ առավել հայտնի իր առևտրաարհեստագործական նշանակությամբ: Այն բազում ճանապարհներով կապվել է Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների վաճառականներին՝ ապահովելով այդ բնակավայրերի տնտեսական զարգացումը: Ունեցել է շուրջ 10 հազար բնակիչ: 1105-ին Լոռին գրավեցին սելջուկները, ապա այն դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Զաքարյաններին: 1236-ին մոնղոլական բանակը գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց գանձերը: 1430 թվականին արդեն Լոռուն տիրում էին հայ Օրբելյանները: Հետագա դարերին, որպես ռազմական ամրոց, բերդն անցել է թուրքերին, պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: 18 դարի վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը,և նրա միջնաբերդում հիմվեց մի գյուղ, ուր բնակություն հաստատեցին տարբեր գաղթականներ: Գյուղում մարդիկ ապրում էին մինչև 1930 թվականը, որից հետո այն ամայացավ: Սակայն այժմ ամրոցից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է համանուն մեկ այլ գյուղ՝ Լոռի բերդ համայնքը:
Այսօր ամրոցի մոտ՝ Ուռուտ գետի վրա, գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որի ձախ կողմում՝ ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են: Ամրոցում պահպանվել է նաև եկեղեցին: