Թեղենյաց վանք

Այս հինավուց վանքը, որ ժամանակին շա՜տ մեծ հռչակ է ունեցել որպես գրչության և հոգևոր կյանքի կենտրոն, թաքնված է անտառապատ Թեղենիս լեռան լանջին (Կոտայքի մարզ): Համալիրի ամենահին կառույցը 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին է, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումների արդյունքում:

Այս աղոթատնից քիչ հեռու գտնված Սուրբ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում: Այն նշանավոր է իր զարդաքանդակներով՝ երկրաչափական, բուսական և կենդանական պատկերներով: Հմայիչ է հատկապես բացված պոչով սիրամարգի հարթաքանդակը՝ կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած: Գեղեցիկ է նաև եկեղեցու գավիթը՝ սև և կարմիր տուֆի համադրությամբ։

Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործել է գրատունը՝ գրիչների համար նախատեսված չորս խցով: Միջնադարյան բազմաթիվ մատյաններ են պահպանվել, որոնք ժամանակին ընդօրինակվել են այստեղ: Դրանցից Դավիթ գրչի արտագրած Ավետարանն այժմ պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, մյուսները՝ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում:

Թեղենյաց վանքում սովորել և ապրել են հավատի բազմաթիվ նվիրյալներ Հայաստանի տարբեր վայրերից: Վանքի գերեզմանոցում անգամ մի աշխարհիկ մարդու տապանաքար կգտնենք, որին փորագրված է. «զՊատրիկ մեղապարտ ծառա Ք/րիստոս/ի յաշխարհիկ կարգե յիշեցէք ի Ք/րիստո/ս»: Աշխարհաբարով այն այսպես կհնչի. «Քրիստոսի մեղավոր ծառա Պատրիկին՝ աշխարհականների կարգից, հիշեցե՛ք հանուն Քրիստոսի»:

Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝ 13-րդ դարում՝ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, Թեղենյաց վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով. «Զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ», այսինքն՝ վանքում ամեն բան պատկանել է բոլորին, և առանձին ոչ ոք ոչինչ չի ունեցել:

Հավանեցի՞ր. տարածիր