Հող իմ հայրենի

Դավիթ Մլհամյան

Մարտունու Ս. Դարբինյանի անվան համար 2 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Հացից հաց ընտանիքով հավաքվում ենք թոնրատանը։ Մեր տան մեջ լավաշ թխելը մեծ արարողակարգ է․ դեռ ադամամութին խմորն արդեն հունցած է, հորաքույրս թոնիրն է վառում, մայրս թթխմորն է ձեռքում, որ վերջապես հասունանա, հարսիկս հացի մաքուր շորն է պատրաստում, որի վրա լավաշը պետք է փռվի, շուրջն է կարգի բերում, թոնրի շիշը դնում թոնրաշրթին։

Գոգնոցնե՜րը, իմ սիրելի գոգնոցները, որ թեպետ լվացված ու մաքուր են, բայց բուրում են իրենց հատուկ՝ թոնրատան բույրով։

– Մայրի՛կ, որքա՜ն անուշ են բուրում գոգնոցները,- ասում եմ ես ու դեմքս ծածկում դրանցով։

– Հողի բույրն է դա,- պատասխանում է մայրս ու շոյում տաքացած այտերս։

Պատասխանն ինձ այնքան էլ չհամոզեց, բայց ես շտապում էի ու հարցեր չտվի։

Դրսում եռուզեռ էր, մեր տան կանայք գույնզգույն խալաթներով գույն-գույն ծաղիկների պես ներս ու դուրս էին անում։ Մեկը ջրով լի ամանն էր հացատուն տանում, մյուսը ծխից կկոցած աչքերն էր սրբում մրոտ ձեռքերով, երրորդն իմ, հայրիկի ու եղբորս կոտրած փայտերն էր դասդասում թոնրի կողքին՝ պատի տակ։

«Լավաշ թխելու մեջ իմ մասնակցությունն էլ կա, չէ՞ որ ես էլ եմ փայտ կոտրել»,- մտածեցի ու ինձնից գոհ մտա հացատուն։

Նայում էի փայտի կտորներին, և ինձ թվում էր՝ բոլորն էլ ես եմ կոտրել, բոլոր փայտերն ինձ ծանոթ էին։ Ահա այն մեկը՝ ամենամեծ ոստով փայտը, որի վրա մի օր չարչարվեցի ու այդպես էլ չճեղքեցի։ Հիմա ես եմ հպարտ նայում դրան, մի քիչ հետո հենց սա թոնիրը կտաքացնի։ Իմ հայացքի ներքո հորաքույրս վերցրեց այդ «պողպատն» ու անտարբեր նետեց թոնրի մեջ։

Անցան օրեր․․․

Գարուն էր․ տաք գոլորշին, հողից պոկվելով, քուլա-քուլա բարձրանում էր վեր։ Հողը ազատվել էր ձյան ու սառույցի հաստ շերտից ու շնչում էր լիաթոք՝ ագահաբար ներծծելով արևի ճառագայթների էներգիան, որ ջերմացնի աշխարհը։ Տեղ-տեղ խատուտիկներ էին երևում, տեղ-տեղ կանաչ սիզախոտն էր հողը գրկել։ Հայրիկիս հետ գնացել էի բոստան։

Մեր բոստանն այնքան սիրուն է, տեղը հոյակապ, շուրջը իրարից հեռու տներ։ Հողը սպասում էր, նա շնչում էր բառիս բուն իմաստով։ Հայրս մի կոշտ հող վերցրեց, ձիգ կանգնեց, ձեռքերն ուղղահայաց ներքև պահեց, ու հողի կոշտը կրկին գցեց։ Այն ընկավ ու գաթայի խորիզի պես փշրվեց։

– Հողը պիտի վարենք, մի երկու օր կհանգստանա ու հացը կցանենք,- ասաց հայրս։

«Հացը ցանե՞նք»,- մտածեցի ես ու հիշեցի մայրիկիս խոսքերը։

– Հետո՞,- հարցրի ես։

– Հետո կսպասենք, կծլի, առուներ կբացենք վերից վար ու կջրենք․․․

Հողը վարեցինք, մեր բոստանն ասես ուզում էր շնորհակալություն հայտնել, նա ձգվել, փքվել ու բարձրացել էր։

Ա՜խ, հայրս որքան վազվզեց առաջին ջրին․ երևում է՝ առուները լավ չէր բացել նախապես։ Քրտնած հայրս բահով ջրին ճամփա էր բացում, որ ցորենի ոչ մի ծիլ ծարավ չմնա։

Մեր հարևանը ջուրը կտրեց, և հայրիկս շատ բարկացավ, նորից վազքով դուրս եկավ բոստանից։ Հողն ամբողջովին խմել էր ջուրը, էլ տեղ չուներ, կարելի է ասել՝ գերհագեցած էր։ Հայրս մեծ-մեծ քայլերով, մե՛կ սայթաքելով, մե՛կ խրվելով թաց հողի մեջ վազեց «ջրի գող» հարևանի մոտ։ Քիչ հետո վերադարձավ․ առուն էլի քչքչում էր , ջուրը զարկվում էր առվի կողքերից դուրս ցցված ողորկ քարերին ու նորից հոսում դեպի բոստան։ Հայրս գոհ նայեց ինձ, նայեց արևին, բահը խրեց հողի մեջ , նայեց բահի պոչի շողքին ու ասաց․      

– Ժամը չորսն է․ մի քսան րոպեից ջուրը կփակեմ։                                          

Ես ծանոթ էի արևի ժամացույցի այս տեսակին՝ դպրոցից գիտեի։ Բայց ուրախությունս կրկնապատկվեց, երբ նայեցի շողքին ու ասացի, որ ժամը չորսն անց է երեսուն։ Վիճել պետք չէր, նայեցինք բոստանի եզրին կանգնեցրած մեր մեքենայի ժամացույցին՝ ես ճիշտ էի։

Ես երջանիկ հաղթողի տեսք ընդունեցի, հայրս, ի զարմանս ինձ, ինձնից էլ երջանիկ էր։

– Հայրի՛կ, դո՞ւ ինչու ես ուրախ։

– Ես հողի ծարավը հագեցրի, դու՝ իմ ծարավը։

Հայրս այնպես էր քրտնել․ ադամանդափայլ կաթիլները սահում էին դեմքն ի վար ու կաթում ցորենի մատղաշ թավիշին։

«Երևի հայրիկը ուզում է՝ իր քրտինքով առվի ջուրը շատացնի, որ ժամ առաջ ավարտի ջրելը»,- մտածում էի ես՝ ժպիտը դեմքիս։

Հայրս ոտքից գլուխ ջուր էր, տաբատը ցեխոտ, հոգնած, բայց ուրախ էր ու գոհ։ Նա կարծես հոգնություն չէր զգում, ընդհակառակը՝ մի տեսակ առույգացել էր ու նույնիսկ մոռացել մեջքի ցավը, որ գիշերները գլուխ էր բարձրացնում։

Անցան ամիսներ, հողը ծարավ չէինք թողնում, և ցորենը հասունացավ, հասկակալեց։ Այն քաղեցինք, աղացինք, ալյուրը հունցեցինք ու թոնրատան երդիկից նորից ծուխ բարձրացավ։ Հիմա ես էլ եմ գոգնոցից գարնան հողի բույրն առնում։ Հայրս հողի մշակ է, ես՝ պահապան։

Հավանեցի՞ր. տարածիր