Նարինե Գրիգորյան
16-րդ հիմնական դպրոց
6-րդ դասարան
Բարև՛, հո՛ղ իմ հայրենի, թա՛նկ ու անփոխարինելի։
Ապրելով քո գրկում՝ նամակ եմ հղում առ քեզ, որպեսզի պատմեմ, թե որն է քո տեղն ու դերը իմ սրտում, կյանքում։ Այս պահին տանջված ես, արնաներկ, բզկտված ու որդեկորույս, բայց արժանի գովերգի ու անսահման սիրո։
Դարեր շարունակ նենգ թշնամին քո կործանումն է տենչացել, ավերել ու պղծել է սրբագույն վանքերդ, եկեղեցիներդ ու շեներդ։ Բայց ամեն կռվից հետո անկոտրում զավակներդ ուղղել են իրենց մեջքը, կապել վերքերն ու ձեռնամուխ եղել նոր արարումների։ Քեզ վեր են հանել գրով ու գրչով, երգով ու բահով՝ շեներդ նորից լցնելով մանկան ճիչերով։ Քանզի դու, հո՛ղ իմ հայրենի, ոչ միայն նյութական, այլ, ավելի շատ, հոգևոր գանձ ես, որին յուրաքանչյուր հայ կապված է ամբողջ հոգով ու մարմնով, դո՛ւ ես գոտևորողը ազգիս անցյալը, ներկան ու ապագան։ Դու ամեն մի հայի արյան մեջ ես ներծծված, դու ես նրա էությունն ու հպարտությունը:
Գիտե՞ս, իմ հայրենի՛ք, մի մեծ, շատ մեծ երազանք ունեմ. ուզում եմ քեզ տեսնել վերևից՝ ամբողջական ու լիարժեք: Ուզում եմ տեսնել սեգ լեռնաշղթաներդ ու սառնորակ աղբյուրներդ, գետերիդ կապույտ երիզները։ Իսկ գեղանի Սևանն այն թանկագին գոհարն է, որ բարձրակետին է հասցնում ճոխությունդ։ Ուր էլ որ գնա հայ մարդը, որտեղ էլ օթևան գտնի, որ երկրի առատությունից էլ օգտվի, միևնույն է, վերադառնալու է հայրենիք՝ իր ծննդավայր՝ դեպի իր արմատները։ Անգամ այն մարդիկ, որոնք կիսով չափ են հայ, գալով գիրկդ, տեսնելով չքնաղ բնությունդ, խմելով սառնորակ աղբյուրներիդ ջուրը՝ այլևս երբեք չեն կարողանում մոռանալ քեզ։ Հո՛ղ իմ հայրենի, քո ձգողության ուժը միշտ էլ դեպի իրեն է կանչելու աշխարհասփյուռ զավակներիդ։
Սիրում եմ քեզ քո մաքրությամբ ու բացառիկութամբ, փառավորությամբ ու չընկճվող կամքով: Դարեր ի վեր հային հայ պահողը եղել է ազգայինը՝ հայկականը։
Վիրավոր ես ու վիրավորված, հո՛ղ իմ հայրենի։ Հայոց պետականության թագ ու պսակ բանակդ ծանր ու անհավասար մարտում մի պահ պարտվել է, բայց չի ծնկել։ Զոհերը շատ են, ցավը՝ անտանելի։ Բայց գալու են դեռ պայծառ ժամանակներ, վեր է հառնելու հայի ոգին, ու ընկածներին փոխարինելու են նոր սրատես արծիվներ, որոնք իրենց սլացքի բարձունքից խոցելու են թշնամուն՝ վստահ լինելով, որ եթե հարվածն իրենցն է, թշնամին չի փրկվելու։ Թշնամին նույն թշնամին է, որը միշտ սարսափած փախել է, որը միշտ վախեցել է հայ քաջի բազկից։ Ոչինչ, որ նա այսօր հաղթել է աշխարհի ուժեղների օգնությամբ։ Վաղը նորից հայոց հողերի վրա կբացվի արևը՝ հայոց արևը, քո՛ արևը։ Լուսաբացից առաջ գիշերն ամենամութն է լինում։
Սիրում եմ քեզ, հո՛ղ իմ հայրենի, անչափ, անսահման, առանց որևէ նախապայմանի։ Ուզում եմ քո ամեն լուսաբացին շող ավելացնել, քո ամեն շինվածքին մի քար էլ դնել, քո ամեն գրվածքի մի տառը դառնալ։ Լինել այնպիսին, որ չամաչեմ զավակդ կոչվելուց։ Լինեմ այնպիսին, որ ինձնով հպարտանաս դու, իմ հայրե՛նք։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է արժանի լինի ապելու այն երկրում, որի համար արյուն են թափել մեր պապերը, հայրերն ու եղբայրները։
Հո՛ղ իմ սրբացված մեր տղաների թափած արյունով, քո գրկի մեջ քնքշությամբ ցորեն ես պահում, որ սուրբ հաց դառնա ու սնի հայոց քաջերին անպարտ: Ընկած զինվորին գիրկդ ես առնում մեծ գորովանքով, որ հանգիստ ննջի: Ջերմ գրկի՛ր նահատակ որդիներիդ, հայրենի՛ք։ Չէ՞ որ սուրբ հողդ ներծծված է նրանց արյամբ։ Ամեն կաթիլ արյունը կարմիր կակա՛չ դարձրու, որ ամեն անգամ կակաչ տեսնելիս հիշենք, թե ի՜նչ թանկ գնով ես մեզ հասել։
Դու միշտ քաջեր ես ծնել, որոնք անսասան են պահել գոյությունդ։ Խենթեր ես ծնել, որոնք նվաճել են անկախությունդ։ Ծնել ես նրանց, ովքեր իրենց մտքի զորությամբ գիրք, վանք ու խաչքար են կերտել։ Այսօր էլ, դասեր քաղելով կատարվածից, պետք է վերաիմաստավորենք մեր կյանքը, լինենք ազգանվեր, ստեղծագործ ու անչափ հայրենասեր, որպեսզի դարձյալ շտկենք մեր մեջքը ու վեր բարձրանանք որպես հաղթանակած ու անսասան, որպես վերածնվող ու անկոտրում ազգ։ Եվ այնպես ուժգին ու ինքնամոռաց սիրենք մեր հայրենիքը, որ այդ սիրուց սարսափի ու ընկրկի թշնամին։
Հո՛ղ իմ հայրենի, ինչ էլ որ լինի, դու կհաղթես միշտ, կապրես ու կբարգավաճես։ Լույսդ միշտ պայծա՛ռ, հույսդ անսպա՛ռ, միտքդ զվա՛րթ ու սերդ հաստա՛տ, իմ Մա՛յր Հայրենիք, իմ Հայրենի՛ հող: