Հաղթանակի գինը

Թամարա Ասատրյան

16-րդ հիմնական դպրոց

9-րդ դասարան

Աշնանային գունեղ լուսաբաց… Կարմիր ու դեղին իրար խառնվել ու խաղ են խաղում չարաճճի երեխաների պես… Հրաշք առավոտ, հրաշք բնություն՝ ոսկեգույն, կարմիր ներկապնակով:

Սակայն մի անժամանակ թնդյուն խախտեց կատարյալ ներդաշնակությունն այդ իրականության: Մեր շրջապատը մի պահ գունատվեց, մեր արեգնագեղ երանգներն մի ակնթարթում փայլատվեցին ու դարձան անշուք: Մարդ ու բնություն այդպես միաձույլ, մի քանի վայրկյան այդպես քար դարձած՝ լուռ սպասեցին: Չուշացավ երկրորդ, հետո էլ երրորդ համազարկը չար, իսկ հետո կորավ հաշիվը իսպառ: Չէ, դժվար էր հաշտվել, որ գունագեղության փոխարեն այսուհետ պիտի տեսնենք կարմիր, արնագույն աշուն:

Միայն արնագույն, միայն միատոն ու սարսափազդու կարմրաժեռ: Ինքնակազմակերպվեցինք ու որոշեցինք՝ մենք կրակաշեջ մի ազգ կդառնանաք, հետ կբերենք մեր գույներն աշնան: Դարձանք մի բռունցք հանուն այն բանի, որ հաղթանակը մեզ լինի օծում, որ հաղթանակը մեզ բերի գույներ ու ժպիտ արև, խաղեր ու տենչանք, սեր ու խնդություն: Մենք շատ լավ գիտենք, որ հաղթնակը, ինչպես ամեն բան, իր գինը ունի: Բայց մարտահրավերն արդեն նետված էր ու խեղաթյուրված էր բնության ռիթմը, կատարելությունը: Մենք հրավիրատոմս չէինք ուղարկել պատերազմ կոչված ահազդու չարիքին, բայց եթե եկել, մեր դուռն էր ծեծել, ինչո՞ւ նրա դեմ դռները գոցել: Դե որ եկել ես, մենք քեզ ցույց կտանք՝ երբ ներխուժում ես ուրիշի օջախ որ առանց հրավեր, չես կարող դուրս գալ առանց կորուստի:

Մոմեր վառվեցին՝ բազում, անհամար, մայրական աղոթքն հասավ առ երկինք, բայց մայրերը հայոց ու ազգը հայոց գիտին, որ ամեն ինչ իր գինը ունի, և գուցե վճարվի իր որդու կյանքով, իր մինուճարի, իր՝ երեկ դեռ թոթովախոս, բայց այսօր արդեն սահմանին կանգնած զինվոր տղաների անգին կյանքերի գնով: Բայց հայ մայրերը առյուծ են հզոր: Արյան վտակը հորդում էր դաշտում, մխում էր սիրտը, մայրական սիրտը, մխում էր, անթեղում իր մեջ կրակի կայծեր, որ պիտի դառնային վրեժի բոցեր, կործանող բոցեր: Մենք չէինք սխալվում․ վճարեցինք թանկ: Մեր զինվո՛ր եղբայր, քո կյանքի գնով վաստակած կյանքը վայելել, ապրել դժվար է անչափ; Բայց դե ապրում ենք. Աշխարհի չգրված օրենքն է դաժան: Չենք կարող չապրել․ դու դրա համար կյանք ես նվիրել, դու քեզ զոհել ես հանուն այն բանի, որ մենք դեռ ապրենք, հանուն այն բանի, որ վերականգնվի բնության ներդաշնակությունը, որ վերադառնան կյանքի գույները: Վճարեցինք թանկ՝ որդեկորույս մոր թափած արցունքի ու հայրազրկված զավակի լացով, սիրառատ սիրուն հավերժ սպասող թաքուն մորմոքի ու հպարտ հայրերի անձայն ցավերով: Բայց հաղթեցիք դուք ու մեզ ապրեցրիք, ձեր չապրած կյանքը մեզ ընծայեցիք, որ դարերի մեջ դարավոր ապրի զավակդ անգին:

Հայ զինվո՛ր անպարտ, մենք քո հաղթանակի վկան ու կրողն ենք: Մենք քո կողքին ենք, քո հենարանը ու կլինենք հավերժ, այնքան ժամանակ, քանի դեռ հայը ապրում է ու կա: Ինչպես այդ կարմիր աշնանը, այնպես էլ հավերժ, երբ համարձակվեն ոտք դնել օջախդ առանց հրավերի, բռունցք կդառնանք, կդառնանք մեկը ու միաձույլ կոչնչացնենք անսիրտ թշնամուն: Մենք բոլորս քեզ համար կդառնանք քույրեր՝ գուրգուրող, գգվող, ազգովի կլինենք մայրեր սիրառատ ու աստվածային, կլինենք եղբայր՝ քո կողքին կանգնած, կլինենք հայրեր՝ սարի պես պաշտպան: Դուք եք «հայրենիք» գաղափարի մարմնացում մեզ համար, ԴՈՒՔ հենց հայրենիքն եք՝ մեկտեղված այսօր Եռաբլուրում:

Հիմա գարուն է: Կարեվեր մարդն ու բնությունը մեր այսօր փորձում է ապրել ու վերականգնվել: Փորձում է կոտրել միագույն տոնը, բայց չի ստացվում, դեռ չի ստացվում: Գույների խաղը չի վերադառնում, մեր սրտի վերքը, անամոք վերքը դեռ չի սպիանում: Ժամանակ է պետք․ այլ գարուն կգա: Անպայման կգա, ու քո զավակի անմեղ ժպիտով կբերի իր հետ շատ վառ ու սիրուն ներկեր բազմագույն: Քո տեղն իհարկե ոչինչ ու ոչ ոք չի լցնի երբեք, բայց հայը կապրի, կվերածնվի: Այդ էլ արարչության չգրված օրենք, որ չի խաթարվի ոչ մի տեսակի ձայնից ահազդու: Կապրենք ու քո հաղթանակը կօծվի ամեն մի նոր ծնված փոքրիկի ճիչով, կապրենք հանուն քեզ, հանում մեզ նվիրած ձեր թանկ կյանքերի, հանուն քո զավակի վաղվա օրվա ու լուսավոր ապագայի: Մենք կմեծացնենք նրանց ու նրանց մեջ կապրեք դուք, նրանց միջոցով կապրի ձեր կյանքի գնով ձեռք բերվածը:

Հրաշք բնություն, հրաշք առավոտներ դեռ կլինեն՝ բնության հարուստ ներկապնակով: Կլսվի անուշ ճիչ…. հայ մայրը ՍՐԲԱՍՈՒՐԲ երկունքով զավակ կծնի, մի արու զավակ, և նա կլինի շարունակությունը ընդհատված կյանքիդ: Հարուստ, երփնավառ ներկապնակում կարմիրը կմնա կակաչի վրա, սևն էլ կամփոփվի կակաչի սրտում:

Հավանեցի՞ր. տարածիր