Ինչն է միավորում աշխարհի երեխաներին

Մենուա Սուքիասյան

Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 դպրոց

4-րդ դասարան

Անկեղծ ասած՝ ես այնքան էլ չեմ սիրում շարադրություն գրել․ նախընտրում եմ գրքեր կարդալ և լուծել մաթեմատիկական խնդիրներ: Ուստի կփորձեմ միտքս կառուցել իմ սիրելի գրողներից Ջաննի Ռոդարիի «Մեկն ու յոթը» հեքիաթի հիման վրա:

Հռոմում ապրում էր Պաոլո անունով մի տղա, որի հայրը տրամվայի վարորդ էր: Բայց նա միաժամանակ ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում: Այս տղան ապրում էր նաև Բեռլինում, անունը Կուրտ էր, հայրը թավջութակահար էր: Այսպես Ռոդարին ներկայացնում է յոթ տարբեր երկրներում ապրող ութամյա տղաների` միավորելով նրանց մեկ երեխայի կերպարում: Յուրիի մաշկը սպիտակ է, իսկ Չուինը` դեղին, բայց նրանք նույն երեխան են, գիտեն գրել-կարդալ և սիրում են հեծանիվ վարել: Նրանցից մեկը խոսում է ֆրանսերեն, մյուսը` չինարեն, բայց ամենակարևորը` նրանք ծիծաղում են նույն լեզվով:

Իմ կարծիքով՝ աշխարհի բոլոր երեխաները, ծիծաղից բացի, ունեն իրար հետ շփվելու նաև այլ լեզուներ՝ խաղի լեզուն, խաղալիքների լեզուն, սպորտը, երաժշտությունը, պարը: Շատ բան կա, որ միավորում է աշխարհի երեխաներին: Մենք սիրում ենք բնությունը, սիրում ենք խաղալ, մուլտֆիլմ դիտել, վազվզել, աղմկել, քանդել ու սարքել:

Հեքիաթի վերջում Ռոդարին ասում է. «Այժմ յոթն էլ մեծացել են: Նրանք երբեք չեն պատերազմի իրար հետ, քանի որ յոթն էլ միևնույն տղան են»: Իսկապես զարմանալի է, ինչո՞ւ են մարդիկ պատերազմում իրար դեմ, չէ՞ որ մեծերն էլ ինչ-որ ժամանակ երեխաներ են եղել: Մի անգամ հարցրի մայրիկիս, թե ինչու են մարդիկ պատերազմում: Նա ասաց, որ ինչպես ես և քույրս ենք երբեմն վիճում ինչ-որ խաղալիքի կամ խաղի ընթացքի համար, այնպես էլ մեծերը կռվում են հարստության, իշխանության և իրենց երկրի սահմաններն ընդլայնելու համար: Այսինքն հարստությունը և իշխանությունը մեծերի խաղալիքներն են․ որքա՜ն տխուր է: Իհարկե, երեխաներն էլ են իրար հետ վիճում, իրարից նեղանում և վիրավորվում: Օրինակ՝ փոքրիկները լալիս են խաղալիքի համար, բակում հաճախ տեսնում ենք, թե ինչպես են վիճում ավելի մեծ տղաները: Դա էլ մեր պատերազմն է: Բայց այն շատ կարճ է տևում: Մենք արագ հաշտվում ենք, լուծում հարցերը և շարունակում խաղը: Միգուցե եթե մեծերն էլ ավելի ներողամիտ ու զիջող լինեին, խոսեին խաղի ու ծիծաղի լեզվով, նրանց պատերազմներն էլ ավելի շուտ ավարտվեին, առանց պարտության կամ հաղթանակի, և աշխարհն ավելի խաղաղ կլիներ:

Այս աշխարհի երեխաներից մեկն էլ Գիքորն է․ նա ապրում է Հայաստանում, նրա հայրը գյուղացի Համբոն է: Փոքր տարիքում նա զրկվեց ազատ ու երջանիկ մանկությունից: Բայց Գիքորը ապրում է նաև Սիրիայում, նրա անունը Իբրահիմ է․ վերջին պատերազմի ժամանակ նա կորցրեց իր ոտքը: Գիքորն ապրում է նաև Աֆրիկայում․ նրա անունը Զեմբո է. այսօր նա քաղցած է մնացել: Ես կարծում եմ, որ երեխաներս կարող ենք փոխել աշխարհը: Պետք է մտածել ոչ միայն մեր, այլև մյուսների մասին: Երբ մեծանանք, մենք ամեն ինչ կանենք, որ Գիքորն և Զեմբոն կրթություն ստանան և ունենան մասնագիտություն, որպեսզի քաղցած չմնան, իսկ Իբրահիմը բուժվի:

Ես հայ եմ, խոսում եմ հայերեն, ապրում եմ Հայաստանում․ իմ հայրիկը գիտնական է: Ես սիրում եմ գրքեր կարդալ, շախմատ խաղալ ու հեծանիվ վարել: Շատ եմ սիրում քույրիկիս, ընտանիքս, ընկերներիս: Ես երեխա եմ` աշխարհի միլիոնավոր երեխաներից մեկը: Հույս ունեմ, որ ես, Պաոլոն, Ժանը, Չուն, Կուրտը, Յուրին, Գիքորը, Իբրահիմը և Զեմբոն լավ ընկերներ կդառնանք, և երբ մեծանանք, կփորձենք ստեղծել ավելի խաղաղ և համերաշխ աշխարհ:

Մենք կշարունակենք խաղալ իրար հետ, քանի որ երեխա ենք, մենք աշխարհի երեխաներն ենք:

Հավանեցի՞ր. տարածիր