Հող իմ հայրենի

Տաթև Քարյան

Գևորգ Չաուշի անվան համար 24 միջնակարգ դպրոց

6-րդ դասարան

Հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից, իմ մտերիմներից և իմ շրջապատից։ Հետո շարունակվում է իմ հոգով, իմ շնչով, մեր հինավուրց ճարտարապետությամբ։

Սա իմ հայրենիքն է, և ես չեմ կարող չսիրել այն։ Ես հայ եմ և հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում և խոսում եմ հայերեն։ Աշխարհում բոլոր անվանումների և անունների մեջ կա երեք շատ կարևոր բառեր`հայրիկ, մայրիկ և հայրենիք։ Հայրենիքը ամեն ինչ է ինձ համար, հայրենիքը իմ օդն է, իմ ջուրն է, իմ հոգին։

Որքա՜ն դժվարությունների միջով է անցել հայ ազգը, որքա՜ն ցավ է տեսել։ Ցանկացած հայի աչքերում կան փորձության պատկերներ, որոնցով անցել է նա, ու ամեն անգամ դրանք հիշելիս նրա աչքերը կրկին արցունքով են լցվում։ Երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, երբ նա ապրել է հանգիստ և խաղաղ։

Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում` հայ ազգի հպարտությունը։ Հայաստանը մենք ենք` ես ու դու, մեզնով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողը և պաշտպանողը, ուրեմն եկեք լինենք միասնական`աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով հանդերձ․ պետք է ուս ուսի տված պայքարենք մեր հայրենիքի համար։ Հանկարծ չմոռանանք մեր կրոնը, լեզուն։ Եվ միշտ հիշենք, որ Հայաստանը այլևս երբեք չի պարտվի։ Մենք, լինելով Մոնթեի, Անդրանիկի և Նժդեհի ժառանգները, պետք է նրանց անունները բարձր պահենք։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Մենք կորցրել ենք այն ամենը, ինչը սիրել ենք, ինչը մեզ համար թանկ է եղել։ Դրանց մեջ է նաև Արարատը`հայության խորհրդանիշն ու սրբությունը, որն այնքան մոտիկ է, որ կարծես եթե ձեռքդ երկարես, կդիպչես նրան։ Դարեր շարունակ նրա սպիտակ, ձյունածածկ գագաթները`Սիսն ու Մասիսը, լուսավորել են հայի հոգին։ Ամեն անգամ լեռանը նայելիս այն հիշեցնում է մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մեծ ողբերգության մասին։

Աշնանն էլ պատերազմ էր։ Բոլոր հայերի աչքերում ցավ էր։ Մենք կորցրինք մեր քաջազուն, հայրենասեր զինվորներին։ Մեզնից վերցրին Հադրութը, Քարվաճառը և ամենաթանկը՝ Շուշին։ Շատ մեծ ցավ էր մեզ համար։

Հին է հայրենիքս․ հայոց աշխարհը, նրա լեռներն ու քարափներն են մեզ տվել իրենց կարծրությունը, որ հայի հոգում համբերություն ու համառություն են դարձել։ Այստեղ է, որ լսում ես հայրենիքիդ հավերժության երգը և գիտակցում, որ դու ես նրա սուրբ բազկի ուժն ու զորությունը։ Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ Հայաստանի քաղաքացի եմ։ Այն Հայաստանի, որտեղ անցել է իմ մանկությունը, և պիտի անցնի ողջ կյանքը։ Ես պարտավոր եմ ապրել ու աշխատել Հայաստանում, շենացնել մեր երկիրը։

Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ազգերից մեկն է։ Մեր երկիրն այնքան հին է, որքան ինքը մարդկության պատմությունը։ Ո՞վ չգիտի, որ ջրհեղեղից հետո Մասիսի ստորոտին է առաջին օջախի ծուխը երկինք բարձրացել։ Մեր պատմության անթիվ-անհամար ոլորաններում շատ են եղել լուսավոր ու մութ կեռմաններ, վերելքներ ու վայրէջքներ։ Մեր թշնամիները չար կամքով մեզնից խլել են հող ու հայրենիք, կին ու զավակ, կյանք ու սեր։ Բայց այս չարագործությունները բազմապատկվել են ներքին թշնամու դավով։ Մենք պիտի լավ իմանանք մեր պատմությունը`պարծենալու համար նրա հաղթական էջերով, սովորելու համար Վարդան Մամիկոնյանից, Տիգրան Մեծից, Աշոտ Երկաթից, Նարեկացուց։ Իմ հայրենիքը Հայաստանն է` մի փոքրիկ լեռնաշխարհ, որի տանջանքը դարերով է չափվում, իսկ երջանիկ ու ապահով տարիները`տասնամյակներով։ Մեր հազարամյակների պատմության ընթացքում մենք ոչ մի անգամ չենք ավերել ուրիշի երկիրը, օտարի կառուցածը չենք քանդել, հողին չենք հավասարեցրել։ Երազել ենք ապրել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով, այգիներ տնկել, տաճարներ կերտել, քաղաքներ շենացնել։

Ամենամեծ հպարտությունս հայ լինելն է, որն ամեն անգամ կրկնապատկվում է, երբ ծանոթանում եմ մեր նախնիների ստեղծագործություններին, մեր ժողովրդի պատմության հաղթանակած էջերին։ Ես ուրախանում եմ, երբ հայը մրցույթի է մասնակցում, հաղթանակում` գլխավերևում ծածանելով մեր եռագույնը։ Վերջերս մենք ծանոթացանք «Արշակ և Շապուհ» վիպերգին: Ես այդ վիպերգից հասկացա, որ ուր էլ գնամ, իմ հայրենի հողից լավը չկա, իմ հողն ու ջուրն են ինձ ուժ տալիս։ Իմ տունը իմ բնօրրանն է, իմ ծննդավայրը, այնտեղ, որտեղ ես կյանք եմ առել։

Իմ երկրում չպետք է թշնամիներ լինեն, իմ երկրում պիտի տիրի խաղաղություն, որ հայ մանուկը չծնվի օտար հողում, նրա մանկությունը պիտի անցնի խաղաղ երկնքի տակ։

Հայաստանի բանալին հայոց լեզուն է․ սովորիր և նրա բոլոր դռները կբացես։ Մենք մի հայրենիք ունենք, որի բախտի հետ խաղալ չի կարելի, ունենք-չունենք մի Հայաստան, որի առավոտը առավոտ չէ, այլ պատարագ, որի հովանու տակ մենք բոլորս վերափոխված ենք ապրելու: Ճիշտ է, հայերը սփռված են աշխարհով մեկ, բայց միայն Հայաստանում է, որ կզգաս ժողովրդի սիրտը, միայն Հայաստանում կապրես հայության մեջ։ Հայաստանն արժանի է ջերմ սիրո, հարգանքի ու ամուր պաշտպանության։ Մի զարմանալի ու հրաշք երկիր է Հայաստանը՝ իր գեղեցկությամբ, իր բազմազանությամբ։ Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, որ տաք են, հիասքանչ, նրա լեռներում, որ ցուրտ են, բայց էլի հիասքանչ… Այսօր մենք կերտում ենք ազատ, անկախ հայրենիք, ու դարավոր ոսոխը հանգիստ չի տալիս։ Սակայն անցել են այն օրերը, երբ հայը գլուխը խոնարհում էր։ Այժմ մենք ունենք մարտունակ բանակ ու նվիրյալ զավակներ։

Սիրում եմ իմ հայրենիքը: Ես մնալու եմ իմ հայրենիքում, իմ հողում, շենացնելու եմ այն, պաշտպան եմ կանգնելու ամեն թիզ հողին:

Հավանեցի՞ր. տարածիր