Ինչն է միավորում աշխարհի մանուկներին

Մանե Ասլանյան

Սառնաղբյուրի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոց

5-րդ դասարան

Երբ կարդացի շարադրության համար նախատեսված վերնագրերը, առաջինը հենց այս՝ «Ի՞նչն է միավորում աշխարհի երեխաներին» հարցը մտածելու տեղիք տվեց:

Մայրիկիս խոսքերը հիշեցի. «Բոլոր երեխաներն անմեղ են»: Փորձեցի հասկանալ, թե ինչ է անմեղությունը: Մայրիկս այսպիսի բացատրություն տվեց. «Երեխաներն այնքան միամիտ են, փխրուն, կյանքից շատ բան չեն հասկանում, երբ մի բան ասում ես, միանգամից հավատում են․ դրանով էլ պայմանավորված է նրանց անմեղությունը»: Իհարկե, միայն անմեղությունը չէ, որ միավորում է երեխաներին: Իմ կյանքից մի դեպք կուզենայի ներկայացնել, որ շատ բան սովորեցրեց ինձ:

Մի անգամ ես մի տեսարանի եմ ականատես եղել և շատ հուզվել: Մայրիկիս հետ գնացել էի քաղաք և այնտեղ պատահական հանդիպեցի մի փոքրիկ աղջնակի, որը հաշմանդամություն ուներ: Նա իր մայրիկի հետ եկել էր խաղասրահ և նայում էր զվարճացող երեխաներին: Տեսա, թե ինչ տխրությամբ էր նայում այդ երեխաներին, որոնք անհոգ վազում էին, ուրախանում: Նրան ոչ ոք չէր մոտենում, լուռ նստած էր սայլակին: Այնքա՜ն տխրություն ու թախիծ կար աչքերի մեջ: Մի՞թե ոչ ոք չէր նկատում դա: Այդ պահին ակամայից ոտքերս ինձ տարան նրա մոտ: Մոտեցա ու բարևեցի: Ինձ նկատելով՝ սկզբում զարմացական հայացք ընդունեց, հետո ժպտաց, հարցրեց, թե որտեղից եմ եկել և ինչ է անունս: Ես ասացի, որ գյուղից եմ, և որ մայրս է ինձ բերել քաղաքին ծանոթացնելու: Ես նրան հրավիրեցի ինձ հետ խաղալու: Նորից զարմացական հայացքն ուղղեց ինձ ու ասաց.

– Դու չե՞ս տեսնում, թե ես ինչ վիճակում եմ․ ոչ ոք չի կարող ինձ հետ խաղալ, ու չեն էլ խաղա:

Ես նրան ասացի, որ բոլորս էլ կարող ենք միմյանց հետ խաղալ, քանի որ աշխարհում կան շատ լավ ու վատ բաներ, բայց մենք՝ երեխաներս, չպետք է ուշադրություն դարձնենք դրանց: Կյանքը տրված է բոլորին, և բոլորս էլ պիտի ապրենք հավասարության պայմաններում: Երեխաներին պետք է միավորի սերն ու ջերմությունը, չպետք է լինի ոչ մի խտրականություն: Մի պահ ես էլ էի զարմացել, որ կարող եմ այդ կերպ համոզել նրան (մայրիկիս տված խրատները նոր-նոր էի լիարժեքորեն ընկալում): Խոսքերիցս հետո նա լայն ժպտաց և սկսեց սայլակը հետ ու առաջ տանել: Հասկացա, որ կուզենար վազել, գոռալ, որ մենակ չէ, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են, անկախ ամեն ինչից, իր հետ խաղալու: Բռնեցի սայլակն ու սկսեցի ման տալ նրան ամբողջ խաղահրապարակով: Այդ պահին բոլոր երեխաները մոտեցան մեզ և ձեռքից ձեռք փոխանցելով սայլակը`սկսեցին պտտել Գայանեին (պտտելու ընթացքում հասցրել էի անունն իմանալ): Մի պահ կանգ առա ու տեսա նրա ուրախ ու անհոգ ծիծաղը: Մինչև հիմա այդ ժպիտը աչքիս առջև է գալիս: Այնպես եմ ուզում, որ աշխարհի բոլոր երեխաները ուրախ ու երջանիկ ապրեն, ինչպես որ ես:

Շատ կարճ ժամանակում մտերմացա Գայանեի հետ: Նրա խոսքերից հասկացա, որ շատերն են անտարբեր եղել, չեն ցանկացել խաղալ, երբեմն պարզապես արհամարհել են իրեն: Ասաց, որ հաշտվել է իրականության հետ: Անընդհատ փորձում էի այնպես անել, որ մոռանա իր կարգավիճակի մասին: Պայմանավորվեցինք մեկ ամիս անց նորից հանդիպել:

Անհամբերությամբ սպասում էի մեր հանդիպմանը: Գայանեի համար նվերներ էի պատրաստել, ինձ հետ վերցրել նաև իմ սիրած խաղալիքները:

Մենք հանդիպեցինք նույն վայրում: Որքա՜ն մեծ եղավ զարմանքս, երբ Գայանեին տեսա ընկերուհիների հետ: Նա այլևս այն նույն աղջիկը չէր, որին որ տեսել էի խաղահրապարակում: Մեկ ամսվա ընթացքում հասցրել էր ընկերանալ հասակակից աղջիկների հետ, այն աղջիկների, որոնք միշտ էլ իրեն մոտ են եղել, բայց նա չի «համարձակվել» նրանց հետ շփվել:

Ես շատ ուրախացա, ծանոթացա նաև նրա ընկերուհիների հետ, ապա մենք զբոսնեցինք, տարբեր խաղեր խաղացինք: Գայանեն ուրախ էր, զվարճալի պատմություններ էր պատմում և, որ ամենակարևորն է, մոռացել էր իր հաշմանդամության մասին:

Այո՛, աշխարհի բոլոր երեխաներին միավորում է անհոգ կյանքը, խաղալու և հավասար լինելու իրավունքը: Ոչ մի երեխա մեղավոր չէ, որ ինքը ծնվել է սահմանափակ հնարավորություններով:

Հավանեցի՞ր. տարածիր