Գիտության ուժը

Սուրեն Բիչախչյան

Մ. Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Ես ուզում եմ այս էսսեն սկսել նախորդ դարի վաթսունականների անգլիացի գիտաֆանտաստ գրող Արթուր Կլարկի հանրածանոթ խոսքերով, որը հայտնի է նաև «Կլարկի օրենք» անվամբ. «Յուրաքանչյուր զարգացած տեխնոլոգիա չի տարբերվում հրաշքից»:

Իսկ եթե լուրջ խորհենք այս մտքի շուրջ, ապա, այո՛, այդպես է որ կա: Հնում մեզ համար անհնարին ու հեռու թվացող որոշ երևույթներ այսօր դարձել են մոտ ու մերձավոր: Ընդամենը մի քանի վայրկյան, և կարող ենք իմանալ ցանկացած երկրի եղանակի տեսություն, տանը նստած՝ կարող ենք հետևել մեր պատվիրած տաքսի ծառայության մեքենային, քաղցա՞ծ ենք․ ընթրիք պատրաստելու տրամադրություն չունե՞նք․ հոգ չէ, կարող ենք պատվիրել այդ պահին նախընտրած ուտեստը:

Հիշում եմ՝ մեծ տատս պատմում էր, որ իրենք սպասվող ձյան կամ քամու, արևի կամ անձրևի մասին կանխատեսել են երկնքին նայելով: Դե իհարկե, ինձ համար դա շատ զարմանալի է, բայց պատկերացրեք՝ տատս գոհ էր, քանի որ սխալմունք, ըստ նրա, քիչ էր պատահում:

Ինձ համար գիտության մայրը մաթեմատիկան է, հայրը՝ մեծն ֆիզիկան: Գիտե՞ք, հենց այնպես չեմ եկել այս եզրահանգմանը:

Մի անգամ հանրահանշվի դասաժամին գրում էինք քառակուսային եռանդամների վերաբերյալ տարաբնույթ վարժություններ: Աշխատանքս արագ ավարտելուն պես` ինքս ինձ սկսեցի խորհել. «Իսկ ո՞րն է այս ամենը գրելու իմաստը, մի՞թե կա կարևորություն»: Համարձակորեն հարցս բարձրաձայնեցի:

– Գիտե՞ս, Սուրե՛ն, մարդկությունը քառակուսային հավասարումը հորինեց այն ժամանակ, երբ հասկացավ, որ գնդակը նետելիս կամ նետ ու աղեղ բանեցնելիս այն ուղիղ անկյունով չի ընկնում, այլ նետելու պահից սկսած`սկսում է վայր ընկնել կոր գծով,- բացատրեց ուսուցիչս:

Ես սկսեցի «ընկնել» ու «վեր կենալ»՝ այս խոսքերի խորությունը հասկանալով: Ես սկսեցի «մոտենալ» ու «շոշափել» քառակուսային գրաֆիկները, պարաբոլային շարժումը… Ա՛յ թե որտեղից է գալիս ֆիզիկա ու մաթեմատիկա քույրերի գիտական կապը:

Գիտությունը մարդկության պատմության մեջ մեծ դեր է խաղացել՝ սկսած հնագույն ժամանակներից, վերջացրած մեր օրերով ու դեռ… Այն լայն ու ճկվող հասկացություն է և, ընդհանրապես, կարող ենք ասել` գիտությունը մարդկային գործունեության մի տեսակ է, որի նպատակն է օբյեկտիվ գիտելիքներ կուտակել և համակարգել իրականության մասին: Գիտություն բառի հետ ասոցացիաները հիմանկանում դրական են, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, մեդալը երկու երես ունի: Եվ հաճախ գիտության զարգացման նպատակը դառնում է ոչ թե մարդու կյանքը առավել հարմարավետ դարձնելը, այլ պատերազմում հաղթելու նպատակը, ինչն էլ բերում է մարդկային կյանքերի կորստի: Կամ էլ, հակառակը, մարդկության համար պատերազմն է շարժառիթ դառնում զարգացնելու գիտությունը:

Զարգացումն ու առաջընթացը երբեք կանգ չեն առնում, և այն հայտնագործությունները, որոնք ժամանակին մեծ հեղափոխություն են կատարել, հիմա հնացել ու մնացել են պատմության էջերում: Օրինակ՝ Արքիմեդի այն հայտնի պատմությունը, որի ժամանակ նա օգտագործել էր «հայելիներ»` Սիրակուզան պաշարել ցանկացող առագաստանավերը հրդեհելու համար:

Սա իմ հանդիպած առաջին փաստերից էր, երբ հին ժամանակներում գիտությունը որպես պատերազմելու միջոց:

Վերադառնանք նորագույն շրջան. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հետախուզական թռիչք կատարելու ժամանակ ռազմագետ-հետախույզները, օդաչուի՝ մի քանի պտույտ անելու փոխարեն, կարողացան լուսանկարելով ստանալ թշնամական բազայի ամբողջական պատկերը կամ այն տեղն ու վայրը, ինչի մասին ցանկանում էին իմանալ:

Ընդհանրապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն իր անգութ ու դաժան էջերով սոսնձվեց մարդկության պատմության էջերին։ Սակայն, միևնույն է, այն համարվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման շրջան: Այդ տարիներին են ստեղծել առաջին համակարգչի նախատիպը, մեծ զարգացում ու վերելք է ապրել բժշկության ոլորտը: Հետպատերազմյան շրջանում երկու գերտերությունների մրցակցության արդյունքում գրանցվեց տիեզերագնացության ոլորտի աննախադեպ վերելքին:

Ամիսներ առաջ մեր ապրած դժնի ու դաժան քառասունչորսօրյա պատերազմի օրերին պարզ ու տեսանելի դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի անհամեմատելի ուժը: Սա կարելի է համարել ռազմատեխնոլոգիական նվաճումների վերջին ճիչը:

Իսկ այսօր`հետպատերազմյան այս թևաթափ օրերին, երբ քննարկվում և առաջ է քաշվում գիտությանը տրվող տարեկան բյուջեի կրճատման հարցը, գիտակից հայ քաղաքացու մեջ առաջանում է անթաքույց զարմանք ու զայրույթ՝ ինչո՞ւ… Մենք հետևություններ անելիս դառնում ենք անկամ ու անկարող։ Ասածիս վերաբերյալ փաստե՞ր եք ուզում․ խնդրե՛մ, կատարվածը վկա:

Ինչպես պարզ դարձավ, մարդը գիտության ուժով «կառուցեց և կահավորեց» շրջապատող աշխարհը։ Գիտությունն այժմ փորձում է գտնել անբուժելի հիվանդությունների բուժումը, ձգտում է պատասխանել զանազան հարցերի, որոնք դեռ տանւում են մարդկությանը:

Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդը հասցնի շարժվել կյանքի խելահեղ արագությանը համընթաց: Ես էլ եմ ընկել այդ արագության թևերին, թեպետ դեռ անհաստատ ու երերուն քայլերով, բայց բռնել եմ գիտության տուն տանող եկար ուղին։

Խոստովանեմ, երբեմն հոգնում եմ այդ ռիթմից, երբեմն հոգիս փախչում է գիտությունից ու փորձում գտնել գեղարվեստ, խաղաղ մի աշխարհ, ինչպիսին իմ ծննդավայր Շիրակի անծիր դաշտերն ու սարերն են։

Գիտությունից փախչելով՝ գեղարվեստի գիրկն եմ ընկնում, գեղարվեստից՝ գիտության։

Հավանեցի՞ր. տարածիր