Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում՝ Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորությամբ: Այն Հայաստանի զարմանալի ու անզուգական անկյուններից է՝ խիտ անտառում՝ քարանձավների մեջ թաքնված մի գաղտնավայր՝ փայտե խրճիթներով ու տնակներով: Իսկ ձորի ներքևում գեղեցկուհի ջրվեժն է:
13-14-րդ դարերում մոնղոլական արշավանքներից պաշտպանվելու համար՝ Խաչաղբյուր գետի կիրճում գտնվող բարձրադիր քարանձավում մարդիկ գերաններից աստիճան են կառուցել։ Այն շատ նման էր լաստի, դրա համար էլ վայրը կոչել են Լաստիվեր:
Այստեղ մի պատի ինչ-որ մեկը հարսանիք պատկերող խորաքանդակ է կերտել: Անհայտ այդ նկարիչը հավանաբար ճգնավոր է եղել, որ այլ գլուխգործոցներ էլ է ստեղծել: Այդ պատճառով են վայրն անվանում նաև Անապատ: Դուք պետք է իմանաք, որ «անապատ» է կոչվում ոչ միայն ավազով պատված տարածքը, այլև այն տեղանքը, որտեղ, աշխարհից թաքնված, ճգնում են մենակյացները: