Որդան կարմիր

Որդան կարմիրը հայոց համար եղել է միասնության խորհրդանիշ։ Այն եղել է բոլոր գավառների և իշխանական տների զինադրոշների հիմնական գույնը: Հապա միջնադարյան մատյաննե՞րը: Դիտե՛ք մեր նախնիների կերտած ալ կարմիր մանրանկարները: Դրանց երանգներն այնքան պայծառ են ու թարմ պահպանված, ասես ստեղծվել են հենց երեկ:

Այդ զարմանալի ներկը հին հայերը ստացել են արարատյան որդան կարմիր միջատից: Այսօր էլ Արարատյան դաշտի աղուտներում կարելի է հանդիպել այս գեղեցիկ միջատին, սակայն, ցավալիորեն, շատ ավելի քիչ: Եղածը պահպանելու համար ստեղծվել է «Որդան կարմիր» արգելոցը, որտեղ աշխատանքներ են կատարվում նաև այն արհեստական պայմաններում բազմացնելու ուղղությամբ:

Հայկական որդան կարմիրը ներկատու միջատներից ամենախոշորն է: Էգերն անթև են, օվալաձև, ունեն 4-ից մինչև 12 միլիմետր երկարություն: Հենց նրանցից էլ ստացել են ցանկալի ներկը, հավանաբար քանի որ արուներն ավելի փոքր են:

Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողի տակ: Գարնանը թրթուրները, հողից դուրս գալով, կպչում են սնուցող բույսերին, իսկ հասունանալով՝ աշնան սկզբին 35-40 օր վաղ առավոտյան իջնում են հողի մակերևույթին՝ բեղմնավորվելու: Հենց այդ մի քանի տասնօրյակում էլ պետք էր նրանց հավաքել ներկ ստանալու համար, քանի դեռ միջատը բեղմնավորվելով դարձյալ հողի տակ չէր թաքնվել:

Որդան կարմիրը (այդպես են անվանում նաև հիշյալ միջատից ստացված ներկը) միջնադարում համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, պահանջված է եղել բոլոր երկրներում. անգամ Հայաստանն են կոչել որդան կարմիրի երկիր:

Ներկն անվանվել է նաև «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում պալատական հանդերձները: Որպես առանձնաշնորհ՝ որդան կարմիրով էին ստորագրում արքաներն ու կաթողիկոսները. այստեղից էլ ծագել է կարմիր գրիչով ստորագրելու մշակույթը:

Ի դեպ, միջատն արդյունավետորեն օգտագործում էին նաև բժշկական նպատակներով:

Դարերի ընթացքում, սակայն, որդան կարմիրից ներկ ստանալու միջնադարյան եղանակներն աստիճանաբար մոռացվել են, և այսօր նրա զարմանահրաշ հատկանիշները միայն հնադարյան ձեռագիր մատյաններն են ի ցույց դնում՝ շարունակելով մեր և օտարների աչքին ներկը պահել որպես հայոց հոգևոր խորհրդանիշներից մեկը:

Հավանեցի՞ր. տարածիր