Գիտկանակններն իմացությամբ չորս կարգի են: Առաջինը գիտի ու թեպետ գիտի, որ գիտի, ասում է՝ չեմ կարող ասել. սա իմաստուն է և հեզ. սովորի՛ր սրանից: Երկրորդը գիտի, որ չգիտի և խոստովանում է իր անտեղյակությունը. սա ևս բարի է. սովորի՛ր այդ: Երրորդը չգիտի և չգիտի, որ չգիտի ու խոսում է անգիտաբար. սա հիմար է և չգիտի իր պակասությունը, ինչպես չար հիվանդը. արթնացրո՛ւ սրան: Չորորդը չգիտի և գիտի, որ չգիտի, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում է, թե գիտի. այսպիսինն ամբարտավան է. խուսափի՛ր նրանից:
Չորս բան է տապալում թագավորությունը՝ բացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը:
Չորս բան նշան է անբախտության՝ անառակներին սիրելը, շողոքորթ մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարակամներից խորհուրդ հարցնելը:
Չորս տեղ են փորձում մարդուն՝ պաշտոնում, առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին:
Չորս բան կա մարդուն օգտակար՝ և՛ հոգուն, և՛ մարմնին՝ քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը: Քիչ ուտելը և քիչ խմելը անձը թեթև են պահում, զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ: Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն են օգուտ, որովհետև եթե մարդը շատ քնի, կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն: