20 խրատ բարկությունից զգուշանալու մասին

1. Երբ քեզ վրա է հարձակվում բարկությունը, շտապ քշի՛ր, հեռացրո՛ւ նրան քեզանից և կուրախանաս քո կյանքի բոլոր օրերում (Անտոն Անապատական):

2. Երբ միտքդ պարտադրում է եղբորդ վատ բան ասել, մտածի՛ր, թե որքան վնասակար է դա հոգու համար ու տհաճ է Աստծուն, և կխաղաղվես (Աբբա Եսայի):

3. Եթե դու որևէ մեկին նկատողություն ես անում բարկությամբ, ապա սեփական մոլուցքդ ես բավարարում: Այսպիսով՝ որպեսզի ուրիշին փրկես, ինքդ քեզ ես կործանում (Մակար Մեծ):

4. Ով իր սրտում պահում է հիշաչարություն, նա նման է իր կրծքի տակ իժ կերակրողին (Եփրեմ Ասորի):

5. Զարհուրելի երազները սովորաբար առաջանում են բարկության տագնապալի բռնկումներից հետո, և ոչ մի այլ բան այնքան չի շեղում մեր մտքերն իր ընթացքից, ինչպես տագնապալի բարկությունը (Եվագր Պոնտացի):

6. Բարկությունը և գրգռվածությունը հեռացնում են սերը, իսկ հիշաչարությունը ոչնչացնում է շնորհները (Եվագր Պոնտացի):

7. Ինչ որ ձեռնարկվում է բարկության ժամանակ, երբեք չի կարող ողջամիտ լինել (Գրիգոր Աստվածաբան):

8. Երանության համար հեզախոս լինենք և դրանով խոնարհություն սովորեցնենք (Եղիշե):

9. Ով հաշտեցնում է միմյանց վրա բարկացողներին, նա հաղթում է բարկության ոգուն (Նեղոս Սինայեցի):

10. Հանդիմանելով քեզ՝ կդադարես ուրիշներին հանդիմանելուց (Հայր Հովհաննես):

11. Եթե քո ներկայությամբ եղբայրդ բամբասում է մեկ ուրիշ եղբորից, մի ասա. «Այո, այդպես է», այլ ասա. «Ես ինքս էլ մեղավոր եմ, այդ պատճառով ուրիշներին չեմ կարող դատել, քանզի ինքս էլ եմ դատապարտյալ»:

12. Ընդհանրապես ոչինչ մի՛ պատասխանիր սպառնացողին, որպեսզի լռությամբ պատնեշես բոց շնչող բերանը (Նեղոս Սինայեցի):

13. Փորձով հաստատված է՝ ինչ մեղքի համար, որ դատում ենք մերձավորին, լինի մարմնավոր թե հոգևոր, նույնի մեջ ինքներս ենք ընկնում (Հովհաննես Սանդուղք):

14. Հիշաչարությունը բարկության կատարումն է, մեղանչման թաքցնումը, ճշմարտության հանդեպ ատելությունը, առաքինությունների կործանումը, հոգու ժանգը, մտքի որդը, աղոթքի աղտոտումը, խնդրվածքների մերժումը, սիրո խորթացումը, մեխ է՝ խրված հոգու մեջ, տհաճ զգացում, չդադարող մեղք, անքանակ օրինազանցություն, ամենժամյա չարություն (Հովհաննես Սանդուղք):

15. Ջանում է վառոդով հուրը մարել նա, ով ջանում է բարկացածին բարկությամբ հանդարտեցնել (Պողոս Պատրիարք):

16. Ոչ մեկին մի՛ դիր ի ցույց բոլորի՝ իր թերություններով հանդերձ, և ոչ մի պատճառով (Անտոն Անապատական):

17. Ոչ մեկի հանդեպ չար բան մի՛ արա և մի՛ դատիր ոչ ոքի (Անտոն Անապատական):

18. Երբ տեսնես, որ մի որևէ եղբայր ընկել է մեղքի մեջ, մի՛ արհամարհիր նրան, և երես մի՛ դարձրու նրանից և մի՛ դատիր նրան ու մի՛ չարախոսիր, թեկուզ և նրան տեսնես բոլոր պատվիրանները խախտելիս, հակառակ դեպքում, ինքդ կընկնես քո թշնամիների ձեռքը (Անտոն Անապատական):

19. Մի՛ աշխատիր ուրիշի գործերը քննել, քո մեջ էլ կգտնվի այն, ինչի մեջ դու ուրիշին ես կասկածում (Նեղոս Սինայեցի):

20. Հառաչի՛ր մեղավոր մերձավորիդ համար, որպեսզի քեզ համար էլ հառաչես, որովհետև բոլորս հանցավոր ենք մեղքերի պատճառով և դատապարտության արժանի (Նեղոս Սինայեցի):

Հավանեցի՞ր. տարածիր