Արծիվը հզոր թռչուն է, թռչունների արքան, գրեթե բոլոր մշակույթներում՝ խիզախության խորհրդանիշ: Բնության մեջ չկա որևէ կենդանի, որն արծվի համար իրական վտանգ ներկայացնի: Միայն մարդն է, որ կարող է վնասել այս թռչնին: Դրա համար էլ արծիվներն աշխատում են քիչ հայտնվել նրա տեսադաշտում:
Արծվի թևի բացվածքը կարող է հասնել մինչև 2,5 մետրի: Նա երկնքում սավառնում է մինչև 240 կիլոմետր ժամ արագությամբ: Իսկ որսի համար ներքև սլանալիս ունակ է զարգացնելու անգամ 320 կիլոմետր ժամ արագություն: Արծվի թռիչքի բարձրությունը կազմում է 7-9 կիլոմետր: Այդպիսի բարձրությամբ նույնիսկ ամեն մի օդանավ չի կարող թռչել: Սակայն արծվի համար կարևոր է իդեալական աերոդինամիկան, ուստի երբ նա կորցում է փետուրներից մեկը, ընկնում է նույն դիրքի փետուրը նաև մյուս թևի վրա:
Արծիվն ունի շշմեցուցիչ տեսողություն: Մեկ հայացքով նա կարող է դիտարկել 11.5 քառակուսի կիլոմետր մակերես, նկատել նապաստակին 3 կիլոմետր բարձրությունից: Իսկ իր խոշոր մագիլներով նա կարող է ճանկել և պահել անգամ միջին մեծության կենդանու:
Արծիվների բազում տեսակներ կան, որոնք ապրում են թե՛ լեռներում ու ձորերում, թե՛ գյուղից հեռու հողատարածքներում, թե՛ անտառային տափաստաններում և թե՛ անգամ գետերի ու լճերի ափամերձ ժայռերին: Սակայն որտեղ էլ նրանք բնակվեն, անդավաճան ու հավատարիմ զույգ են կազմում և խիզախորեն պաշտպանում իրենց ձագուկներին:
Խոշոր, հզոր գիշատիչ է հատկապես քարարծիվը: Ինչպես անունն է հուշում, նա հենց այն տեսակն է, որ ապրում է լեռներում ու ձորերում: Քարարծիվը կարող է նույնիսկ գայլին հաղթել: Այս բոլոր հատկանիշների համար արծվի պատկեր կարելի է տեսնել բազմաթիվ երկրների ամենատարբեր պետական խորհրդանիշների վրա: