Վարդենին բազմամյա թուփ է: Հայտնի են բույսի հարյուրավոր տեսակներ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում: Վայրի վարդերն աճում են անտառեզրերին, թփուտներում, լեռնալանջերին: Մեր երկրում հանդիպում է 31 տեսակ՝ առատափուշ, փափուկ, վահանակիր և այլն: Հայաստանը վարդենիների բնօրրաններից է: Իսկ վարդենու մշակովի տեսակները՝ չինական, հարյուրթերթանի, դամասկոսյան և այլն, տարածված են ամենուր: Վարդենիների արհեստական մշակմամբ հռչակված է հատկապես Իտալիան:
Վարդենու որոշ տեսակներ ունենում են երկար մագլցող կամ փաթաթվող ճյուղեր և երբեմն կիառվում են որպես այգիների ու տների «ցանկապատ», ինչպես նաև թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու միջոց:
Վարդերը բազմագույն են՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, անգամ մանուշակագույն: Նրանք նաև շատ բուրավետ են: Եվ ահա այս բոլոր հատկանիշների, ինչպես նաև իրենց դիմացկունության, երկարակեցութան, «ինքնապաշտպանության» համար են նրան համարվել ծաղիկների թագուհին: Վարդերից թեյ, մուրաբա են պատրաստում, քանի որ բույսը հարուստ է վիտամիններով, հատկապես C վիտամինով: Վարդենու ծաղիկը հիանալի հումք է նաև գինու, լիկյորի, զովացուցիչ ըմպելիքների համար: Իսկ որոշ տեսակներից ստանում են բուրավետ եթերայուղ՝ օծանելիքների արտադրության նպատակով: Վարդենուց ստանում են նաև դեղեր, ներկանյութեր: