Հատվածներ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկից
….Պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքներով, ընծաներով և հրովարտակներով՝ Արշակ թագավորին սիրով իր մոտն էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Իսկ Արշակ թագավորը, թեպետ և ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ողջ զորքը այս բանին չէր համաձայնում: Ուստի նա կամա-ակամա սիրտ արավ խոնարհությամբ հրովարտակ ուղարկել պարսից Շապուհ թագավորին՝ ինչպես հպատակն իր տիրոջը: Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ էր ուղարկում….
Սրանից հետո պարսից Շապուհ թագավորը դարձյալ [պատգամ] ուղարկեց հայոց Արշակ թագավորին և ասաց.
– Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ միմյանց հետ տեսություն անենք և այնուհետև իբրև հայր և որդի լինենք միմյանց, իսկ եթե չես գա, ուրեմն պատերազմ ևս ուզում մեր երկուսիս միջև:
Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով գնա: [Շապուհը] պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց [Արշակին]….
Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ապա ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին: Այնուհետև հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ, վերցրեց իր հետ հայոց զորավար–սպարապետ [Վասակին]՝ իր դայակին, ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը, պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց ներկայացավ պարսից Շապուհ թագավորին:
* * *
Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուրը ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով: Եվ հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ և մյուս մարդկանց հրամայեց հեռանալ, և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր: Խորանում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան.
– Արշակ թագավոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար, ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջկաս քեզ կնության տալ, իսկ դու իմ դեմ խստացար, ինքդ քեզանից, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար և ամբոոջ երեսուն տարի ինձ հետ պատերազմեցիր:
Արշակ թագավորը ասում է.
– Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու, բայց իմ թշնամիները ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին….
Շապուհ թագավորը, նրա ձեռքից բռնած, շրջում է ճեմելով և, իբրև միամտաբար, բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա: Իսկ երբ [Արշակը] այն տեղն է հասնում, հայկական հողի վրա ոտք է դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է խոսել և ասել.
– Հեռո՛ւ ինձանից, չարագո՛րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չե՛մ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք:
….Երբ երեկո եղավ, պարսից թագավորի ընթրիքի ժամը հասավ, սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում միևնույն թախտի վրա՝ իրար մոտ…. Իսկ այդ օրը նախ պատրաստեցին այնտեղ գտնված բոլոր թագավորների բազմելու տեղերը, և ամենից վերջը՝ բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել…. Նա մի կարճ ժամանակ բազմեց, մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին.
– Ի՛մն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես: Վե՛ր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետև մեր ազգի տեղն է եղել այդ, իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ, քեզանից վրեժխնդիր կլինեմ:
Այն ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել երկաթե շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի….
* * *
Քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց պարսից Շապուհ թագավորի հետ, որ Սասանի տոհմից էր: Եվ Շապուհ թագավորը պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա հետ պատերազմելու, Հայոց աշխարհից գերության տարած ամբողջ հեծելազորը նույնպես պատերազմի տարավ, մինչև անգամ հայոց Արշակ թագավորի ներքինուն: Հայոց Արշակ թագավորի այդ ներքինին հավատարիմ պաշտոնյա էր, մեծ իշխանության տեր, շատ սիրված ու պատվված, նրա անունն էր Դրաստամատ:
Դրաստամատն այնտեղ անպատմելի քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց և շատ ախոյանների գլուխներ բերեց նրա առջև…. Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը դարձավ, եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և ասաց.
– Խնդրիր ինձանից, ինչ որ ուզում ես. քո խնդրածը կտամ, չեմ մերժի:
Դրաստամատն ասաց թագավորին.
– Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, բայց միայն՝ հրաման տաս ինձ, որ գնամ իմ բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնեմ: Եվ միայն մի օրվա համար, երբ ես նրա մոտ գնամ, հրաման տուր նրան կապանքներից արձակել, և ես իրավունք ունենամ նրան լվալ, գլուխն օծել, ազնիվ զգեստ հագցնել, նրա համար սեղան պատրաստել, նրա առաջ խորտիկներ դնել, գինի տալ և ուրախացնել նվագարաններով, ճիշտ մի օր:
Շապուհ թագավորն ասաց.
– Դժվար բան խնդրեցիր, որովհետև այն ժամանակից ի վեր, որ պարսից թագավորությունը կանգուն է, և այն բերդը կոչվել է Անհուշ, չի եղել որևէ մարդ, որ համարձակված լինի թագավորներին հիշեցնել որևէ մեկին, որին թագավորները բանտարկել են այնտեղ…. Բայց որովհետն մեծ է քո՝ ինձ ցույց տված ծառայությունը, թող կատարվի խնդիրդ. գնա՛, ինչ որ խնդրեցիր տալիս եմ:
….Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր բնիկ տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, ձեռների ու ոտների երկաթակապերից և վզի շղթաների ծանրությունից, նրա գլուխը լվաց, լողացրեց, նրան ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, նրան բազմեցրեց, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, ինչպես թագավորների կարգն էր, նրան զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց:
Երբ աղանդերի հերթը հասավ, նրա աղջև դրին միրգ՝ խնձոր, վարունգ և ամիճ ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է: Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Երբ նա խմեց, գինին գլուխը զարկեց, հարբեց ռւ հպարտանալով՝ ասաց.
– Վա՜յ ինձ, Արշակիս, ո՞րտեղից ուր ընկա և ի՞նչ օրի հասա:
Այս ասելով՝ դանակը, որ ձեռքին բռնած ուներ, որով միրգը կամ ամիճը պիտի կտրեր, խրեց իր սիրտը և իսկույն մեռավ հենց նստած տեղում: Դրաստամատը, երբ այս տեսավ, վրա ընկավ, դանակը քաշեց, հանեց նրա մարմնից և իր կողը խրեց: Նա էլ նույն ժամին մեռավ: