Հազարավոր տարիներ առաջ մարդիկ, նայելով գիշերային երկնքին, նկատել են աստղերի առանձին խմբեր և դրանք մտովի գծերով միացնելով՝ պատկեր են «ստեղծել» ու անուն տվել՝ Ցուլ, Երկվորյակներ, Արծիվ, Կարապ, Քնար և այլն, և այլն։ Ահա այդ խմբերն են համաստեղությունները։ Անցյալում հայերը համաստեղությունները կոչել են նաև աստեղատներ, այսինքն՝ աստղերի տներ։
Հյուսիսային կիսագնդում ձմռանը լավ տեսանելի են Ցուլ և Երկվորյակներ համաստեղությունները, իսկ ամռանը՝ Արծիվը, Կարապը և Քնարը։ Հարավային կիսագնդում տեսանելի են Հարավային Խաչը, Կենտավրոսը:
Մեր նախնիները համաստեղություններին տվել են նաև այլ անուններ. օրինակ՝ Օրիոնը կոչել են Հայկ Նահապետի, Հերկուլեսը՝ Վիշապաքաղ Վահագնի անուններով: Մեծ Արջն անվանել են Եզներ, Սայլ, Շերեփ:
Համաստեղությունները զանազանելը կարևոր է նավաստիների, օդաչուների, երկրաբանների և ճանապարհորդների համար․ գիշերը դա օգնում է կողմնորոշվելու անծանոթ տեղանքում և չմոլորվելու: Օրինակ՝ Հարավային Խաչը միշտ ցույց է տալիս հարավը. այսինքն՝ նրան նայելիս մենք նայում ենք դեպի հարավ, հետևաբար՝ մեզնից աջ արևմուտքն է, ձախ՝ արևելքը, իսկ թիկունքում՝ հյուսիսը: Նույն կերպ՝ Մեծ Արջի համաստեղության Բևեռային աստղն էլ միշտ ցույց է տալիս հյուսիսը։