Ինձ համար հերոսը նա է, ով…

Արփինե Մովսիսյան

Գորիսի համար 2 հիմնական դպրոց

5-րդ դասարան

 Հետաքրքիր է` կարդո՜ւմ եմ, կարդում անընդհատ, ինքնամոռաց…. Չչեմ կշտանում: Աչքերս կայծակի արագությամբ «կուլ են տալիս» բառեր ու մտքեր. չեմ հագենում:

Կարդում եմ ինչ-որ կարևոր բան կորցրածի պես:

 Եվ այդ ընթացքում լռությունն ինձ թույլ է տալիս վայելել, ընկալել կարդացածս, հասկանալ բազմաշերտ կյանքը, բացահայտել նույնիսկ իմ էության ծալքերը, իմ հակասական խոհերը:

 Ամեն անգամ, ամեն տեղ նոր հերոսի եմ հանդիպում, նոր հոգեկերտվածքի, որը փոխվում է, հղկվում, ողորկվում:

 Աստվա՜ծ իմ, ամենքի մեջ ինձնից մի մասնիկ եմ տեսնում` մի քիչ սեր, գութ, հպարտություն, մի քիչ գրողը տարած ագահություն, տարիքիս հատուկ «մի փունջ» նախանձ, անձնվիրություն, բայց նաև վախկոտություն… Եվւ մի ճանապարհ, որով ես պիտի կարողանամ փոխվել, հերոսանալ…

 Այո՛, հերոսը նա է, ով կարողանում է փոխվել, ով իր միջից գիտակցաբար կարողանում է արմատախիլ անել այն հատկանիշները, որոնք կրծում են ներսից, քանդում ու ավերում մարդկայինը, օտարում անձին ամենքից:

 Ես կարծում եմ` հերոսը նա չէ, ով օրինակ է «էն գլխից». հերոսը նա է, ով ազդվում է, փոխվում, քայլում նոր ուղիով, որը մղում է դեպի վեհը, գեղեցիկն ու բարոյականը:

 Որքան բարի ենք լինում, ձեռք մեկնում, մտահոգվում ու կարեկցում այնքան արժևորված ենք լինում միմյանց համար. հարաբերությունները դառնում են անկեղծ ու անշահախնդիր, կյանքը` քաղցր ու հետաքրքիր:

 Ոչ մի հարաբերություն չի կարող մեզ այնպես ճիշտ ուղղորդել, ինչպես գիրքը:

 Թվում է` կարդացիր, հասկացար. մեծ բան չեր. դա դու էլ գիտեիր:

 Ու հանկարծ չես կարողանում կիրառել: Ճիշտ է, լավ հիշում ես, բայց խորհորդը դեռևս «քո քաշին» չէ: Բայց հենց այն, որ գիտակցում ես դա, արդեն իսկ երևույթի գիտակցման վկայություն է, պատգամի կնիք, նստվածք, որը ոչինչ չի կարող սրբել-տանել:

 Աշխարհում ամեն հնարավորը` լուռ մատուցված, դառնում է կշռաքար, հերոսանալու և փոխվելու կշռաքար, որում չկան ո՛չ տիրելու օրենք ու մոլուցք, ո՛չ ուրիշի համար փորված փոս, ո՛չ էլ չարություն ու դավադրություն:

 Հերոսը նա է, ով փոխվում է ու փոխում, ով արարում է ու սրբորեն պահպանում, ով դիմանում է, պայքարում ու չի չարանում: Հերոսը նա է, ով պատվով է ընդունում ցանկացած հարված, ով սխալները փնտրում է հենց իր մեջ:

 Ու տարիներ անց Հայկ Նահապետի ու Սասունցի Դավթի կերպարներից ոգևորված քո խրոխտ խոսքերն ու երդումները մի օր փորձվելու առիթ են դառնում, որոնք կարող են վերածվել սխրանքի, մեծ գործի, եթե խույս չտանք, խիզախենք:

Եվ հասկանում ենք, որ մենք ենք այդ հերոսը` պատմության կերտողը, ու առանց հետ նայելու առաջ ենք նետվում` սեփական այրամբ փրկելու հողը հայրենին` մշուշված աչքերի մեջ նշմարելով մեզ կյանք տված մոր արտացոլանքը:

 Հերոսը նա է, ով չի ընկրկում, չի նահանջում, ով առաջնորդվում է ազնիվ ու վեհ գաղափարներով ու փրկում ազգայինը:

 Ուստի իմ կարդացած հեքիաթներում բոլոր՝ դեպի բարին փոխված մարդիկ իմ հերոսներն են, որունց հետ ես անցա բովանդակ ճանապարհ, ճշմարիտ կյանք տանող լուսե ճանապարհ…

Հավանեցի՞ր. տարածիր