Կողմնորոշում տեղանքում

Հայաստանը, որքան էլ տարածքով փոքր, բայց լեռնային երկիր է՝ լի բազմաթիվ չբացահայտված ու անծանոթ վայրերով։ Այդ պատճառով տարբեր արշավների, ուխտագնացությունների ժամանակ խմբից անջատվելու դեպքում տեղանքում մոլորվելու հավանականությունը բացառված չէ ոչ ոքի համար։

Նորություն չենք հայտնի, եթե ասենք, որ նման ճամփորդություններից առաջ անչափ ցանկալի է ուղեպարկում կողմնացույց, քարտեզ, ամբողջույթամբ լիցքավորված սմարթֆոն, կապի հնարավորություն տվող այլ սարքավորումներ ունենալ։

Արեգակի և ժամացույցի օգնությամբ էլ կարելի է որոշել Երկրի կողմերը։ Հյուսիսային կիսագնդում Արեգակը գտնվում է՝

  • արևելքում՝ գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 7:00-ին, ամառային ամիսներին` ժամը 8:00-ին․
  • հարավում՝ գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 13:00-ին, ամառային ամիսներին` ժամը 14:00-ին, իսկ ձմեռային ամիսներին` ժամը 13:00-ին․
  • արևմուտքում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 19:00-ին, ամառային ամիսներին` ժամը 20:00-ին:

Եկեղեցիները նույնպես կարող են շատ լավ կողմնորոշիչներ լինել, քանի որ նրանց խորանը միշտ կառուցված է լինում արևելյան մասում, մուտքը` արևմտյան, իսկ արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին:

Մամուռների ու քարաքոսերի առկայության դեպքում ևս կարելի է կողմնորոշվել տեղանքում: Դրանք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից, ուստի աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում:

Մրջյուններն էլ, ընդհակառակը, սիրում են արևի ճառագայթները, ուստի նրանց թմբերը լինում են ծառերի բների հարավահայաց կողմերին, ինչը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ջերմությունից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` դեպի հյուսիս:

Ձյունն ավելի երկար է պահպանվում սարալանջերի հյուսիսային կողմում:

Խոտը գարնանը հարավային լանջերին է ավելի փարթամ։

Անտառուղիները միշտ ձգվում են հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք: Հետևաբար անտառում ճանապարհը կորցնելու դեպքում պետք է անընդհատ շարժվել միևնույն ուղղությամբ, մինչև ի վերջո հանդիպեք խաչմերուկի: 

Մենավոր ծառ նկատելիս հիշեք, որ նրա այն ճյուղերը, որոնք ավելի փարթամ են, գտնվում են հարավային կողմում։

Հատված ծառի կոճղերին նայելիս նրանց վրա էլ կարելի է որոշել հորիզոնի կողմերը. բների հյուսիսային կողմում ավելի հստակ են երևում տարեկան օղակների կորերը։

Սնկերն աճում են հիմնականում ծառերի հյուսիսային կողմում:

Աղբյուրները՝ dasaran.net, armgeo.am և armland.am

Հավանեցի՞ր. տարածիր