Նարե Իսայան
Թոմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց
5-րդ դասարան
Բարև Ձեզ։ Իմ անունը Նարե է։ Ես այսօր գրելու եմ երջանկության մասին։ Ընտրեցի երջանկության թեման, որովհետև ուզում եմ բոլորին ցույց տալ, որ յուրաքանչյուր մարդ պետք է շնորհակալ լինի երկրագնդի վրա իր ապրած վայրկյանների համար. դա արդեն իսկ երջանիկ լինելու պատճառ է։
Մեր նպատակներին հասնելը շատ կարևոր է ու երջանիկ լինելու գլխավոր նախապայմաններից է։ Իմ ամենամեծ երազանքն է Հայաստանում ապրելը։ Երբ գիտակցել եմ, որ հայ եմ, միշտ ծնողներիս հարցրել եմ թե ինչո՞ւ եմ օտար երկրում ապրում։ Անցած տարի ամռանը առաջին անգամ եկա Հայաստան։ Օդանավակայանում ինձ դիմավորում էին տատիկս ու մորեղբայրներս։ Իրենց աչքերում ուրախության արցունքները երջանիկ լինելու ապացույց էին։ Ես էլ երջանկությունից ուզում էի գրկել ծանոթ-անծանոթ բոլոր մարդկանց: Այդ զգացումը աննկարագրելի է. այստեղ ես դա չեմ զգում։
Դեպի երջանկություն տանելու իմ ճանապարհը տեսնում եմ տիեզերագետ դառնալու մեջ։ Տիեզերքն իր բյուրավոր գաղտնիքներով, աննկարագրելի փաստերով ու արկածներով ինձ շատ է հետաքրքրում։ Եթե կարողանամ իրականացնել երազանքս, կլինեմ շատ երջանիկ։
Յուրաքանչյուր մարդ արժանի է, որ մենակ չլինի։ Ընտանիք ունենալը, ընտանիքի անդամների առողջ ու միասնական լինելը մեր երջանկությունն է։ Ընտանիքների մեջ մայրիկն ու հայրիկը նրբությունն ու քաջությունն են, երեխաներն՝ աշխուժությունն ու ուրախությունը, իսկ տատիկ-պապիկները՝ խաղաղությունն ու բարությունը։ Ընտանիքի սերը ամեն ինչ է։ Եվ հենց այս սերն է երջանկությունը։ Երջանկություն է կյանքդ անց կացնել այն մարդկանց հետ ում սիրում ես։
Քանի որ ընտանիքը երջանիկ է լինում միասին, չեմ կարող մտածել պատերազմների մասին ու չտխրել։ Որքա՜ն հայրիկներ են մնում պատերազմի դաշտում և որքա՜ն մայրիկներ են դառնում միայնակ։ Ինչո՞ւ է այդ ամենը կատարվում։ Մի՞թե հնարավոր չէ հաշտ ու խաղաղ ապրել։ Ինչո՞ւ են մարդիկ այսքան վայրենի։ Ինչպե՞ս կարող են ուրիշներին դժբախտացնել, հազավոր երեխաների որբացնել ու հանգիստ ապրել։ Ես չեմ ուզում որևէ երեխա սոված քնի, որևէ երեխա առանց ծնողների մեծանա։ Ես խաղաղություն եմ ցանկանում աշխարհին, որը երջանկություն կբերի բոլոր մանուկներին։։
Երջանկությունը սեր է, իսկ սերը՝ հույս։ Իմանալը, որ մեկը քեզ սիրում է, իրական նվեր է՝ ամբողջ կյանքի համար։ Երբ քեզ սպասում են, քո հաջողություններով ուրախանում են, իսկ դժվար օրերին կողքիդ են, դու քեզ երջանիկ ես զգում։ Հույսը ուժ է տալիս բոլոր առումներով՝ առաջ գնալու, հաղթահարելու դժվարությունները, կյանքում մեր ուրույն տեղն ունենալու և լավ մարդ դառնալու համար։ Ես երջանիկ եմ, որովհետև ինձ սիրում են իմ ծնողները, քույրիկս ու եղբայրս, իմ ընկերներն ու ուսուցիչները, իմ բոլոր հարազատները։
Ինձ համար երջանկություն է դպրոց հաճախելը, պատշաճ դասաժամեր ունենալը, ընկերներիս հետ դասամիջոցներին խաղալը, զրուցելը։ Հիմա մի տեսակ ամեն ինչ խառնվել է իրար, և դա ինձ շատ է տխրեցնում։ Բայց ես հավատում եմ, որ այս ամենը շուտով կավարտվի, ու կվերադառնանք մեր երջանիկ մանկական կյանքին։
Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև ապրում եմ այս հրաշալի մոլորակի վրա։ Ապրում եմ իմ ծնողների ու թանկ մարդկանց սիրով շրջապատված, արթնանում եմ թռչունների անուշ ձայներից, զգում արևի ճառագայթների ջերմությունը։ Արևն ինքն իրենով երջանկություն է։ Երբ արևի ճառագայթը գնում է ու հասնում բոլորի բարի սրտերին, կարծես ասում է մարդկանց․ «Մարդի՛կ, ուրախացե՛ք մեկդ մյուսի ուրախությամբ, երջանկացրե՛ք իրար ու եղե՛ք երջանիկ»։ Եթե ես կարողանայի, կդառնայի մի արևի շող ու կերջանկացնեի աշխարհի տխուր երեխաներին։