Երջանկություն է, երբ…

Թինա Մաշուրյան

Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց

5-րդ դասարան

Երջանկությունն ուրիշ մարդկանց՝ մեր նվիրած փոքրիկ ուրախություններն են: Լինում է, երբ մենք ենք ընտրում երջանիկ լինել, թե չլինել, երջանկություն տալ, թե պահանջել, որովհետև մեզանից մեկի համար երջանկությունը դիմացի մարդկանց ժպիտ պարգևելն է, մյուսի համար՝ պահանջելը: Օրինակ՝ մենք չենք ընտրում ծնվել երկու ձեռքով, բայց մեր ունեցած մեկ ձեռքով էլ կարող ենք խանութից դուրս եկող տատիկի համար բացել ծանր դուռը: Երջանկությունն ընտրություն է լավը և ոչ լավը լինելու միջև:

Մի առավոտ՝ սովորական մի շաբաթ օր, երբ պատուհանից նայում էի դեպի բակ, տեսա, որ մեր առաջին հարկում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ոչ ոք չէր ապրում, պարանին շորեր կային կախված: Հասկացա, որ նոր հարևաններ ունենք, բայց տարօրինակն այն էր, որ շորերի վրա ամրակներ չկային: Հաջորդ՝ կիրակի առավոտյան նույնպես շորեր կային պարանին՝ դարձյալ առանց ամրակների: «Երևի ամրակներ չունեն»,- մտածեցի ես ու հիշեցի, որ մենք պահոցում ամրակների նոր տուփ ունենք: Որոշեցի, որ նոր ամրակները մեզ այնքան էլ պետք չեն. մայրիկը հետո ուրիշները կգնի:

Երկուշաբթի առավոտյան պայուսակիս մեջ գրքերիս կողքին արդեն դրված էին նաև մեր նոր ամրակները՝ «Գրանդ Քենդիի» լոգոյով տոպրակի մեջ: Երբ իջա, առաջին հարկի հարթակի մոտ մի քանի վայրկյան կանգնեցի, համոզվեցի, որ ոչ ոք չի տեսնումի, պայուսակից հանեցի տոպրակը ու կախեցի մեր նոր հարևանների դռան բռնակից: Դպրոցի ճանապարհին այնքա՜ն երջանիկ էի այն մտքից, որ տոպրակի մեջ նրանց փոքրիկ ուրախություն եմ նվիրել, և ոչի՛նչ, որ մայրիկը հետո չի գտնի մեր նոր ամրակները:

Դպրոցում ժամանակը դանդաղ էր ընթանում, անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջանան դասերը, որ տուն գնամ:

Արդեն առաջին հարկի հարթակի մոտ էի և ի՞նչ տեսնեմ. իմ՝ «Գրանդ Քենդիի» լոգոյով տոպրակը կախված էր նորեկների դիմացի բնակարանի՝ Անիկ տատիկենց դռան բռնակից՝ մեջը շոկոլադի տուփ: Ես. մնալով անանուն, մեր նորեկ հարևաններին պարտավորեցրել եմ յուրաքանչյուրի մեջ տեսնել իրենց օգնողին. ես նրանց բարության եմ մղել: Իմ երջանկությանը չափ չկար միայն այն մտքից, որ երբ Անիկ տատը տեսնի շոկոլադի տոպրակն իր բռնակին, կմտածի՝ գուցե երրորդ հարկի Աննա մորաքույրն է դա թողել:

Իրական երջանկությունն այն է, երբ գիտես, որ ուրիշի երջանկության՝ փոքրիկ ուրախության պատճառը, դու ես, երբ հասկանում ես, որ բարությամբ ես վարակել շուրջդ բոլորին:

Հավանեցի՞ր. տարածիր