«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. հայ մանուկների համար ստեղծված սույն նախագիծը հայերենի այբուբենը ներկայացնող և ուսուցողական հնարավորություններ ունեցող էլեկտրոնային հետաքրքրաշարժ խաղ է: Այն հասցեագրված է նախադպրոցական տարիքի ոչ տառաճանաչ երեխաներին՝ ինքնուրույն և ծնողների հետ աշխատելու համար: Միևնույն ժամանակ այբուբենի էլեկտրոնային մատուցման այս խաղային տարբերակը կարող է նաև որպես ուսումնաօժանդակ նյութ ծառայել գրաճանաչության ուսուցման փուլում և արդեն գրաճանաչ երեխաների համար: Այս ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակ ունի հայ երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների հարստացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Սակայն, բնական է, երեխաների՝ վերը նշված խմբերից յուրաքանչյուրի համար այլ են ոչ միայն նպատակներն ու խնդիրները, այլև գործադրության եղանակները: Ստորև կփորձենք ներկայացնել բաղադրիչներից յուրաքանչյուրի նպատակներն՝ ըստ հետևյալ տարիքային խմբերի.
«առաջին խումբ»՝ նախադպրոցական ոչ գրաճանաչ երեխաներ (Հայաստանում կամ Սփյուռքում բնակվող. վերջինիս դեպքում ՝ նաև այն երեխաները, ովքեր այլ լեզուներով գրաճանաչ են),
«երկրորդ խումբ»՝ գրաճանաչ երեխաներ «Այբբենարանն» ավարտած, հայերենի տառերը ճանաչող, գրելու և կարդալու կարողություններ ունեցող,
«երրորդ խումբ»՝ գրաճանաչության ուսուցման փուլում գտնվող երեխաներ:
Նշված խմբերից յուրաքանչյուրի համար ներկայացվող ծրագրի բաղադրիչները ուսուցողական տարբեր նպատակ և արժեք ունեն, հետևաբար օգտագործման տարբեր մոտեցումներ են պահանջում:
«Առաջին խումբ»
Այս խմբի համար առավել կարևոր ու նպատակային են այբուբենի՝ տառերի մատուցումը, հանելուկները գուշակելու, առաջարկվող մանկական գողտրիկ բանաստեղծություններն ու երգերն ունկնդրելու, գուցե նաև՝ սովորելու (բազմակի գործածության դեպքում դա կստացվի ինքնըստինքյան՝ առանց հատուկ ջանքերի) բաղադրիչները:
«Տառախաղը» և տառի գրությունը ցուցադրող բաղադրիչները երեխաների այս խմբին առաջարկվում են որոշակի վերապահումներով:
Տառախաղի ուսուցողական արժեքն առաջին խմբի երեխաների համար (ինքնուրույն՝ առանց ծնողի, խաղալու դեպքում) սահմանափակվում է մատուցվող տառը (տառապատկերը) մտապահելու, այդ տառի դիրքը բառում գտնելու, արդեն ծանոթ տառերը (եթե այդպիսիք կան տրված բառում) նկատելու և վերհիշելու, տառերի (տառապատկերների) հաջորդականությունը մտապահելու գործողություններով: Վերջինս առավելապես մեխանիկական բնույթ և զուտ տեսողական հիշողությունը մարզելու արժեք կունենա, եթե երեխան միայնակ «զբաղվի», իսկ ծնողի հետ աշխատելու դեպքում աշխատանքը կարելի է ավելի նպատակային դարձնել՝ նկարով տրված բառը արտասանել տալով՝ հնչյունները որոշել-առանձնացնելով, եղած տառերի մեջ դրանց համապատասխանող տառերը գտնելով, եթե դրանք արդեն ծանոթ են նրան, և դրանց տեղը բառում որոշելով: Այս դեպքում խաղը կունենա նաև հնչյունային լսողություն զարգացնելու, կարդալու նախնական մեխանիզմներ ձևվորելու արժեք, ինչը կնպաստի հետագայում կարդալու և գրելու ուսուցմանը:
Այս խմբի համար ուսուցողական համանման արժեք ունի նաև տառի գրությունը ներկայացնող էջը: Այն բաղկացած է երկու բաղադրիչից՝ տառի կազմությունն ու գրության ձևը ցուցադրող և այդ տառը պարունակող գրված բառեր ներկայացնող: Դրանցից առաջինն այս խմբի երեխաների համար առավել նախընտրելի է ու նպատակային կլինի, քանի որ կօգնի երեխային մի կողմից՝ ճանաչելու ձեռագիր տառատեսակը, մյուս կողմից՝ ցանկության դեպքում, երեխան կարող է սովորել տառի գրությունը: Մինչդեռ գրված բառերի ցուցադրումը այս խմբի երեխայի համար զուտ բառապատկեր տեսնելու, մատուցված տառը բառի մեջ նկատելու արժեք ունի, որին կարող է ավելանալ վերևում արդեն բերված՝ բառը հնչյունային վերլուծության ենթարկելու (իհարկե, որոշ վերապահումով) գործընթացը:
Սակայն վերջին երկու բաղադրիչները՝ տառախաղը և տառի գրության ներկայացումը, որոնք գրված (տպագիր կամ ձեռագիր) բառեր են պարունակում, որոշակի խնդիրներ կարող առաջացնել այս խմբի, այսինքն՝ կարդալ և գրել չիմացող երեխաների համար, ինչը պայմանավորված է հայոց լեզվի հնչյունների և տառերի անհամապատասխանությամբ: Բանն այն է, որ խաղային այս ծրագիրը չի հետապնդում գրել-կարդալ սովորեցնլու նպատակ. մասնավորապես օգտվողների առաջին խմբի համար այն ունի հայերենի այբուբենին ծանոթանալու՝ հայերենի տառերը ճանաչելու նպատակ, այսինքն՝ երեխան սովորում է հնչյունն ու տառը զուգադրել, տառապատկերը ճանաչել, ուստի ուղղագրության հետ առնչվող որոշ իրողությունների, որոնց հետ երեխան պետք է առնչվի արդեն կարդալիս և գրելիս, հեղինակները նպատակահարմար չեն գտել անդրադառնալու՝ թյուրիմացություններից խուսափելու համար: Մասնավորապես՝ ,,է,, և ,,օ,, հնչյունների՝ երկու տարբեր տառերով գրությունը՝ է(ե), օ(ո), ապա նաև՝ ե, ո, և տառերի՝ երկու կամ երեք հնչյունների (և) նշան լինելու հանգամանքը և գաղտնավանկի ը-ի երևույթը կարիք ունեն մասնագիտական բացատրության, մինչդեռ ծրագրի «լայն» գործածության դեպքում միշտ չէ, որ հնարավոր է այդպիսի մեկնաբանությունն ապահովել: Սխալ մոտեցման կամ մեթոդիկայի կիրառման պարագայում լեզվական այդ երևույթները ոչ միայն չեն ընկալվի երեխայի կողմից, այլև ոչ ճիշտ պատկերացումների ձևավորման պատճառ կարող են դառնալ: Ահա թե ինչու՛ տառախաղը և ձեռագիր տառը ցուցադրող էջի ստորին հատվածը հասցեագրված են առավելապես գրաճանաչ երեխաներին, ում համար վերևում քննարկվող երևույթներն արդեն ծանոթ ու հասկանալի են:
Սակայն մենք լիովին չենք բացառում այդ էջերի դիտումն ու առաջադրանքների՝ երեխայի կարողությունների չափով կատարումը, եթե դրանք ընդգրկվում են երեխաների հետաքրքրությունների սահմաններում. պարզապես անհրաժեշտ է զգույշ լինել վերը նշված հարցերի բացատրության ժամանակ, եթե դրանք կծագեն երեխայի մոտ:
Եվս մի քանի պարզաբանում.
.Այբուբենի մատուցման ոչ ավանդական ձևը պայմանավորված է էկրանի չափերով:
.Այբուբենի յուրաքանչյուր տառին վերաբերող էջը կարելի է բացել ցանկացած պահի, ցանկացած հաջորդականությամբ. դա պամանավորված է մի կողմից՝ նախագծի հիմնական՝ խաղային բնույթով ու նպատակով, մյուս կողմից՝ այն հանգամանքով, որ ծրագիրը հասցեագրված է գիտելիքների և կարողությունների տարբեր մակարդակ ու նպատակ ունեցող երեխաների:
.Այբուբենը ներկայացնող էկրանի վրա տառն ընտրելուց հետո բացվում է խաղի գլխավոր էջը. թե՛ այս էջում, թե՛ այբուբենի էջում ձայնավորները ներկայացվում են կարմիր գույնով, բաղաձայնները՝ կապույտով, իսկ երկհնչյուն կամ եռահնչյուն տառերը (ե, ո, և )՝ կանաչով: Եթե առաջին խմբում ընդգրկվող երեխան նկատի գունային տարբերությունները, պետք է ընդամենը բացատրել, որ հնչյունները տարբեր տեսակների են լինում, և դրանց տառերը տարբեր գույներով են ներկայացված՝ տարբերակելու համար: Երկրորդ և երրորդ խմբերի երեխաների համար, ովքեր արդեն գրաճանաչ են կամ գրաճանաչության ուսուցման փուլում են, ձայնավոր և բաղաձայն հնյուններ հասկացությունները ծանոթ և հասկանալի կլինեն:
Երկրորդ խումբ
Այս խմբի երեխաների պարագայում, ովքեր արդեն գրաճանաչ են, ունեն կարդալու և գրելու որոշակի (այս կամ այն չափով ձևավորված) կարողություններ, խաղային այս ծրագիրը որևէ դժվարություն չի ներկայացնի. նրանց համար խաղի՝ այբուբենի բաղադրիչը կարող է ունենալ տառերը (տպագիր կամ ձեռագիր տառատեսակները) վերհիշելու, կրկնելու նպատակ, իսկ խաղի բուն հետաքրքրությունը և դրանով զբաղվելու մոտիվացիան կենտրոնացած է լինելու խաղի մյուս բաղադրիչների մեջ, որոնք «թաքնված են». դրանց «բանալիները» այբուբենի տառերն են, որոնք հայտնվում են տրված հանելուկը ճիշտ գուշակելուց հետո: Երեխան կարող է ինքնուրույն ընթերցել առաջադրվող բանաստեղծությունները՝ որպես ինքնուրույն ընթերցանության նյութ, կամ լսել հաղորդավարին, ապա կարդալ՝ փորձելով ընդօրինակել նրան: Երգերը կարող է ոչ միայն ունկնդրել, այլև խոսքերին հետևելով՝ ձայնակցել փոքրիկ երգիչներին: Հանելուկները կարող է կարդալ ու գուշակել ինքնուրույն կամ խաղալ որևէ մեկի հետ: Տառախաղը միանգամայն մատչելի կլինի, քանի որ նախատեսված է հատկապես այս խմբի համար: Երեխան պետք է արագ կարդա գրված բառը, ապա այն «քանդվելուց» հետո փորձի «հավաքել» (այն դեպքում, երբ երեխան չի հասցնում կարդալ բառը, նրան հուշում է նկար-բառը): Այս խաղի միջոցով կատարելագործվում են երեխայի՝ վերլուծելու և համադրելու, հնչյունային վերլուծություն կատարելու կարողությունները. բառը ենթարկվում է հնչյունային վերլուծության, կատարվում է հնչյունների և նրանց համապատասխանող տառի զուգադրում և այդ տառերը, համապատասխան հաջորդականությամբ դասավորվելով՝ համադրվում և բառ են կազմում: Տառի գրությունը ներկայացնող էջը այս խմբի երեխաների համար կարող է ունենալ տառի գրությունը վերհիշելու, ընդհանրապես տառերի ձեռագիր տարբերակները կրկնելու, ձեռագիրը կարդալու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև տրված բառերի ուղղագրությունը ամրապնդելու նպատակ:
Երկրորդ խմբի երեխաների համար այս ծրագիրը կարող է ծառայել ոչ միայն որպես ժամանցի կամ ինքնակրթության միջոց, այլև կարող է դառնալ ուսումնաօժանդակ նյութ, որը մայրենիի դասընթացի սահմաններում կարող է կիրառվել տարրական դասարանների ուսուցիչների կողմից. ուսուցիչը կարող է՝ ա/ սույն ծրագրից աշակերտներին որոշակի հանձնարարություններ տալ՝ այս կամ այն առաջադրանքը ինքնուրույն կատարելու համար, բ/ ծրագի որոշ բաղադրիչ-էջերից համապատասխան թեմատիկայով դասերի կամ հանդեսների համար լրացուցիչ նյութ քաղել, գ/ ծրագրի շրջանակներում և կիրառմամբ համակարգիչների առկայության դեպքում՝ համադասարանական (անհատական կամ խմբային) համակարգչային՝ զանազան բովանդակություն և նպատակներ ունեցող մրցույթներ կազմակերպել և այլն:
Երրորդ խումբ
Այբուբենի էլեկտրոնային սույն ծրագիրը որոշակի առանձնահատկություններ ունի նաև այս խմբի երեխաների կողմից գործածվելու դեպքում. այն նպատակահարմար է գործածել ուսուցմանը զուգահեռ՝ անկախ այն բանից, թե ի՛նչ հիմունքով են դրանք կիրառվելու՝ որպես ուսումնաօժանդակ նյութ՝ դիդակտիկ խաղ՝ ուսուցչի հանձնարարությամբ կամ նրա կողմից, թե որպես ժամանցային խաղ երեխայի կողմից: Սա նշանակում է, որ հակառակ այն հնարավորության, որ այբուբենի բոլոր տառերը «բաց» են, այսինքն՝ դրանք կարելի է բացել ցանկացած պահի, ցանկացած հաջորդականությամբ, գրաճանաչության ուսուցման փուլում խորհուրդ է տրվում աշխատել ըստ «Այբբենարանի», այսինքն՝ ըստ տառերի՝ «Այբբենարանում» առաջարկվող հաջորդականության՝ դաս-դաս՝ առանց առաջ ընկնելու և տառերի ուսուցման հաջորդականությունը խախտելու, քանի որ այս խմբի երեխաների համար ծրագիրը ձեռք է բերում ուսուցողական արժեք: Եթե ծրագիրը գործածվում է դպրոցում՝ որպես ուսումնաօժանդակ տեխնոլոգիա, ուսուցիչը պետք է իր առաջադրանքներով ու հրահանգներով ուղղորդի երեխային և ապահովի խաղից օգտվելու վերը նշված կանոններն ու պայմանները. այսպես, եթե «Այբբենարանով» անցնում են ,,խ,, հնչյուն-տառը, ապա այդ օրը դասարանում կամ տանը կարելի և անհրաժեշտ է աշխատել հենց այդ տառի շուրջ (կամ արդեն անցած տառերի շուրջ՝ կրկնելու և ամրապնդելու նպատակով): Գրաճանաչության փուլում զանազան տառերի միանգամից և անկանոն ներմուծումը, թեկուզ խաղային նպատակով ու ճանապարհով, կարող է խոչընդոտել թե՛ անցած հնչյուն-տառերի մտապահմանը, թե՛ կարդալու և գրելու կարողությունների ձևավորման գործընթացին, թե՛ տառերը շփոթելու պատճառ դառնալ: Բացի այդ՝ այս ձևով հնարավոր կլինի խուսափել կարդալու և գրելու ուսուցման հետ առնչվող այն խնդիրներից, որոնց մասին խոսվեց վերևում (երկտառ հնչյունների, երկհնչյուն և եռահնչյուն տառերի կապակցությամբ). դրանք կլուծվեն «Այբբենարանով» իրականացվող դասերի սահմանում և միջոցով, ուստի համակարգչով աշխատելիս կամ խաղալիս երեխաներն իրենց ձեռք բերած գիտելիքներին հակասող, անհասկանալի ու անծանոթ երևույթների չեն հանդիպի:
Հանելուկների, բանաստեղծությունների, երգերի ունկնդրումը (հանելուկների դեպքում՝ նաև գուշակումը) կարող է իրականացվել նույն ձևով, ինչպես առաջին խմբի երեխաների դեպքում, սակայն ուսուցչի կողմից դրանք կարող են դառնել դասագործընթացն ավելի հարստացնելու, հետաքրքրական դարձնելու, նոր նյութերով համալրելու միջոց, քանի որ ծրագիրը աշխատանքային (ուսուցողական խաղեր իրականացնելու) լայն հնարավորություններ է ընձեռում: Այն կարող է նպաստել նաև միջառարկայական կապերի ստեղծմանը: Դասարանական աշխատանքներում ծրագիրն ընդգրկելու, այսինքն՝ որպես ուսումնաօժանդակ տեխնոլոգիա կիրառելու դեպքում հիմնական էջը կարող աշխատանքային գործիք և նյութ դառնալ նաև էջում ներկայացված բոլոր բառերի շուրջ լեզվական վերլուծական աշխատանքներ կատարելու համար. եթե ամբողջ ծրագրում շրջանառված ու ընդգրկված են միայն մատուցվող հնչյուն-տառով սկսվող հինգ բառ (հնարավորության սահմանում), ապա բանավոր աշխատանքի ժամանակ էջում ընդգրկվող բոլոր նկար-բառերի շուրջ կարելի է բազմաբնույթ աշխատանքներ առաջադրել՝ հնչյունային, վանկային, բառային, իմաստային-տրամաբանական, խոսքի զարգացման: Այսպես՝ հնչյունային լսողությունը զարգացնելու և վերլուծական-համադրական կարողություններ ձևավորելու նպատակով կարելի է առաջադրել ներկայացվող հնչյուն-տառը տրված բառերի մեջ տարբեր դիրքերում (բառասկիզբ, բառամեջ, բառավերջ) դիտարկելու վերաբերյալ խաղ, ուղղագրական նախագիտելիքների ուսուցման տեսանկյունից հետաքրքրական կլինի հասարակ և հատուկ անունների ուղղագրությանն անդրադառնալը, քանի որ համարյա բոլոր տառերի դեպքում էջում առկա են հեքիաթային հերոսներ: Խաղը հնարավորություն կտա իրականացնելու նաև բանավոր խոսքի զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ: Այսպիսով՝ համակարգչի (համակարգիչների) և ուսուցչի ստեղծագործական աշխատանք կատարելու ցանկության առկայության դեպքում ծրագիրը կարող է դառնալ ուսումնական գործընթացի բաղադրիչ մասնիկը:
Տառախաղի այն տեսակը, որն ընդգրկված է այս ծրագրում, գրաճանաչություն սովորող երեխայի համար գրուսուցման փուլում այնքան էլ նպատակահամար չէ կիրառել նույն պատճառով, ինչը նշվեց վերևում. կարդալ սովորող երեխային, ուսուցողական նկատառումներից ելնելով, ցանկալի չէ չանցած տառեր պարունակող բառերով խաղեր առաջադրել, քանի որ դա կարող է անցանկալի ազդեցություն ունենալ կարդալու, գրելու կարողությունների ձևավորման գործընթացների վրա: Այդ խաղերին կարելի է անդրադառնալ հետայբբենական շրջանում. ուսումնական գործընթացի այս փուլում այն շատ օգտակար կլինի անցած հնչյուն-տառերի կրկնության, արդեն սովորած գիտելիքների և ձևավորված կարողությունների ամրակայման համար:
Տառի գրությանը նվիրված էջի վերին հատվածը, որը ցուցադրում է տառի ձեռագիր տարբերակը, այն կազմող մասնիկները և դրանց գրության շարժման ուղղությունը, կարող է օգտակար լինել գրուսուցման փուլում և գործընթացում, ուստի այն կարելի է ընդգրկել այս ծրագրով երրորդ խմբի երեխաների համար նախընտրելի աշխատանքների ցանկում. այն կարող է դիտվել թե՛ երեխայի կողմից ինքնուրույնաբար տանը, թե՛ ուսուցչի հրահանգով դասարանում: Ինչ վերաբերում է էջի ստորին հատվածին՝ գրված բառերին, ապա այն դիտարկելն ու վերլուծական աշխատանք կատարելը այս խմբի երեխաների կողմից նպատակահարմար չէ վերևում արդեն շարադրված պատճառներով: Սակայն հետայբբենական փուլում, ինչպես և տառախաղերի պարագայում էր, այդ բաղադրիչը ոչ միայն մեծապես կնպաստի ձեռք բերած կարողությունների ամրակայմանը, այլև միանգամայն համապատասխանում է գրաճանաչության այդ փուլի ուսումնական խնդիրներին:
Վստահ ենք, որ գործածության այս առանձնահատկություների հաշվառումը կօգնի ծրագրի առավել նպատակային ու արդյունավետ կիրառությանը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սպասում է օգտատերերի՝ ծնողների, ուսուցիչների և շահագրգիռ այլ մասնագետների կարծիքներին և նկատառումներին, որոնք շահեկան լինելու պարագայում հաշվի կառնվեն ծրագրի բարելավման և կատարելագործման ժամանակ: