Գայլը

Առակներում, հեքիաթներում և առհասարակ գեղարվեստական գրականության մեջ գայլը միշտ բացասական կերպարի մարմնացում է։ Պատճառը պարզ է․ այն գիշատիչ կենդանի է՝ ուժեղ, հանկարծահաս, հաճախ էլ՝ անորսալի։

Գայլը պատկանում է շնազգիների ընտանիքին։ Բայց ի տարբերություն շների մեծ մասի՝ նա խոշոր է՝ երբեմն 1,5 մետրից ավելի երկարությամբ և միջինում 50 կգ զանգվածով։ Ապրում է տափաստաններում, անապատներում, անտառներում և հանդիպում երեք աշխարհամասերում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Տափաստաններում և անապատաներում գայլերի բները գետնափոր են։ Անտառային տեսակներն ապրում են որջերում կամ եղեգնուտներում, իսկ լեռնայինները՝ քարանձավներում:

Գայլը հիմնականում մոխրագույն է լինում, սակայն ձմռանը տունդրայում նա դառնում է գրեթե ճերմակ։

Գայլը որսում է սմբակավոր կենդանիների՝ ընտրելով ամենաթույլերին ու ծերերին։ Հաճախ նրա զոհն են դառնում նաև նապաստակները:

Գայլերը խուսափում են մարդկանցով բնակեցված վայրերից, բայց երբ այլ տեղերում սնունդ չեն գտնում, հարձակվում են նաև գյուղերում, ագարակներում պահվող ընտանի կենդանիների վրա։

Հայաստանում տարածված է գայլի մեկ ենթատեսակ՝ խոշոր, բաց գույնի երկար ու խիտ մորթով:

Մայր գայլի որջն անչափ դժվար է հայտնաբերելը, որովհետև նա շատ զգուշավոր է ու խորագետ։

Գայլն ունենում է 3-ից մինչև 13 ձագ, որոնք ծնվելուց հետո շուրջ մեկ ամիս կամ ավելի կերակրվում են միայն մայրական կաթով:

Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը գայլային ընտանիքները թողնում են իրենց որջերը, ոհմակ կազմում և դուրս գալիս «արշավանքի»՝ միասնաբար դիմակայելու ձմռան սովին։ Այդ ժամանակ նրանք երբեմն կտրում-անցնում են հարյուրավոր կիլոմետրեր, բայց այնպես զգույշ և այնպես արագ, որ մարդիկ չնկատեն: Այդ ողջ ընթացքում ոհմակի բոլոր անդամները «պարտավորվում» են կերակրել ու խնամել իրենց խմբի ձագերին: Ուշագրավ է նաև, որ ոհմակի առաջնորդը միշտ ընթանում է խմբի վերջից, որպեսզի հսկի մյուս բոլոր անդամներին։ Այնպես որ անգամ այս վտանգավոր գիշատիչներից մարդը երբեմն սովորելու բան է ունենում։

Երբ գայլերը կռահում են, որ իրենց հետապնդում են, անմիջապես հեռանում են «ռիսկային» վայրից և երկար ժամանակ այլևս չեն վերադառնում այնտեղ։

Գայլերն ապրում են 15-20 տարի:

Հավանեցի՞ր. տարածիր