Գիրքը, որը փոխեց աշխարհին ուղղված իմ հայացքը

Անգելինա Գրիգորյան

Վանաձորի համար 1 հիմնական դպրոց

8-րդ դասարան

Ամեն մարդ, լինի մեծ թե փոքր, ունի երազանքներ, նպատակներ, որոնց հասնելու համար մտովի ուղիներ է կառուցում: Յուրաքանչյուրն ունի իր մոլորակը, որտեղ վաղուց կատարվել և կատարվում են իր բոլոր, նույնիսկ անիրական թվացող երազանքները: Ամեն ոք տարբերվում է մյուսներից, հետևաբար ամեն մեկի մոլորակը նույնպես տարբեր է: Այսպես` մեկի մոլորակում տեղ են գտել միայն իր երազանքները. այնտեղ միայն նա ինքն է ու իր իղձերը, ցանկությունները. նա երևի գոհ է: Մյուս մոլորակում տեղ են գտել նաև իր ընկերները, հարազատները, մտերիմները: Երևի նա նույնպես երջանիկ է: Մեկ ուրիշի մոլորակում ոչինչ չկա… Անգամ ինքը չկա… Անհույս է… Չունի ոչ մի երազանք. չի հավատում իր ուժերին, կարողություններին և ժամանակից շուտ հիասթափվում է. նա երջանիկ չէ հաստատ: Նրան օգնել միայն ինքն է կարող:

Իմ մոլորակը կանվանեմ «Գրքերի մոլորակ»: Հնարավոր է՝ դու չկարողանաս վստահել մարդկանց, թույլ չտաս մուտք գործել քո մոլորակ, բայց գրքերին թույլ չտալ չես կարող: Ինչպես ասել է Կարլեյլը. «Գիրքը մարդկային հոգու ամենամաքուր էությունն է»: Իմ մոլորակում գերիշխում են գրքերը. պատճառն այն է, որ հայրիկիս զինվորական մասնագիտության պատճառով հաճախ ենք տեղափոխվում, իսկ երբ ցանկանում եմ մարդկանց ընդունել իմ մոլորակ, գնալու ժամանակն է գալիս, իսկ կապը կամաց-կամաց թուլանում է: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդիկ քո մոլորակում էլ տեղ չունեն…

Այլ է գրքերի պարագայում. նրանք միշտ քեզ հետ են, դառնում են ուղեցույց բարդ իրավիճակներում, իսկ ընթերցանությունը ամենահաճելի զբաղմունքներից մեկն է: Ինչպես ասել է Ջոզեֆ Ադիսոնը. «Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի»: Այո՛, կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Կան գրքեր, որոնք հուզում են քեզ, կան գրքեր որոնք մոտիվացնում են, մղում ինչ-որ քայլի, և, իհարկե, կան գրքեր, որոնք փոխում են աշխարհին ուղղված քո հայացքը: Այդպիսի գրքեր շատ կան, բայց ես կառանձնացնեմ դրանցից երկուսը, որոնք թեև իրարից տարբեր են, սակայն նրանց մեջ կան նաև նմանություններ: Առաջին գիրքը, որը փոխեց ինձ, իմ աշխարհայացքը, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունն էր: Վստահ լինելով, որ շատերը կանդրադառնան այս հիասքանչ վեպին՝ ես նույնպես ցանկանում եմ իմ զգացողություններն ու հույզերն արտահայտել: Վեպը մի տղայի մասին է, որը եկել էր № 612 մոլորակից՝ ուսումնասիրելու աշխարհը՝ հեռանալով իր ծաղկից, ում համար պատասխանատու էր: Նա գիտակցում էր այն ամենը, ինչ մեծահասակները չեն հասկանում իրենց ողջ կյանքի ընթացքում: Իսկ գիտե՞ք ինչու. որովհետև նրանք մոռացել են, որ մի ժամանակ մանուկ են եղել, և խլացրել են իրենց հոգիներում ապրող մանուկին: Մոռացել են, թե մանուկ ժամանակ որքա՜ն հետաքրքիր մտքեր, գաղափարներ ու երազանքներ են ունեցել: Բայց… Ա՜խ, այդ բայց-ը: Այդ բայց-ը հասարակությունն է, որ չի ոգևորում երեխաներին, չի հասկանում նրանց աշխարհը՝ հիասթափեցնելով նրանց: Հիասթափեցնում են, իսկ ոմանք, վստահելով հասարակությանը, փոխում են իրենց երազած ուղին` փշրելով երազանքները, ինչպես արեց այս ստեղծագործության հեղինակը: Իրոք, տարօրինակ մարդիկ են մեծահասակները, բայց չէ՞ որ տարիքով չի որոշվում՝ դու մեծահասա՞կ ես, թե՞ ոչ: Դու կարող ես լինել տարեց, բայց ոչ մեծահասակ: Իսկ եթե հեղինակը չկոտրվե՞ր, ի՞նչ կլիներ. նա չէր տեսնի Փոքրիկ իշխանին, ով թեև հոգնել էր, բայց սիրում էր իր վարդին` իր միակին: Նա անհանգստանում էր, բայց չէր ուզում հեռանալ. չէ՞ որ այստեղ նա մի աղվես ուներ, ում ընտելացրել էր, ում չէր ուզում թողնել, բայց… Էլի այդ բայց-ը: Նա, այս մոլորակից բացի, եղել էր նաև վեց այլ մոլորակներում. նրանցում բնակվողներից ոչ մեկը երջանիկ չէր… Իսկ գիտե՞ք ինչու. նրանք չէին սիրում, չէին պաշտպանում ոչ ոքի… Այնտեղ մեկն իշխում էր, մյուսը՝ հիանում իրենով, մեկը՝ հարբում ամոթից, մյուսը իր կյանքն էր վատնում հարստանալու համար: Բայց չէ՞ որ կյանքում կան ուրիշ արժեքներ, բացի իշխելուց, տիրելուց կամ հարստանալու մոլուցքից. օրինակ՝ սիրել մեկին, հոգ տանել նրա համար, անհանգստանալ և, ի վերջո, պատասխանատու լինել նրա համար, փոքրիկ իշխանը երկընտրանքի առաջ էր կանգնել. իսկ աղվե՞սը… Չէ որ ինքն ընտելացվել էր ու նրա համար ցավոտ էր լինելու: «Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս», սակայն միայնակ մարդիկ երբեք էլ երջանիկ չեն: Իսկ ծաղի՞կը, որն անպաշտպան էր և ուներ ընդամենը չորս փուշ. նա Փոքրիկ իշխանի կարիքն ուներ: Ամենահուզիչն ու ուսանելին այս ստեղծագործության մեջ հավատարմությունն է, որն էլ Փոքրիկ իշխանին տարավ դեպի իր ծաղիկը: Իսկ հեղինա՞կը՝ Փոքրիկ իշխանի ընկերը… Նույնիսկ նա Փոքրիկ իշխանին հետ չպահեց իր ծաղկի մոտ գնալու ցանկությունից: Եվ նա գնաց… Անսաց իր սրտի ձայնին: Ինչպես ասել է Վարդգես Պետրոսյանը իր «Ապրած և չապրած տարիներ» գրքում. «Երբեք մութ չի լինում: Մութը հնարում են մարդիկ: Մարդիկ՝ իրենց թուլությունը, հանցանքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա…» Այո՛, մութ գոյություն չունի, բայց գիտե՞ք՝ որն է մթության և լույսի, գիշերվա և ցերեկվա տարբերությունը. երբ գիշեր է, երևում են անթիվ աստղեր, և որոնցից մեկում ապրում և ծիծաղում է նա` Փոքրիկ իշխանը… Եվ եթե զբաղված չեք, հենց այս գիշեր բացե՛ք ձեր պատուհանները և լսե՛ք. նա իսկապես այնտեղ ծիծաղում է…

 Երկրորդ գիրքը, որ նույնպես մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի վրա, Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունն է: Վիպակը Լևոնի մասին է, ով թեև ապրում է, սակայն դա «ապրած տարիների» հաշվին չի կարող դասվել: Լևոնը լրագրող է, որը գնում է գյուղ՝ ակնարկ պատրաստելու: Իսկ եթե չգնա՞ր, ի՞նչ կլիներ իր կյանքի հետ: Ակնարկի թեման ինքնասպանությունն էր, դեռահասների ինքնասպանությունը: Նրանք երևի «մեղավոր» էին, որովհետև սիրահարվել էին: Ո՛չ, մեղավորը հասարակությունն էր, մեծահասակները, որոնք ամեն բան պերճացնելու հետևանքով դրդեցին դեռահասներին՝ Սերոբին և Հասմիկին, ինքնասպանության: Վիպակում խոսվում էր Լևոնի և իր մտերիմների ապրած և չապրած տարիների մասին: Իսկ ի՞նչ է նշանակում «ապրած տարիներ»: Եթե մենք ուտում ենք, խմում, շփվում, խոսում, ուրեմն ապրո՞ւմ ենք: Բայց մի՞թե դա է ապրելը: Հապա ո՞րն է ապրելը, կամ ինչպե՞ս ապրել: Դա դեռ չգիտենք. դպրոցում չեն սովորեցնում: Լևոնի եղբայրը՝ Վահրամը, մահացավ: Նա մահացավ, իսկ Լևոնը սկսեց տանջվել, ափսոսալ, թե ինչու շատ ժամանակ անց չի կացրել եղբոր հետ: «Ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները»: Այո՛: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պետք է շարունակենք ապրել: Իսկ Սերոբն ու Հասմի՞կը: Նրանց արարքը ճի՞շտ կդիտվի արդյոք, թե՞… Ո՛չ… Դիտվեց հոգեկան թուլություն… Ինչևէ, նրանց որոշ ժամանակ անց կմոռանան, իսկ նրանք ընդմիշտ կմնան տասնյոթ տարեկան և միասին: «Սուտ է, աշխարհում ոչ մեկից և ոչ մի բանի մասին հետք չի մնում. ո՛չ ուրիշների հիշողության մեջ, ո՛չ ավազի վրա, ո՛չ ժամանակի ծալքերում»: Այո՛, նույնիսկ ամենամտերիմ մարդու հիշողությունից դու դուրս կգաս, և նա կմոռանա քեզ: Քեզ կմոռանան բոլորը, բացի նրանից, ում դու «ընտելացրել» ես, և ով քեզ է «ընտելացրել»… Իսկ քեզ մնում են միայն ապրած տարիները, ուրիշ ոչինչ…

 Ապրի՛ր այնպես, որ հետո չզղջաս քո ժամանակը անիմաստ վատնելու համար: Ապրի՛ր. կյանքը հիասքանչ է…

Հավանեցի՞ր. տարածիր