Ո՞րն է իմ ճանապարհն այս կյանքում

Անի Միքայելյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

7-րդ դասարան

Լինում է, չի լինում․այսպես են սկսվում աշխարհի հեքիաթները։ Եվ այդ հեքիաթներում անպայման լինում է մի հերոս, որն ամենախենթն է, ամենաբարին, ամենամիամիտը, այնքան միամիտ, որ հավատում է իր բաժին բախտին և անպայման ճանապարհ է ընկնում՝ նվաճելու ճակատագրով իրեն վերապահված երջանկությունը՝ հաղթահարելով բազում փորձություններ։ Մեր այդ հերոսը մի օր էլ հասնում է մի ճամփաբաժանի, իսկ հենց այդտեղ միշտ նստած է լինում սպիտակամորուս խորագետ մի ծերունի՝ խոր ակոսները ճակատին։ Երեք ճանապարհ՝ երեք ընտրություն։ Մեր հերոսի ընտրած ճանապարհը խոչընդոտներով ու տառապանքով լի է լինում, բայց, ինչ արած, միայն այդպես է նվաճվում բաղձալին, միայն այդպես են արժանանում երկնքից ընկած երեք խնձորին։

Ես հեքիաթի հերոսուհի չեմ, սովորական աշակերտուհի եմ։ Բայց հիմա էլ ես եմ ընտրության առաջ․ո՞ւր ուղղեմ քայլերս, կյանքի ի՞նչ ընթացք ընտրեմ, որ իմ առջև բացվեն բոլոր հնարավորությունները, որ իմ ընտրած մասնագիտությամբ երջանիկ լինեմ և կարողանամ երջանկացնել նաև մյուսներին։

Մտքերի մեջ խորասուզված՝ քայում եմ ու չեմ էլ նկատում, որ հասել եմ մի ճամփաբաժանի, իսկ այդ պահին, չգիտես որտեղից, հանկարծ կողքիս է հայտնվում սպիտակամորուս մի ծերունի՝ ճիշտ և ճիշտ հեքիաթում հանդիպածի պես։ Նա ուշադիր նայում է իմ աչքերին երկար-երկար, իսկ հետո խորհրդավոր ասում․

 – Վաղուց այստեղով ոչ ոք չէր անցել. մարդիկ երևի հեքիաթներ այլևս չեն կարդում։ Ասա՛ ինձ` ո՞վ ես դու: Շատերին եմ օգնել, որ ճիշտ ճանապարհ ընտրեն. քեզ էլ կօգնեմ։

 «Ի՜նչ զարմանալի ծերուկ է,- մտածում եմ ես,- տեսնես քանի՞ տարեկան կլինի՝ ութսո՞ւն, իննսո՞ւն, հաստատ հարյուրից ավելի։ Եվ ինչքա՜ն բարի ու խելացի աչքեր ունի»։ Նստում ենք հենց ճամփեզրի քարերին։ Երկար լռում եմ, ինչպես կլռեի ճանապարհ ընկնելուց առաջ։ Ապա երազող աչքերով նայում եմ կապո՜ւյտ-կապույտ երկնքին և ասում․

-Իմ մասի՞ն։ Պատմեմ, ինչո՞ւ ոչ։

 Ես Անին եմ՝ ամենասովորական մի աղջիկ։ Ծնվել եմ ամենասովորական մի ընտանիքում, չէ՛, չէ՛, այդ ուրիշներին է թվում սովորական. իրականում հայրս ու մայրս աշխարհի ամենագեղեցիկ, ամենահամերաշխ, ամենահրաշալի ծնողներն են, իսկ քույրիկս իմ ամենալավ ընկերուհին է եղել միշտ, նրա հետ երբեք հնարավոր չէ ձանձրանալ։ Տան պատերի ներսում ամեն ինչ արվել է, որ միշտ ուրախ լինեմ, չմտահոգվեմ ոչ մի խնդրով, որ կյանքը բացվի իր բոլոր հրաշքներով։ Ինձ լավ երես էին տալիս, իմ ամեն մի ցանկություն՝ մեծ թե փոքր, իրականություն էին դարձնում։ Յուրաքանչյուր տարեդարձիս պարզապես ողողում էին ինձ նվերներով, իմ սենյակը շողշողում էր փուչիկների, տեսակ-տեսակ խաղալիքների զվարթ գույներով։

 Ծերունին ուշադիր նայում է իմ դեմքին (երևի այդ պահին իմ՝ ոգևորությունից կարմրած դեմքով և վառվող աչքերով ծիծաղելի տեսք ունեի) ու ոչինչ չի խոսում։ Մի պահ ես էլ եմ լռում. պետք էր շունչ քաշել, մտքերս հավաքել՝ ամենակարևորը բաց չթողնելու համար։

– Այդպես անհոգ մեծացա, հետո բոլորի նման դպրոց գնացի։ Ինձ հետ սովորող շատ երեխաների աչքերում հաճախ անբացատրելի, մինչ այդ ինձ անծանոթ տխրություն էի տեսնում։ Ինչքան էլ ծնողներս փորձում էին ինձ հեռու պահել կյանքի անարդարություններից, կեղծիքից, գորշությունից, միևնույն է, իմ ընկերների աչքերում ծվարած այդ տխրությունից աշխարհի վառ գույները մի փոքր խամրեցին։ Լավ էր գոնե, որ անհոգ կյանքը իմ մեջ չէր բթացրել ուրիշների ցավը զգալու, հասկանալու, ուրիշների համար մտահոգվելու մարդկային պարզ զգացումները։ Չես հավատա, բարի՛ ծերունի, բայց ես մի օր, նայելով հայելու մեջ, ամաչեցի ինքս ինձնից, ամաչեցի, որ ես այդքան երես առած եմ, որ ամեն ինչ ունեմ, որ հագնում եմ ամենաշքեղը, ամենագեղեցիկը, որ ուզածս պահին կարող եմ գնել սրտիս կամեցածը։ Սակայն կողքիս կան երեխաներ, որոնք զրկված են նույնիսկ ամենաանհրաժեշտից, ամենակարևորից։

 Ես լռեցի։ Ծերունին ոչինչ չէր խոսում, նրա աչքերում այնքա՜ն խաղաղություն կար, այնքա՜ն պարզություն, որ ավելի վստահ շարունակեցի իմ պատմությունը․

– Որքա~ն կցանկանայի, որ կյանքում էլ, ինչպես իմ կարդացած հեքիաթներում, բարին միշտ հաղթեր չարին, որ ամենուրեք արդարությունն ու արդարադատությունը իշխեին, որ մարդիկ այդքան չհիասթափվեին, չթշնամանային իրար հետ, չչարանային և չկորցնեին հավատը։ Ավելի շատ կառուցեին, քան թե քանդեին, իրար օգնեին, ոչ թե խանգարեին։ «Չէ, մի բան հաստատ խախտվել է այս աշխարհում», – մտածեցի ես ու ես ընտրեցի այնպիսի մասնագիտություն, որի օգնությամբ աշխարհն ավելի ազնիվ, մաքուր կդարձնեմ, կօգնեմ մարդկանց վերագտնել հավատը արդարության, բարու հաղթանակի հանդեպ։ Գիտեմ՝ նախ անհրաժեշտ է լավ սովորել դպրոցում, շատ կարդալ, գիտելիք ձեռք բերել։ Իսկ դպրոցից հետո՝ դեպի իմ երազանքների բուհը՝ ԵՊՀ՝ իրավագիտության ֆակուլտետ։ Գիտեմ՝ այստեղ ընդունվելու համար մրցելու եմ շատ խելացի ու պատրաստված երեխաների հետ, գիտեմ՝ դժվար է լինելու։ Բայց վստահ եմ՝ իմ լուսավոր ու գեղեցիկ երազանքները, աշխարհը ավելի մաքուր ու կատարյալ դարձնելու իմ անհաղթահարելի ցանկությունը ինձ ուժ են տալու։

 Վերջապես ծերունին խոսեց․

– Գավառցի ամենասովորական և շատ անսովո՛ր, խելացի և խե՛նթ աղջիկ, դու արդեն ընտրե՛լ ես քո ճանապարհը։ Դու արդեն գիտե՛ս ամենագլխավորը․երջանիկ է նա, ով կարողանում է երջանկացնել մյուսներին։ Ասեմ, որ շատ փորձություններ ես հաղթահարելու, մութ ու լույս շատ աշխարհներ ես ընկնելու։ Գնա՛ քո երազանքների հետևից և վերադարձի՛ր ավելի ուժեղ դարձած։ Օրհնում եմ քո ճանապարհը։ Բայց հիշիր՝ այն պահին, երբ ի հատուցումն քո տառապանքների և ի նշան բարի ավարտի՝ երկնքից երեք կարմրաթուշ, հյութեղ ու ախորժելի խնձոր ընկնի, մեկն անպայման ինձ համար կպահես։ Չմոռանա՛ս, հա՜…

Հավանեցի՞ր. տարածիր