Ցորենը

Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հեկտար տարածք, որից 1 միլիարդը մարդն այսօր օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Նա մշակում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց մեծ մասը հացահատիկային են։

Ցորենը հացազգիների ընտանիքին պատկանող բույս է, ունի ավելի քան 25 տարատեսակ՝ վայրի և մշակովի։ Այդ տեսակներից շատերի հայրենիքը Հայաստանն է, օրինակ՝ վայրի ուրարտական ցորենի, արարատյանի (վերջինս աճում և պահպանվում է «Էրեբունի» արգելոցում՝ Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում)։

Դեռևս 2500 տարի առաջ Արարատյան դաշտում մշակվել է միահատիկ ցորենը։ Զարմացա՞ք․․․ Այո, այդպիսի տեսակ էլ կա։

Ցորենի սերմերն սկսում են բուսնել 1-2 °C ջերմաստիճանի պայմաններում, սակայն նրանց համար լավագույն ջերմաստիճանը 12-15 °C-ն է։ Ձյան ոչ բարակ շերտի տակ աշնանացան ցորենը դիմանում է մինչև -20 °C ցրտին, իսկ երբ դաշտերին կես մետր բարձրության ձյուն է իջնում, ցորենը դիմանում է մինչև -40 °C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13 °C-ին, սակայն հատիկալիցքի փուլում չնչին ցուրտն էլ բավական է, որպեսզի բույսը վնասվի։

Ցորենը սննդարար է, ունի բարձր կալորիականություն, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր, վիտամիններ, ֆերմենտներ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում, հանքային նյութեր։ Այն նաև կարևոր պարենային նշանակություն ունի։

Ցորենի մշակությունը, ի տարբերություն բանջարաբոստանային կուլտուրաների, համեմատաբար հեշտ է և պակաս ծախսատար, ինչն էական նշանակություն ունի գյուղացու համար։ Ցորենը միայն որոշակի խոնավություն ու պարարտանյութեր է պահանջում․ մշակության ողջ ընթացքում մի քանի անգամ միայն ջրում ես, տալիս անհրաժեշտ պարարտանյութերը և մեկ էլ բերքահավաքի ժամանակ կոբայն ու բեռնատար ես վարձում՝ բարիքը քաղելու և տեղափոխելու համար։ Մինչդեռ այլ բույսերի մշակության ժամանակ գյուղացիները գրեթե օրնիբուն դաշտերում են․ հաճախակի ջրտուք, դեղանյութերի օգտագործում հազարումի վնասատուի, ամենատարբեր հիվանդությունների դեմ, հողատարածքի հսկում և այլն, և այլն։

Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, սոսինձ։ Իսկ ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև որպես թղթի հումք։

Հավանեցի՞ր. տարածիր