Կիրիլլ Խաչատրյան
Ա. Չեխովի անվան համար 55 դպրոց
5-րդ դասարան
Ես Կիրիլլն եմ Խաչատրյան: Սովորում եմ Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Դեռ մանկուց շատ եմ սիրել գրքեր ընթերցել և կարծիք կազմել ցանկացած ստեղծագործության վերաբերյալ: Մինչև հիմա կարդացել եմ ռուսական գրականություն, նույնիսկ կարդացածս հեքիաթներն են եղել ռուսերեն: Այսօր ես անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ հեքիաթների այդ գրքերը հայերենով կարդացած իմ առաջին ամբողջական գրքերն են: Այո՛, ամեն ինչ ունի սկիզբ, և ես հիմա մեծ ցանկություն ունեմ կարդալու մեր՝ հայ գրողների ստեղծագործությունները:
Բազմաթիվ կարևոր գաղափարներ ու մտքեր, որ ստացել եմ կարդալու ընթացքում, այս անգամ յուրովի տպավորվեցին իմ մեջ: Հեքիաթների գրքերը կարդալիս ես վերլուծում էի յուրաքանչյուրի ճանաչողական, խրատական և դաստիարակչական դերը, կարելի է ասել՝ որոշ չափով նույնիսկ ինքս ինձ վերադաստիարակեցի: Այդպիսի հեքիաթներից կցանկանամ առանձնացնել «Յոթ կղզիների առասպելը»: Այստեղ ես հասկացա, որ շատ հաճախ ծնողական անձնուրաց սերը կարող է երեխաներին դարձնել ծույլ, անսիրտ, անհոգի ու կամակոր, նույնիսկ հենց իրենց նկատմամբ: Իսկ վաստակած «Մեկ ռուբլիին» հեքիաթում, ընդհակառակը, հոր ճիշտ դաստիարակությունը որդուն ստիպեց աշխատասեր ու ազնիվ լինել և կարողանալ գնահատել վաստակը:
Հեքիաթներ կարդալիս ես սովորաբար ամեն անգամ սպասում էի, որ բարին կհաղթի չարին, սակայն այս անգամ, հատկապես ժողովրդական հեքիաթներում, ես փնտրում էի գեղեցիկ արտահայտություններ, իմաստալից ու խրատական խոսքեր: Իմ կարծիքով` այս հեքիաթներում արտացոլված են մարդկային ձգտումները, ժողովրդի արդար աշխատանքի արդյունքը և ազնվությամբ խնամված նվիրվածությունը:
Գիտեմ, որ այն, ինչն անհնար է եղել կյանքում, մարդիկ իրական են դարձրել հեքիաթներում՝ տարբեր երևույթների, մարդկանց և նույնիսկ կենդանիների օգնությամբ: Սակայն այս անգամ ինձ համար կարևոր էր տեսնել մարդկային ազնիվ արարքների, անձնազոհության, իմաստության և հավատարիմ լինելու կարևորությունները, գիտակցել չարիքի հետևանքները: Նույնիսկ զվարճալի հեքիաթներում ակնհայտ են հիմարների անմեղ, անգիտակից արարքների ու գիտակից հիմարությունների հետևանքներն ու խորհուրդները, իսկ ուսուցողական հեքիաթներում ամեն մի արտահայտություն ու գործողություն ընդունեցի որպես իմ հետագա կյանքի, արարքների, ճիշտ և գիտակից որոշումներ կայացնելու, մտածված ու հավասարակշիռ քայլեր կատարելու, գրագետ ու խելամիտ մարդ դառնալու ուղենիշ:
Վստահ կարող եմ ասել, որ հեքիաթ կարդալն ու առհասարակ ընթերցանությունը շատ կարևոր են դաստիարակության, կրթության և զարգացման համար:
Խորհուրդ եմ տալիս ընկերներիս շատ գրքեր կարդալ, որպեսզի միասին կարողանանք մեր լավագույն, մաքուր, ազնիվ և կարևոր ազգային արժեքները ամուր պահել և սերնդեսերունդ փոխանցել: