Դեռահաս դստեր հետ շփվելու 3 խորհուրդ

Դեռահասությունը դժվարին շրջան է: Իսկ առավել դժվար է այն ծնողների համար, որոնց զավակները հաճախ են վիրավորվում, չեն լսում մեծերին և թաքցնում են իրենց ապրումները: Նման դեպքերում ծնողներից ոմանք ընտրում են խստությունը՝ պատժելով երեխային ամեն մի արարքի համար: Իսկ ոմանք էլ փորձում են հասնել երեխայի վստահությանը և դառնալ նրա լավագույն ընկերը՝ ներելով բազում սխալներ: Սակայն ինչպես միշտ, պետք է գտնել ոսկե միջինը: Գործնականում դա անելը հեշտ չէ:

Դեռահաս դստեր հետ լավ հարաբերություններ կառուցելու համար մայրիկին կարող է օգնել երեք պարզ խորհուրդ:

1. Պարզե՛ք՝ ինչ հետաքրքրություններ ունի ձեր աղջիկը:

Դեռահասի հետաքրքրությունները ձեզ կարող են անլուրջ թվալ, բայց դրանց պետք է հարգանքով վերաբերվել: Հարցրե՛ք՝ ինչպիսի գրքեր և ֆիլմեր է նա սիրում: Դա լավ առիթ է զրույցների համար և կօգնի հասկանալ՝ ինչն է անհանգստացնում ձեր աղջկան: Հիշե՛ք նրա ընկերների անունները և ժամանակ առ ժամանակ հարցրեք նրանց որպիսությունը: Աղջիկը կգնահատի հետաքրքրությունն իր համար կարևորի հանդեպ:

2. Կիսե՛ք ձեր փորձը:

Դեռահասները հաճախ կարծում են, թե ամեն բանից հասկանում են և միշտ կարող են կայացնել ճիշտ որոշումներ: Ուստի մեծերի խորհուրդները նրանց հետաքրքիր չեն: Ձեր կարծիքը կտրուկ արտահայտելով՝ կարող եք բախվել կոպիտ արձագանքի: Ավելի լավ է՝ առանց խրատներ պարտադրելու ներկայացնել համապատասխան պատմություն ձեր պատանեկությունից: Վստահաբար, այդ տարիքում դուք էլ առնչվել եք ճիշտ այնպիսի խնդիրների, որոնց դեմ այժմ պայքարում է ձեր դուստրը: Ձեր պատմությունը կօգնի նրան հաշվի առնել ծնողի սխալները և ամեն ինչ ավելի լավ հասկանալ:

3. Միասին ժամանակ անց կացրեք:

Դեռահասները ցանկանում են ինքնուրույն լինել և չեն խոստովանում, որ դեռևս ծնողական խնամքի կարիք ունեն: Կատարե՛ք առաջին քայլը. առաջարկեք ձեր աղջկան, օրինակ, երեկոյան ժամերին միասին զբոսանքի հանել շանը: Նույնիսկ նման փոքրիկ ժեստը նրա համար շատ բան արժե: Սակայն համբերատարությամբ վերաբերվեք հնարավոր մերժումներին: Միանգամից մի՛ ստիպեք նրան. դա աղջիկը կընկալի ոչ որպես հոգատարություն, այլ իբրև միջամտություն իր անձնական կյանքին:

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Հավանեցի՞ր. տարածիր