«Շնչե՛լ, արտաշնչե՛լ, արտաշնչե՛լ,- լսում եմ մարմնամարզության ուսուցչի հրահանգը։- Որպեսզի կարողանաք լիաթոք շնչել, պետք է լավ արտաշնչեք։ Սովորեք նախ արտաշնչել, ազատավել արդեն «օգտագործված» օդից»։
Կյանքը նախ և առաջ շնչառություն է։ Եվ ինչպես ֆիզիկական միջավայրն է երբեմն հեղձուցիչ լինում, այնպես էլ բարոյականը։ Արտաշնչել, բաց թողնել չնչին հոգսերը, կենցաղի ողջ ունայնությունը, թոթափել այն ամենը, ինչը խճճում է միտքը, ճնշում հոգին, թույլ չի տալիս մեզ «շնչելու» իրական կյանքը, տեսնելու նրա արժեքներն ու գեղեցկությունը։
Մարդը միշտ պիտի խորհի ամենակարևորի մասին՝ ազատագրվելով բոլոր դատարկ մտահոգություններից։
Պետք է բաց լինել ուրիշների հանդեպ, համբերատար, ներողամիտ, նրանց մեջ նախ լավը փնտրել։
Հարկավոր է գեղեցիկը նկատել նաև բնության մեջ, գյուղում, քաղաքում, փողոցում։ Դա նշանակում է տեսնել մանրուքներից անդին, ընդլայնել կյանքի տիրույթը, որում ապրում ես։
Երկար էի փնտրում այդ բառը՝ տիրույթ։ Սկզբում գրել էի «ընդլայնել կյանքի սահմանները», բայց կյանքը սահմաններ չունի, ինչ-որ տարածք չէ՝ եզրագծված ցանկապատով։ Կյանքում պետք է կարողանալ զգալ, նկատել այն, ինչ մեր ֆիզիկական տեսադաշտից դուրս է, այսինքն՝ անհրաժեշտ է «կանխազգալ» նորը, որ բացվում է կամ գուցե բացվի մեր առջև։
Մոլորակի վրա ամենաանգին բանը կյանքն է՝ քոնը, ուրիշներինը, կենդանական ու բուսական աշխարհինը, մշակույթներինը: Կյանքն իր ողջ տևողության մեջ՝ անցյալով, ներկայով ու գալիքով։ Իսկ այն անսահմանորեն խորն է։ Մենք անդադար բացահայտում ենք մի նոր բան, որը նախկինում չենք նկատել, և որը ցնցում է իր գեղեցկությամբ, անսպասելի իմաստությամբ, անկրկնելիությամբ։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»