Դարերի ընթացքում մարդիկ մշտապես կարիք են ունեցել պահպանելու իրենց կուտակած փորձը՝ փոխանցելու համար այն ինչպես իրենց ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին։ Գիրք ստեղծելու միտքն այդպես է ծնվել։
Շա՜տ հնում որպես «գիրք» օգտագործում էին ժայռերի որմերը, քարերը, կավե սալիկները, ծառի կեղևը, մետաղաթիթեղները, մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա կարելի էր հիշատակություն, տեղեկատվություն թողնել։ Հին Եգիպտոսում, սակայն, որ ժամանակի զարգացած երկրներից էր, օգտագործում էին պապիրուսը՝ թղթի հատուկ տեսակ, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից։
Հռոմեական «գիրքը» երկա՜ր գալար էր, որը փաթաթվում էր փայտե ձողին։ Այնուհետև գալարներին փոխարինում են մերօրյա գրքերին նմանվող կրիչները՝ պատրաստված արդեն ոչ թե պապիրուսից, որ շատ թանկ էր, այլ նոր հայտնագործված մագաղաթից։ Նրա երկու երեսին էլ կարելի էր գրել, իսկ էջերը հնարավոր էր կարել միմյանց, ինչն ընթերցանության համար շատ ավելի հարմար էր։ Բացի այդ՝ մագաղաթը ավելի ամուր էր, քան պապիրուսը, որն իր նրբության պատճառով հաճախ էր պատռվում։
Երբ 11-12-րդ դարերում Եվրոպա է հասնում թուղթը (դեռևս Ք․ ա․ 2-րդ դարում այն հնարել էին Չինաստանում՝ կտորից), գրքերն աստիճանաբար դառնում են էժան և մատչելի։ 15-րդ դարում Յոհան Գուտենբերգը ստեղծում է առաջին տպագրական սարքը և բազմակի անգամ դյուրացնում գրքի արտադրությունն ու տարածումը։ Սակայն պետք է խոստովանել, որ մինչև 16-րդ դարը թուղթը և մագաղաթը Եվրոպայում արտադրվում էին զուգահեռաբար։ Քանի որ մագաղաթը ավելի դիմացկուն էր և ամուր, սակայն ավելի թանկ արժեր, ուստի նրանով գրվում էին առավել արժեքավոր գրքերը՝ պալատներում, գրադարաններում, եկեղեցիներում պահելու համար։ Բայց հաճախ նաև միևնույն աշխատությունը տպագրվում էր երկու եղանակով էլ՝ բավարարելով տարբեր խավերի պահանջները։
Հետագա դարերում տպագրական սարքերը կատարելագործվեցին, գրքերի տպագրություն էլ աստիճանաբար ընդլայնվե՜ց ու ընդլայնվեց։ Ասում են՝ այսօր աշխարհում գոյություն ունի մոտ 130 միլիոն անուն գիրք․․․ Տեսնես ի՜նչ են այդքան գրում մարդիկ․ բոլորը կարդալ չես կարող ու երևի թե հարկ էլ չկա, բայց բազում գրքեր կան, որոնց դերն անգնահատելի է մարդու կյանքում՝ լինեն դրանք մասնագիտական թե գեղարվեստական։