Աշոտն ունեցավ երեք որդի…

Անանուն Զրուցագրի պատմությունից (10-րդ դար)

Եվ Աշոտն ունեցավ երեք որդի և ավագին կոչեց Գրիգոր Դերեն, մյուսին՝ Գագիկ, երրորդին՝ Համազասպ։ Եվ Վասպուրական երկիրը երեք եղբայրները բաժանեցին….

Գրիգոր Դերենը առատաձեռն էր ու զվարթ, նրա նման մարդ չկար աշխարհում՝ ո՛չ մեծերի, ո՛չ փոքրերի մեջ: Նա Գնունյաց տնից մի ծառա ուներ, որի անունը Գորգ Զաֆրան էր: Դերենը Վանի արքունիքից ճաշի ժամին իջնում էր հրապարակը և այնտեղ սեղան նստում ու անցնող ճանապարհորդներին ու տեղացիներին կանչել էր տալիս, նստեցնում, ուտում-ըմպում նրանց հետ։

Եվ նա սկսեց աղքատանալ, իսկ եղբայրները ծաղրում էին, որ պակասեց նրա ունեցվածքը, որ հայրերն էին հավաքել, նույնպես և նախիրներն ու հոտերը։ Այնուհետև սկսեց ունեցած հողերը վաճառել իր եղբայրներին, բերդերի և ամրոցների գինն առնել և շռայլել [կարիքավորներին]։ Նա իր սովորույթը չթողեց, և հերթը հասավ իր քաղաքին, որ կոչվում էր Վան։

Ու մի օր եկավ նրա Գագիկ եղբայրը, գանձեր ու պայծառ հանդերձներ, ձիեր, ջորիներ տվեց և գնեց Վան քաղաքը և նրա ապարանքներից մեկն էլ չթողեց, որ բնակվեր այնտեղ Դերենը։

Դերենը ունեզրկվեց, և ոչինչ չմնաց նրան` բացի երկու ձիուց. մեկը իր, մյուսը` Զաֆրանինը` ծառայինը։

….. Մինչ նրանք այդ մասին էին մտածում, ճանապարհից մի մարդ է գալիս, տեսնելով մոմի լույսերը, գալիս նստում է վրանի դռանը. Դերենը նրան ասում է.

– Ո՞վ ես և ինչո՞ւ ես եկել։

Եվ նա չէր կարողանում խոսել, որովհետև արաբ էր։

Զաֆրանը գնաց բռնեց ու բերեց նրան Դերենի վրանը։ Եվ Դերենը խոսեց նրա հետ արաբերեն, որովհետև սովորել էր այդ լեզուն, և ասաց.

– Որտեղի՞ց ես գալիս։

– Գալիս եմ Ասորեստանից և չեմ կարող խոսել, քանի որ շատ տեղերից խոցված եմ, եթե ճար կա՝ սպեղանի դրեք խոցերիս։

Այնժամ Դերենը բացեց նրա գլխի վերքն ու ձեռքը և դեղ դրեց խոցերին՝ հմուտ լինելով բժշկական արվեստին, և այլևս հարցուփորձ չարեց հյուրին։

…..Երբ առավոտը բացվեց, վեր կենալով օտարականն ասաց.

– Ո՛վ բարի մարդ, դու այնքան բարեխոհ ես, որ չեմ տեսես [քեզ նման] մեկ ուրիշին մարդկանց մեջ։ Դու չհարցրիր, թե որտեղից եմ գալիս, ուր եմ գնում։ Ես,- ասում է, – բաբելացոց արքան եմ։ Մեր Բաղդադ քաղաքը Արևմուտքից եկան այլազգիները, և ես պատերազմի ելա նրանց դեմ, իմ զորքերն ինձ դավաճանեցին ու նենգեցին, և ես այստեղ եկա հալածական, որովհետև հնար չունեի գնալու Բաղդադ։ …Ես դիմեցի Դերեն իշխանի մոտ. ասում են՝ նա է այս քաղաքի տերը։ Երբ ես իմ քաղաքում էի, պատմում էին ծառաներս նրա առատաձեռնության մասին, ուստի ես նրա մոտ եկա, միգուցե ինձ ձի և մարդիկ տա և ճանապարհի Արևելք, որ գնամ իմ փեսայի մոտ, նրանից զորք ու գանձեր վերցնեմ, երթամ պատերազմեմ թշնամիներիս դեմ, ազատեմ իմ Բաղդադ քաղաքը: Եվ քեզ աղաչում եմ, ո՛վ բարի մարդ, տար ինձ Դերենի առաջ, որ հոգա իմ ճանապարհի համար։ Թող քեզ բարի հայացքով նայի Աստված, որին պաշտում ես։

Դերենը նայում էր Զաֆրանին ու ծիծաղում:

….Ու Դերենը պատմեց նրան այն ամենը, որ արել էր։ Նա զարմացավ։ Եվ Դերենն ասաց.

– Ո՛վ մեծ արքա բաբելացոց, երեկ իմ ծառայի ձին վաճառեցինք ու վայելեցինք, իսկ այսօր կամենում էինք իմը վաճառել։ Արի դու նստիր իմ ձին, հագիր հանդերձս և վերցրու սուրս։

Եվ կանչեց մի մարդու, որ գիտեր Պարսկաստանի ճանապարհը և դրամով վարձատրելով, նրա հետ ուղարկեց մինչև Խորասան։

Երբ նա գնաց, Դերենն ասաց Զաֆրանին.

– Մենք չպիտի մնանք այս քաղաքում, որովհետև ծիծաղում են մեզ վրա ու ծաղրում։ Արի գնանք Ասորեստան, որ լինենք անծանոթ վայրում, կարողանանք ծառայել մեկին ու ապրել:

Նախ ելան գնացին Մոսլ քաղաքը։ Երեք հոգի նստել էին քաղաքի դարբասի մոտ, հարբած էին ու դարձյալ ըմպում էին։ Իրիկնանում էր, և Դերենը հոգնել էր ճանապարհին։ Ինքն ու Զաֆրանը եկան նստեցին նրանց մոտ։ Նրանցից մեկը հարցնում է.

– Որտեղի՞ց եք գալիս։

– Հեռավոր Հայոց աշխարհից՝ Վանից։

Եվ երբ լսեցին, ասացին.

– Ինչպե՞ս է բարիանուն իշխանը, որին Դերեն են անվանում։

– Լավ,- պատասխանում է նա։

…..Զաֆրանն ասաց.

– Սա է Դերենը։

Եվ նրան վերցնելով տարան այն տունը, ուր նրանց ճաշն էր այն օրը։ Նրանք երեք պատվական ու արժանավոր մարդիկ էին։ Նրանք սովորություն ունեին, մի օր երեքով մեկի տանն էին լինում ճաշի, հաջորդ օրը մյուսի, և ում տանը լինում էին, իր կարողության չափով ընծաներ էր տալիս նրանց։ Այսպես էր նրանց ամենօրյա սովորույթը։

…Եվ նա Զաֆրանի հետ գնաց Բաղդադ քաղաքը։ Երբ հասան Բաղդադ, մտան ներս, գնացին քաղաքի հրապարակը։ Իսկ Բաղդադի արքան, որ եկել էր Վան, այնտեղից գնացել Խորասան և բազում զորքեր վերցնելով եկել, կոտորել իր թշնամիներին, տիրացել Բաղղադ քաղաքին, ձի հեծած շրջում էր քաղաքի հրապարակում, ուրիշներն էլ պարում էին նրա առջև։

Եվ արքան տեսավ Դերենին ու Զաֆրանին, ճանաչեց, կանչեց իր ծառաներից մեկին ու ասաց.

….Եվ ինքը գնաց իր ապարանքը և տունը հարդարել տվեց և կանչեց իր մեծամեծներին և զարդարեց իր բարձրագույն գահը։ Եվ Դերենին ուղարկեց ոսկեհյուս պատվական հագուստներ և ձի՝ սարքով։ Եվ իր մեծամեծներից խնդիրք առաքեց Դերենին։ Ու երբ բերին նրան արքունիք, ելավ ինքը արքան ընդառաջ, եկավ գրկեց ու համբուրեց նրան։ Եվ ասաց իր բոլոր մեծամեծներին.

– Պատվեցե՛ք սրան։

….Եվ պատմեց այն ամենը, որ արել էր Դերենը, ու ասաց.

– Ժամանակին եթե սա չլիներ, չէի կարող ապրել. նա ինձ սատարեց, և նրա շնորհիվ ես տիրացա Բաղդադին ու համայն Բաբելոնին։ Եվ քեզ ասում եմ, Դերե՛ն, այս բաբելացիների աշխարհս և քաղաքս Բաղդադ՝ քեզ ծառա, և իմ բոլոր գանձերը, ձիերը, ջորիները և բոլոր ուղտերամակները նույնպես…. Գնա և առ քո աշխարհը, և սիրտդ իմ գավառներից որը կուզի, գրի՛ր ինձ, և ես քեզ կտամ։

Եվ նրան ճամփու դրեց մեծ պատվով։ Եվ ծառաներ տվեց, որ նրա ճանապարհի համար հոգան, մինչև Վասպուրական հասնելը։ Երբ հասան Արզուն, որ Միջագետքում է, Դերենի եղբայրներին լուր հասավ նրա այդ մեծարանքի մասին, որ արեց Բաբելոնի արքան, և շատ վախեցան։ Եվ ամրացրին Շամիրամի ամրոցները Վանում և մյուս բոլոր բերդերն ու ամրոցները։ Երկու եղբայրը՝ Գագիկն ու Համազասպը, միաբանեցին, հավաքեցին իրենց զորքերը և ուզում էին պատերազմել Դերենի դեմ….

Դերենը իր զորքի բազմությամբ գալիս հասնում է Դատվանի դաշտը և կամենում անցնել Թխաջուրը։ Գագիկն ու Համազասպը նրան ընդառաջ ուղարկեցին երեք եպիսկոպոսի, խնդրելու որ Հայոց աշխարհի վրա չբերի այլազգի զորքերի բազմությունը։ Սրանք եկան աղաչեցին Դերենին, և նա լսեց նրանց։ Եվ երդում տալով՝ իր մոտ կանչեց նա իր եղբայրներին, և նրանք վստահելով եկան Դերենի մոտ և տեսան իրենց եղբորը՝ մեծարված ամբողջ երկրից ու արքայից Բաբելոնի։

Եվ Դերենն ասաց եղբայրներին.

– Նստեցե՛ք այստեղ, մինչև կտաք ինձ բոլոր բերդերը՝ իմը և ձերը, ապա, եթե իմ սրտին հաճո լինի, ձեզ կտամ, որը կամենամ, իսկ եթե նենգություն գտնեմ ձեր մեջ, իմ ձեռքից չեք ազատվի…..

Հավանեցի՞ր. տարածիր