Վարդան Այգեկցին միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր և քարոզիչ է։ Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Գիտական գրականությանը զուգահեռ՝ նա ստեղծել է ավելի քան 30 առակ և գրականության մեջ սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Հետագայում նրա հետնորդները հարստացրել են «Վարդանյան Առականին»՝ մինչև 17-րդ դար ավելացնելով շուրջ 500 առակ։ Ահա 3 իմաստուն առակ Վարդան Այգեկցուց։
Եզն ու ձին
Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց.
– Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։
Ձին ասաց.
– Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։
Եզն ասաց.
– Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր:
Կտակ վասն գանձի
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
– Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։ Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։ Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:
Թագավորն ու ծերունին
Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
– Ով ծերունի,- ասում է թագավորը,- ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր-վաղը գնալու ես։
– Թագավո՛ր,- պատասխանում է ծերուհին,- մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
– Տվեք նրան հազար դրամ,- հրամայում է թագավորն իր ենթականերին,- որովհետև բարի ու լավախոհ մարդ է: Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
– Ինչո՞ւ գոհ եղար,- հարցնում է թագավորը։
– Որովհետև,- պատասխանում է ծերունին,- ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
– Դարձյալ տվեք նրան հազար դրամ,- հրամայում է թագավորը: Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
– Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,- հարցնում է արքան։
– Գոհ եղա, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։
Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։